Մայր Աթոռի խոսնակը սովորական խոսնակ չէ, որ շտապի հերքել լուրը, հետո «սուտը բռնվի»

Մայր Աթոռի խոսնակը սովորական խոսնակ չէ, որ շտապի հերքել լուրը, հետո «սուտը բռնվի»

Նախօրեի ուշ երեկոյան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն հրապարակեց, որ Մասյացոտնի թեմի հոգեւոր սպասավոր Տ․ Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ են արել։ Բավական խիստ ձեւակերպումներով ներկայացվել են կարգալուծության հիմքերը՝ «հոգեւոր վերադաս իշխանության նկատմամբ դրսեւորած անհնազանդություն, եկեղեցականի կոչմանն ու առաքելությանն անհարիր կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվել եւ Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու հրավերները մերժել»։

Ավելի ուշ Տեր Ղազար քահանան էլ իր կողմնակիցների հետ հանդես եկավ հայտարարությամբ, որը հրապարակվեց Բյուրեղավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջում։ «Գահընկեց է հռչակվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը: Կուսակրոնության ուխտը խախտելու, Հավատացյալ Հայ Քրիստոնեաներին հալածելու եւ Քրիստոնեա Հայաստանին թշնամաբար վնասելու համար գահընկեց է հռչակվել Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսը եւ հետայսու կդասվի աշխարհականների շարքը` Կտրիճ Ներսիսյան անունով»,- ասված է հակընդդեմ հայտարարության մեջ։

Նշենք, որ այս խնդրին «Հրապարակն» ավելի վաղ անդրադարձել էր, եւ Մայր Աթոռի խոսնակ Տեր Եսայի քահանա Արթենյանը հերքել էր մեր լուրը՝ ասելով, որ Տեր Ղազարի կարգալուծության հարցը չի դրվել, չնայած մենք հրապարակել էինք Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Տեր Ղազարին ուղղված նախազգուշական նամակը, որտեղ նաեւ հնարավոր կարգալուծության մասին էր խոսվում։ Ինչ խոսք, տհաճ իրավիճակ է առաքելական եկեղեցու հավատացյալների համար։ Մի կողմ թողնենք հարցի զուտ եկեղեցա-կրոնական կողմը եւ մի քանի դիտարկում անենք՝ կապված Մայր Աթոռի պատկան կառույցի աշխատանքի հետ։

• Նախ՝ տգեղ ու անընդունելի էր այս հարցի հետ կապված Մայր Աթոռի խոսնակ Տեր Եսայի քահանա Արթենյանի որգեգրած կեցվածքը։ Տպավորություն էր, թե գործ ունենք ոչ թե հոգեւորականի, այլ սովորական որեւէ գերատեսչական մարմնի խոսնակի հետ, ով սովոր է նույնիսկ հարցը չլսած ու հարցի էության մեջ խորամուխ չեղած՝ հերքել։ Հասկանալի է, որ Տեր Եսային կատարող անձ է եւ ասել է այն, ինչ իրեն հանձնարարել են նրա վերադասները, սակայն, ամեն դեպքում, մամուլի հետ պետք է գոնե հոգեւորականը, Մայր Աթոռն աշխատեն ոչ այն կերպ, ինչպես, պատկերավոր ասած՝ «նիկոլական իշխանության» գերատեսչական խոսնակները։

Ի վերջո, եթե «Հրապարակը» հարցնում է՝ կարգալո՞ւյծ է արվելու Տեր Ղազարը, թե՞ ոչ, նման հարց օրակարգում կա՞, թե՞ ոչ, ապա հաստատ «օդից վերցված» չէ այդ տեղեկությունը, ու ժամանակի հարց է ճշմարտության բացահայտումը, եւ հերքել շտապող Տեր Եսային առնվազն անհարմար վիճակում է հայտնվելու, ինչպես ցանկացած մեկը, որի ասած սուտը բռնվում է։

• Ինքնին հասկանալի էր, որ Տեր Ղազարին վաղ թե ուշ կարգալույծ անելու էին, եւ որոշվեց սպասել, մինչեւ ՏԻՄ ընտրությունները վերջանային, ամեն բան քաղաքական առումով հանդարտվեր, որպեսզի ավելի մեծ աղմուկ չլիներ, հատկապես, որ մենք արդեն գրել էինք, որ նախընտրական փուլում Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից նման նախազգուշացումը Տեր Ղազարին, վերաբերում էր քաղաքական ուժի օգտին արված քարոզչությանը, որն արգելվում է հոգեւոր կանոններով։

• Պետք է հուսալ, որ Մայր Աթոռի խոսնակ Տեր Եսայի քահանա Արթենյանը «Հրապարակի» հետ աշխատելիս իր աշխատաոճը կփոխի։ Հասկանալի է, որ հիմա ե՛ւ երկիրը, ե՛ւ ժողովուրդն այնպիսի վիճակում են, որ, այսպես ասենք՝ չգրված օրենքի ուժով առաքելական եկեղեցուն լրատվամիջոցները խնայում են, փորձում են քիչ քննադատել, սակայն եթե մամուլն առաքելական եկեղեցու հանդեպ նման հոգածու վերաբերմունք է դրսեւորում, դա չպետք է չարաշահել ու պետք է պահպանել փոխադարձ աշխատակարգային հարգանքը եւ այն ընկալումը, որ հոգեւորականի կոչում ունեցող խոսնակն անհամեմատ ավելի բարձր կատեգորիա ունի, քան որեւէ պետական հիմնարկի կամ գերատեսչության խոսնակը, որը սովոր է դեռ հարցը չլսած, առանց ծանրութեթեւ անելու, հանդես գալ հերքմամբ։

• Անհասկանալի է այն, որ Մայր Աթոռը որոշել էր Տեր Ղազարի կարգալուծության մասին հաղորդագրությունը հրապարակել երեկոյան ուշ ժամի, այսինքն՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ սովորաբար լրատվամիջոցներում հերթապահներն են աշխատում՝ հետեւելով լրահոսին։ Վստահաբար, որոշումն ավելի շուտ է կայացվել։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ ուշ ժամի հաղորդագրությունը հրապարակելը, մի՞թե, օրինակ, հնարավոր չէր ցերեկը հրապարակել։ Մայր Աթոռի հավանական մոտիվացիան հասկանալի է, այդպես ավելի քիչ ուշադրություն կգրավի հայտարարությունը, բայց այդպես չեղավ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, երեկոյան ուշ ժամի է Տեր Ղազարի կարգալուծության որոշումը կայացվել, ու հրամանագրի վրա կաթողիկոսի ստորագրության թանաքը դեռ չչորացած՝ հաղորդագրությունը տարածվել է, ապա պետք է ասել, որ անհասկանալի է այն, որ նույնիսկ Գարեգին Բ-ն է սկսել ուշ ժամի՝ գիշերվա խավարում որոշումներ կայացնելու պրակտիկա կիրառել՝ ընդօրինակելով, ասենք, Նիկոլ Փաշինյանին, ով էլ իր հերթին գիշերով որոշումներ կայացնելու ավանդույթը վերցրել է Սերժ Սարգսյանից։