Դրամաշնորհ ստացած գրողներից խլեք այդ փողերը և նրանք միանգամից կդառնան ընդդիմադիր

Դրամաշնորհ ստացած գրողներից խլեք այդ փողերը և նրանք միանգամից կդառնան ընդդիմադիր

Երևանի քաղաքապետարանը «Երևանը կանանց համար» անվանումով դրամաշնորհային ծրագիր էր ներկայացրել և օրեր առաջ հրապարակել է հաղթողների ցանկը` մի խումբ իշխանամետ գրողներ բավականին պատկառելի գումարներ են ստացել` 2,5 միլիոն, 4 միլիոն դրամ եւ այլն: Մենք զրուցեցինք բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ, թվարկեցինք ծրագրի հաղթողների անունները. «Թատերարվեստ» անվանակարգում (պիես և բեմադրություն) Անուշ Ասլիբեկյանը և Լուսինե Երնջակյանը (Թատերական նախագծի համար հատկացված գումարը՝ 4000000 ՀՀ դրամ), ինչպես նաև Կարինե Խոդիկյանը և Անի Վարդանյանը (Թատերական նախագծի համար հատկացված գումարը՝ 5100000 ՀՀ դրամ): «Գրականություն» անվանակարգում (2500000 դրամ՝ հայ անվանի կնոջ կամ կանանց մասին վեպ հեղինակելու համար)` Արփի Ոսկանյանը։ «Երաժշտարվեստ» անվանակարգում (կոմպոզիցիա՝ 4000000 ՀՀ դրամ)` Արմենուհի Կարապետյանը եւ այլն։

- Ինչպե՞ս են ընտրվել հաղթողները, Ձեր կարծիքով:

- Գետնաքարշներ են, կենսագրությունից դուրս գոյանքներ…. Իրենք էլ, իրենց կազմակերպած մրցույթներն ու մրցանակաբաշխություններն էլ: Այս իշխանությունը ժամանակավոր մի բան է, ռադ կանենք ու կանցնենք առաջ:

- Կան արվեստագետներ, ովքեր, փաստորեն, անհաղորդ են երկրում կատարվող իրադարձություններին` սոսկ ստեղծագործում են, դրամաշնորհներ ստանում:

- Հակոբ Մովսեսից սկսած` ես իմ գնահատականը տվել եմ` փալասախումբ են: Նրանք այս համակարգի շարունակությունն են, բա ի՞նչ պետք է անեն, պետք է դրամաշնորհներ ստանան: Հո մրցանակ տվողին գրական արժեքները չե՞ն հետաքրքրում, իրենց համար կարևորն այլ հարթության վրա է: Ո՞ր ոլորտն են մաքուր պահել, որ գրական ոլորտը մաքուր պահեն: Չկա նման բան:

- Իսկ գուցե ընդդիմադիր հայացքներ ունեցողները չե՞ն դիմում: Դուք, օրինակ, երբևէ դիմե՞լ եք դրամաշնորհային ծրագրով` գումար ստանալու համար:

- Եթե ներկայացել եմ ինչ-որ մրցանակաբաշխության, ապա դա ոչ մի կապ չի ունեցել այս փսլնքոտ իշխանության հետ: Նախորդ տարի ստացել եմ մի քանի մրցանակ…. Ի վերջո այն ժամանակ, երբ գրական մասը ղեկավարում էր Հրանտ Մաթևոսյանը ես մրցանակներ եմ ստացել, այնպես որ իմ կենսագրությունից դժգոհ չեմ: Ինչ վերաբերում է այս իշխանություն կոչվածի տված դրամաշնորհներին ու մրցանականերին, ապա ասեմ, որ անգամ զավակիս հետ կապված սրանց կողմից տրված որևէ գնահատական ես չեմ ընդունում: Արգելել եմ, որ այս փսլնքոտ խմբակը որևէ պարգևատրում, կամ կոչում տա: Սրանք ազգադավ գոյանքներ են, ուստի իրենց ձեռամբ ցանկացած բան ինձ համար անընդունելի է:

- Ի՞նչ կեցվածք պետք է ունենա այսօր իրական գրողը, մտավորականը, նրանցից շատերն Արցախի մասին ոչ մի խոսք չեն ասել:

