Բարոյական չէ

Բարոյական չէ

Արցախում ընթանում է ՀՅԴ ընդհանուր ժողովը: Խորհրդանշական է, որ ժողովի բացման խոսքը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ավարտել է «Արցախը մերն է եւ վերջ» երկիմաստ հավաստիացմամբ, իսկ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը տեղական լրատվամիջոցներից մեկին ասել է.«Արցախում ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի կազմակերպումը մեծ խորհուրդ ունի: Նախ եւ առաջ այն պատճառով, որ Արցախից է սկսել մեր ամբողջ նորօրյա պատմությունը եւ Արցախի պատերազմով է, որ Դաշնակցությունը նորից վերընձյուղվեց հայրենիքում: Երբ որ բոլորը զբաղված էին տարբեր հանրահավաքային գործընթացներով՝ Դաշնակցությունն էր, որ եկավ այստեղ եւ կազմակերպեց Արցախի ինքնապաշտպանությունը: Դա բոլորի համար փաստ է»:

Ընդհանուր ժողովի բացման խոսքի ամենասկզբում էլ Հրանտ Մարգարյանը ձեւակերպել է, թե դաշնակցական մի քանի հարյուր մարտիկներ իրենց կյանքն են տվել Արցախի ազատագրմանը: Այս շեշտադրումների համադրումից տպավորություն է ստեղծվում, թե ՀՅԴ-ն համաժողով է գումարել Ստեփանակերտում, որպեսզի հատկապես ընդգծի, որ Արցախի ազատագրման գործի կազմակերպիչն ու իրականացնողն է՝ դրանից բխող քաղաքական հեռանկարով հանդերձ: Այն տպավորությունն է ստեղծվում, թե խորհրդարանական ընտրություններում կուսակցության ձախողումը փորձ է արվում փոխհատուցել Արցախի հարցում «արթուն ժամապահի» դերակատարություն ստանձնելու կեցվածքով, ինչից կարելի է ենթադրել, որ Դաշնակցությունն առաջիկայում հատկապես սեւեռվելու է կարգավորման բանակցային գործընթացի կոշտ քննադատության վրա: Եւ կարծես թե մեկնարկային հարթակ է ընտրվում Արցախը: ՀՅԴ-ն քաղաքական խորհրդատվություններ անցկացրե՞լ է Արցախի կուսակցությունների, հանրային շրջանակների հետ:

Նման մտադրություն, կարծես, Դաշնակցությունը չունի: Ընրվել է այլ տարբերակ՝ քարոզչությամբ գեներացնել, որ ՀՅԴ-ն է Արցախի ազատագրման կազմակերպիչը: Ըստ երեւույթին, դա նոր դերակատարության նախադրյալ է դիտվում: Մանավանդ որ Ընդհանուր ժողովին ընդառաջ՝ ՀՅԴ Արցախի ԿԿ պաշտոնաթերթն անանուն հուշագրողի կողմից ներկայացրել էր 1992թ. հունվարին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրության հետ կապված որոշ դրվագներ: Այսպիսով փորձ է արվում արցախյան հանրությանը ներշնչել Դաշնակցության բացառիկ դերակատարության քաղաքական թեզը: Եկող տարի Արցախում տեղի կունենան նախագահի եւ խորհրդարանի ընտրություններ:

Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն մտադրվում է այդ գործընթացներից քաղել առավելագույնը: Իսկ եթե նկատի ունենանք, որ Հրանտ Մարգարյանը բաց հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստվում է հաջորդ խորհրդարանական ընտրություններով տուն ուղարկել ներկայիս իշխանություններին եւ ամբողջական պատասխանատվություն ստանձնել Հայաստանում, ապա պարզ կդառնա, որ նման քաղաքական հաջողության համար Դաշնակցությունը մեկնարկային է տեսնում դիրքային ամրապնդումներն Արցախում:

Մեկ անգամ Դաշնակցությունն անցել է այդ ճանապարհը՝ 1992-ին: Հետեւանքները չափազանց ծանր էին եւ որոշ առումով իրենց զգացնել են տալիս նաեւ այսօր: Հանդես գալով Արցախի միասնականությունը չխաթարելու կարգախոսով, Դաշնակցությունն ինքն է անում այդ ուղղությամբ առաջին քայլը՝ միայն իրեն վերագրելով Արցախի պատերազմի հաջողությունները: Դա, մեղմ ասած, բարոյական չէ, որովհետեւ Արցախում հազարավոր աշխարհարազորայիններ զենք են վերցրել ոչ թե այս կամ այն կուսակցության կոչով կամ նրանց քաղաքական շահերն սպասարկելու հեռանկարով, այլ՝ պաշտպանելու իրենց տունը, կանանց, երեխաներին: Այս պարզ իրողությունը չի կարելի ենթարկել քաղաքական մանիպուլյացիաների: