Անողնաշար համակարգ

Անողնաշար համակարգ

Այն, որ մենք ազգովի արդարադատություն ենք իրականացնում` ստիպելով, որ իրավապահները ձերբակալեն Արագածավանում ու Դիլիջանում բռնություն գործադրած անձանց, մի դեպքում` ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին, մյուս դեպքում` Տավուշի մարզային վարչության Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանին, իրականում ոչ թե ժողովրդավարության դրսեւորում է, այլ պետության չգոյության ապացույց: Երբ իրավապահներն իրենց բուն գործառույթները չեն իրականացնում եւ հետեւում են հանրային աղմուկին` դրանով առաջնորդվելով` կալանավորել մարդուն, թե բաց թողնել, նույն «բեսպրեդելի» տարբեր դրսեւորումներն են:

Չի կարող հանրությունը, բոլոր հանցագործությունների հետ կապված, նման ճնշում ապահովել եւ արդար ու գրագետ «հրահանգներ» իջեցնել իրավապահներին: Եվ եթե Ֆեյսբուքում բարձրացած աղմուկի կամ ճանապարհ փակած մարդկանց որոշմամբ է բռնություն գործադրած անձը ձերբակալվում, դա նշանակում է, որ մենք իրավական պետություն չենք, եւ մեր իրավապահներն ուղղակի խամաճիկներ են: Կարեւոր չէ, թե ում խամաճիկները. հանրությա՞ն, իշխանությունների՞, իրենց ընկերական շրջապատի՞, թե՞ ընտանիքի անդամների:

Այս «հաղթանակներից» պետք չէ ուրախանալ` սրանք ոչ մի լավ բանի մասին չեն վկայում: Եվ Աշոտ Փաշինյանի «հրահանգով» զոհվածի մոր` Գայանե Հակոբյանի կալանավորումն էլ այս նույն շարքից է: Մի դեպքում գյուղացիները ճնշեցին քննիչներին, մյուս դեպքում` վարչապետի որդին` դատավորին: Գրագետ, հասուն հասարակությունը գլոբալ խնդիրներ է դնում` օրենքի հավասար, համաչափ կիրառում պահանջում բոլոր քրեական գործերով, որովհետեւ մարդը մեղավոր չէ, որ իր գործը հանրային հնչեղություն չի ստացել, համացանցում տեսանյութ չի հայտնվել եւ մեծ թվով մարդկանց ներվին չի դիպել: