Թամանյանին մենք ավելի շատ ենք սիրում, քան նրա թոռները

Թամանյանին մենք ավելի շատ ենք սիրում, քան նրա թոռները

Դեռ 2016թ․ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը եւ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը վերամիավորելու մասին, որը պետք է կրեր «Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» անունը։ 
Ալ. Թամանյանի լոնդոնաբնակ թոռը՝ Գագիկ Թամանյանը, որն այս օրերին Երեւանում էր, մեզ հետ զրույցում նշել էր, որ վերամիավորված թանգարանը մնացել է միայն թղթի վրա, ուստի ինքը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նաեւ՝ Հայկ Մարությանին՝ խնդրելով Թամանյանի թանգարանի վերաբացման կապակցությամբ կառավարության որոշում կայացնել։ Գ․ Թամանյանը, որպես թանգարանին հարմար տարածք, մատնանշում է Ամիրյան փողոցում գտնվող Գիմնազիայի շենքը, որը տարիներ շարունակ փակի տակ է եւ որը հրաշալի թանգարան կարող է լինել։ Ինչպես նաեւ Ճարտարապետների միության տունը, որի մի մասը եթե հատկացվի Թամանյանի թանգարանին՝ հրաշալի լուծում կլինի։ «Մենք գնացինք միության նախագահ Մկրտիչ Մինասյանի մոտ, բայց նա միանգամից եւ կտրուկ ասաց՝ ոչ»,- ասել էր Գ․ Թամանյանը։  

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նպատակահարմար չի համարում Թամանյանի թանգարանն այդտեղ տեղակայելը։ «Այդ առաջարկն ընդունելի չէ, որովհետեւ այդ երկու կառույցները չեն կարող իրար հետ աշխատել։ Այդ թանգարանն իր ռեժիմն ունի, 6-ից հետո պետք է փակ լինի, իսկ այստեղ ուրիշ աշխատանք է գնում։ Չի կարելի մի բան բացել մի ուրիշի գոյությունը վտանգի տակ դնելով։ Եվ, վերջին հաշվով, դա իմ որոշելու բանը չէ, ճարտարապետների մի հսկա բանակ ունենք, եւ այդ տունը մեր հասարակական կազմակերպությանն է»,- ասում է Մինասյանն ու վերահաստատում՝ Թամանյանի թանգարանն անհրաժեշտ է, որին պետք է առանձին ու հաստատուն մի տեղ հատկացվի։ Նրա կարծիքով, պետությունն այդքան կարողություն կգտնի իր մեջ եւ մի շենք կառանձնացնի այդ թանգարանի համար։ 

«Մենք նույնիսկ խոսել ենք, թե որ շենքերը կարող են լինել, որտեղ կարելի է կազմակերպել Թամանյանի թանգարանը։ Իսկ Ճարտարապետների միությունը բազմակողմանի միջոցառումներ է անում, եւ չեմ պատկերացնում, թե ինչպես են կազմակերպելու դա։ Ես գիտեմ ում հուշելով են դա արել, որոնք թաքնվում են շիրմաների հետեւը, եւ չեմ հասկանում նրանց մտադրությունը։ Չեք կասկածում, չէ՞, որ մեր բոլոր ճարտարապետները Թամանյանին շատ բարձր են գնահատում, բայց այդ շենքն իր պատմությունն ունի, ինչպես որ իր գործառույթները, նա չի կարող խառնվել թանգարանի ուսումնական կամ ուսումնասիրական աշխատանքներին»,- ասում է Մինասյանը։
Միության համար շահեկան չէ՞ր լինի, որ Թամանյանի թանգարանը հենց միության շենքում տեղակայված լիներ, քանի որ պարբերաբար խոսվում է ստեղծագործական միությունների շենքերի վաճառքի մասին, իսկ դրանից հետո դժվար կլինի «կպնել» այդ շենքին։ «Դուք հանգիստ եղեք շենքի վաճառքի հարցով, որովհետեւ ստեղծագործական միությունների շենքերը դա միությունների շենքերն են։ Ինքը՝ Թամանյանը, եթե կենդանի լիներ, կասեր՝ ինձ համար թող մի գողտրիկ տեղ լինի, որպեսզի իմ ֆոնդերն այդտեղ պահվեն, իսկ Ճարտարապետների տանը նա ձեռք չէր տա, ես դրանում հաստատ համոզված եմ։ Սրանք էժանագին խոսակցություններ են, որ շրջանառության մեջ են գցում։ Չգիտեմ ինչ են ուզում, ու դա անում են այն մարդիկ, ովքեր կապված չեն միությանը, չգիտեն ինչ ենք անում, այն էլ՝ հիմա, երբ մեր վրա ավելի մեծ պարտականություններ են դրված, երբ պետք է մասնագիտական ուսուցում իրականացնենք, արտոնագրեր տրամադրենք։ Այդ բոլորը հո չե՞նք գցի մի կողմ, ավելի հեշտ չի՞ լինի այդ դատարկ շենքերից մեկը տրամադրել Թամանյանին, որը, ի դեպ, վաղուց պետք է արվեր»։ 

Հնարավո՞ր է այդ հարցը քննարկման դնեն Ճարտարապետների միությունում, Մինասյանն ասաց, որ հարցն արդեն քննարկվում է ճարտարապետական շրջանակներում։ «Թող դնեն քննարկման, բայց քննարկումից հետո չասեն՝ էս ի՞նչ ա եւ այլն, վերջին հաշվով, կա սթափ միտք, մենք ի՞նչ ենք անում՝ մի ձեռքով մի բան ենք ստեղծում, մյուսով քանդո՞ւմ․․․ Թամանյանին մենք ավելի շատ ենք սիրում, քան նրա յուրաքանչյուր թոռը, բացի Ալեքսանդր Թամանյանից․․․, նա էր միայն, որ որպես թոռ՝ կարողանում էր մի բան անել։ Դուք միայն մակերեւույթը գիտեք, իսկ ես հարցը խորքային գիտեմ»,- ասում է Մինասյանն ու նշում, որ դա ավելի շատ կառավարության խնդիրն է, թող մի ազատ շենք հատկացնեն, բարեկարգեն, իրենք էլ կօգնեն ինչով կարող են։