- Գրողներն ունեն իրենց դատողություններն ու մտքերը, իրենց կարծիքը և դա բնական է: Միշտ, բոլոր ժամանակներում է այդպես եղել: Կան գրողներ, որոնք մեր ժամանակների հետ չեն հարմարվում և կան գրողներ, որոնք անվերջ նախկինի սխալներն են վերհանում և փորձում են սրանց արդարացնել, բայց ես դա արդարացում էլ չեմ համարում: Այսօրվա վիճակը պայքար է պահանջում: Այս իրականության հետ անհնար է համակերպվելը: Եթե պայքարս դադարեցնեմ, ուրեմն մի հանգրվանի ենք հասել, ուր զորանում է պետությունը, բանակն ու տնտեսությունը, բայց հիմա մենք տեսնում ենք այդ ամենի ճիշտ հակառակը: Բոլոր ոլորտներում ավերումներ են, որովհետև մենք չունենք երկրի ղեկավար: Այդ պաշտոնը զավթած մարդը գնացել դպրոցներում տնտեսվարի գործ է անում: Այսինքն` ստացվում է, որ նա ունի ժամանակ և իր ժամանակը ծախսում է հիմարությունների վրա և չի զբաղվում երկրի առաջնային հարցերը լուծելով: Գնում է դպրոց, տնտեսվարի և մաքրուհու հարցեր է լուծում, իսկ զոմբիախմբին այդ տեսարանն ուղղակի հիացնում է: Այսինքն` սա երկիր է զոմբիների համար, որտեղ անվտանգության հարցը կարևոր չէ, Արցախը կարևոր չէ, մեր սահմանները կարևոր չեն, կարևորը դպրոցի ցնցուղներն ու կախիչներն են: Ի՞նչ ասես նրանց` անազգ, անհայրենիք գոյանքներ են ընդամենը: Մարդիկ, ովքեր չեն ցանկանում ունենալ հայրենիք եւ չեն կարող լինել մեր դարավոր մշակույթի ու պատմության ժառանգորդը: Դրամաշնորհ ստացած գրողներից խլեք այդ փողերը և նրանք միանգամից կդառնան ընդդիմադիր: Զրկեք նրանց իրենց հացից, ֆինանսական աղբյուրներից և տեսեք, թե ինչպես իրար հերթ չտալով կսկսեն քննադատել իշխանություն կոչվածին: Այդ մարդկանց համար փողից ու փողի օրենքից բացի չկա այլ բան: Չարքապատկաններ են նրանք:

- Բայց նրանցից ոմանք միշտ են եղել իշխանամետ, օրինակ, Կարինե Խոդիկյանը, ով նախկինների ժամանակ մշակույթի փոխնախարար է աշխատել:

- Կարինե Խոդիկյանը եթե իշխանությունների հետ իր հարաբերությունները չպահպանի, իրեն կպատժեն, «Գրական թերթը» կդադարեն ֆինանսավորել: Այսինքն` Կարինե Խոդիկյանը հանուն «Գրական թերթի» զոհողությունների է գնում, բայց դա որևէ կերպ ես չեմ կարող արդարացնել:

- Ի դեպ, «Գրական թերթում» երբեւէ Ձեր ստեղծագործությունները չեմ տեսել տպագրված։ Ե՞րբ են վերջին անգամ տպագրել Ձեզ:

- Առաջ թերթում տպագրվելու նախանձախնդրություն ունեի, հիմա` ոչ: Վերջերս մի մրցանակի առիթով պարտադիր էր, որ «Գրական թերթում» տպագրվեին իմ գործերը, այդ ժամանակ է տպագրվել` 2023-ի աշնանը:

- Իսկ «Գրական թերթն», ըստ Ձեզ, արդարացնո՞ւմ է իրեն, թե՞ միայն շնորհավորանքներ ու մահախոսականներ, մեկ-մեկ էլ ինչ-որ ճանաչում չունեցող ստեղծագործողների գործեր են հրապարակվում:

- Մենք այսօր անկումների մեջ ենք, իսկ «Գրական թերթն» իրեն մեկ դեպքում կարող էր արդարացնել, եթե պայքար մղեր, վեր հաներ ազգային խնդիրները: Հիմա ես մտածում եմ, որ մենք լուրջ անելիքներ ունենք: Ամեն բան այս լրտեսախումբն է հասցրել այս վիճակին: Նրանք մի կայսրություն են ստեղծել, որտեղ ամեն բան սուտ է: Մի ժամանակ հայհոյանքների համար մարդկանց էին տուգանում, ես առաջարկում եմ` ստի համար սկսենք տուգանել, այդ դեպքում ողջ ՔՊ-ական ոհմակը կհայտնվի դատարանում:

- Ի դեպ, հիմա էլ Հայ Առաքելական եկեղեցու դեմ են արշավ սկսել: Եկեղեցին ինչո՞վ է իշխանությանը խանգարում:

- Երբ Արևմուտքը հարցումներ իրականացրեց ու պարզեց, որ հայ ժողովուրդը հավատում և վստահում է Հայ Առաքելական եկեղեցուն, անմիջապես փորձեցին հարվածել եկեղեցուն: Երբ իշխանության եկան, առաջին հերթին եկեղեցուն թիրախավորեցին: Այս հանցախումբը գործում է մարդու իրավունքների դեմ, իսկ այդ միջազգային կառույցները, Հելսինկյան գրասենյակները ցույց տվեցին, որ վաշխառուներ են և իրենց գործունեությունը Հայաստանում ժամանակավրեպ է: Նրանք ոչ թե արդարության համար են պայքարում, այլ ուղղակի կատարում են իրենց տերերի պատվերները: Եկեղեցին այն ուժն է, որը հայ ժողովրդին պաշտպան է կանգնում: Փորձում են եկեղեցուն էլ կառավարելի դարձնել, բայց չի ստացվելու, ինչքան աղետ որ բերեցին, հերիք է, էլ ոչ մի բան չեն կարողանալու անել: Ստի կայսրությունը փլվելու է շուտով: Այն հազարավորների արյունը, որ սրանք խմել են վամպիրի նման, չեն մարսելու: Մարդիկ հիմնականում հասկանում են, թե ինչ է կատարվում, փոքրիկ մասն է այսպահական: