Օտարերկրացիների արտարժույթը փոխանակել միմիայն հայկական դրամով 

Օտարերկրացիների արտարժույթը փոխանակել միմիայն հայկական դրամով 

Հայաստանի իշխանությունները սիրում են ասել, որ հոգում են բնակչության անվտանգության մասին: Միեւնույն ժամանակ գաղտնիք չէ, որ ՀՀ գանձարանում առկա է սահմանափակ քանակով կայուն եւ վստահելի արտարժույթ: Հայաստանի մթերային պաշարների չափի մասին էլ իշխանությունները լռում են, բայց պարզ է, որ դրանք նույնպես խիստ սահմանափակ են: Այդ մասին դժվար չէ կռահել մի երկրում, որը 30 տարի գտնվելով պատերազմական վիճակում՝ չունի ոչ միայն ռմբապաստարաններ, այլեւ, նույնիսկ … սովորական նկուղներ, որտեղ կկարողանար թաքնվել բնակչությունը՝ ռմբակոծության դեպքում: Չունի, որովհետեւ նրա 30 տարվա իշխանավորներն այնքան անկուշտ ու ագահ են եղել, որ այդ նկուղների եւ Սովետմիությունից մնացած գազապաստարանների մեծ մասը սեփականաշնորհել են:

Ընդ որում, ինքնին ռմբապաստարան հանդիսացող մետրոն եւս չի կարող օգտագործվել նման նպատակով, քանի որ նրա էլեկտրական սնուցումն անկայուն է: Այդ մասին գլխի ընկանք մի քանի տարի առաջ, երբ Երեւանի էլեկտրական սնուցումը խափանվեց, եւ մետրոյի գնացքները լռվեցին մութ թունելներում: Պարզվեց, որ, ի տարբերություն օդանավակայանի, մայրաքաղաքի մետրոն չունի վթարային էլեկտրասնուցման հնարավորություն: Այն ժամանակ խոստացան, որ այդ սխալը կուղղեն, բայց դրա մասին հաղորդագրություն չեղավ:

Նույնը կատարվեց «Նաիրիտ» գործարանում պահվող պայթյունավտանգ, դյուրավառ եւ խիստ թունավոր քիմիական նյութերի վնասազերծման հետ կապված, որոնց վտանգավորության մասին գրել էի 2020-ի օգոստոսին՝ Բեյրութի նավահանգստում պահվող սելիտրայի պայթյունից հետո: Իշխանություններն այն ժամանակ խոստացան Ռուսաստանից բերել համապատասխան սարքավորումներ եւ հարցը լուծել: Բայց, ըստ ամենայնի, չկատարեցին իրենց խոստումը: 
Եթե «Նաիրիտի» վտանգի չեզոքացումը ջանքեր եւ ծախսեր է պահանջում, ինչին ունակ չեն մեր անլուրջ եւ, հիմնականում, ոչ պրոֆեսիոնալ իշխանությունները, ՀՀ գանձարանի դատարկման վտանգի կանխումը պահանջում է ԿԲ ընդամենը մեկ որոշման ընդունում: 

Որքան էլ տխուր եւ անհավանական թվա, բայց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ռուբլին, ըստ երեւույթին, չի կարող շարունակել համարվել կայուն արտարժույթ: Բանն այն է, որ միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպությունները կանխատեսել են, որ այդ երկրում արդեն իսկ հունիսին հնարավոր է դեֆոլտ: Հետեւաբար, Հայաստան ժամանած եւ ժամանող հազարավոր ոուսաստանցիների ցանկությունը՝ իրենց ռուբլին վերածել դոլարի, եվրոյի կամ այլ կայուն արտարժույթի, ՀՀ բանկերի համար չափից դուրս ծանր բեռ կլինի: Ինչից մասնակիորեն արդեն իսկ հրաժարվել են ՌԴ բանկերը: 

Բացի այդ, որքան նվազում են կայուն արտարժույթի ՀՀ պաշարները, այնքան արժեզրկվում է մեր դրամը, եւ թանկանում են ներմուծվող ապրանքները: Ինչից տուժում են ՀՀ քաղաքացիները: Մինչդեռ գաղտնիք չէ, որ Հայաստանն ինքնուրույն ունակ չէ բավարարել նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների իր կարիքները: Եվ մեր խանութներում վաճառվող մթերքի ու ապրանքների առյուծի բաժինը ներմուծված է: 

Դա է պատճառը, որ Կենտրոնական բանկն արտարժույթի փոխանակման կետերին եւ բանկերին պետք է հրահանգի՝ օտարերկրացիներին վաճառել միմիայն հայկական դրամ: Իսկ եթե վերջինները որոշեն ետ վերադարձնել փոխանակած կամ Հայաստանում վաստակած հայկական արժույթը, գործարքը պետք է կատարվի իրենց իսկ երկրի արտարժույթով: 
Դրանում մարդու իրավունքների եւ այլ խախտում չի լինի, քանի որ ՀՀ տարածքում բոլոր գործարքները հնարավոր է իրականացնել հայկական դրամով: Ավելին, հակառակն արգելված է:

Գրիգոր Էմին-Տերյան