Ամեն ինչ անել, որ վարագույրը չփակվի

Ամեն ինչ անել, որ վարագույրը չփակվի

Պատերազմին հաջորդած 2021 թվականը հոգեբանորեն դժվարությամբ, բայց հաջողությամբ կարողացան հաղթահարել թատրոնները․ այս կարծիքին է ՀԹԳՄ նախագահ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։ «Անցած տարի հետաքրքիր պրեմիերաներ եղան, լավ մասնակցություններ՝ տարբեր միջազգային փառատոների, ֆորումների, եւ այս առումով ընդհանուր միտումը դրական է, ինչն ուրախալի է, որովհետեւ ընկճվել պետք չէ, հատկապես արվեստի մարդիկ պետք է աշխատեն եւ ամեն ինչ անեն, որ վարագույրը չփակվի։ Նաեւ տեսնում եմ հանդիսատեսի հետաքրքրությունը, այդ առումով թատրոնները հսկայական աշխատանք կատարեցին»,-նկատում է Ղազանչյանը։

Ինչ վերաբերում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին, ապա այս տարվա ամենակարեւոր իրադարձությունը Հակոբ Ղազանչյանը համարում է «Երվանդ Ղազանչյան» փոքր թատերասրահի բացումը: Թատերասրահը Երվանդ Ղազանչյանի անունով կոչելը պատահական չէ՝ հենց թատրոնի երախտավորի մտահղացումն է եղել նման դահլիճ ունենալը․ «Իր օրոք դահլիճն արդեն մասնակի վերանորոգված էր, եւ այդտեղ դիպլոմային աշխատանքներ էին խաղում, ոչ միայն հայրս էր իր կուրսի հետ այդտեղ փորձեր իրականացնում, այլեւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տարբեր կուրսեր բեմադրություններ էին անում: Դահլիճը նաեւ «Արմմոնո» փառատոնին ծառայեց: Ափսոս, ինքը չհասցրեց մեր՝ ակադեմիական հասկացությամբ թատերական դահլիճ ստեղծելուն ներկա լինել»:

Թատրոնի գլխավոր ռեժիսորը կարծում է, որ թատրոնում աշխատանքների այս թափը չի կոտրվի, եւ գալիք տարում դարձյալ հետաքրքիր աշխատանքներ կունենան: Փետրվարին պրեմիերա ունեն՝ Սամսոն Մովսիսյանի «Կոշկավոր կատուն» մյուզիքլը՝ Վահե Հայրապետյանի երաժշտությամբ եւ Գարիկ Եվանգուլյանի սցենոգրաֆիայով, իսկ ինքը վերսկսելու է «Քաջ Նազարի» աշխատանքները, որի երաժշտությունը գրել է Մարտին Վարդազարյանը: Հակոբ Ղազանչյանն ասում է, որ ներկայացումներ բեմադրելու հայտեր ունեն Արթուր Սարիբեկյանից, Արմեն Սարգսյանից, Նորա Գրիգորյանից․ եկող տարվանից բոլորը կսկսեն աշխատել փոքր դահլիճում:

Արցախի թատրոնների հետ համատեղ ծրագրեր անելու պլաններ եւս կան․ «Ես գտնում եմ, որ Արցախի եւ Արցախի թատրոնի հետ պետք է շատ ակտիվ փոխհամագործակցություն լինի։ Իրենք բերեցին այստեղ 2 ներկայացում խաղացին։ Ուզում եմ ընդգծել եւ շնորհակալություն ասել Կարինե Քոչարյանին, որը Նյու Յորքում բնակվող մեր Սունդուկյանի թատրոնի առաջնակարգ դերասանուհիներից է։ Նա անմիջապես պատերազմից հետո եկավ ու իր ծախսերով մի քանի ամիս ապրեց Արցախում, բեմադրություն արեց։ Կարծում եմ՝ եթե նման օրինակներ էլի լինեն, դա բավականին մեծ օգուտ կլինի Արցախի թատրոնին։ Նաեւ վերջերս Արցախի թատրոնն այստեղ եղավ «Հրեշը՝ լուսնի վրա» ներկայացմամբ։ Ես չեմ ուզում ներկայացումը գնահատել, կարեւորը՝ որ թատրոնն ապրում է։ Ես գիտեմ, որ շատ դժվար է, ու բավական երիտասարդ ուժեր հիմա Հայաստանում են, բայց, ամեն դեպքում, շատ կարեւոր է, որ Արցախի թատրոնն ապրի, իսկ փոխհամագործակցության մասով հասկանալի է, որ շատ բան այսօր պետությունից է կախված։ Պետության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի Արցախի հետ մշակութային կապի զարգացումը եւ պահպանումը շատ բարձր մակարդակի վրա»։

Կամերային երաժշտական թատրոնի հետ միավորումից հետո Կամերային թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը հունվարից արդեն կդառնա Պարոնյան թատրոնի աշխատակից․ «Եվ ոչ միայն նա, այլեւ 9 դերասան, տեխնիկական անձնակազմից՝ մի քանի հոգի»։ Ինչ վերաբերում է կամերայինի խաղացանկին․ «Կամերայինի խաղացանկից, ցավոք, ոչինչ այստեղ չենք վերականգնի, որովհետեւ, նախ, դա ֆիզիկապես հնարավոր չէ, քանի որ ամբողջ խումբը չի եկել մեզ մոտ, եւ 2-րդ՝ պետք է առաջ նայենք եւ մտածենք նոր աշխատանքների մասին։ Հնարավոր է, որ կամերայինում արած որեւէ աշխատանք ինքն այստեղ նորից բեմադրի, բայց դա կլինի արդեն նոր աշխատանք, եւ այդ բեմադրությունը բեմ դուրս կգա նոր ուժերով»։  

Հունվարի 1-ից QR կոդեր են գործելու նաեւ թատրոններ այցելելու համար, դա ի՞նչ խնդիրներ ու անհարմարություններ կարող է ստեղծել իրենց համար։ «Ես արդեն այդ ինֆորմացիաներին շատ չեմ հետեւում, որովհետեւ անընդհատ ինչ-որ բաներ, նորույթներ են մտցնում, բայց ուզում եմ նաեւ ասել, որ ամբողջ աշխարհն է դրան գնում, եւ պետք չէ նայել, որ միայն մենք ենք բացառություն։ Եթե ինչ-որ քայլեր արվում են, որպեսզի համաճարակը չտարածվի, ես դրան դրական եմ նայում՝ իհարկե, հասկանալով նաեւ, որ դա կազդի հանդիսատեսի քանակի վրա, ինչն էլ կազդի թատրոնների աշխատանքի վրա, բայց, ամեն դեպքում, քովիդը դեռ կա, եւ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը։ Թեկուզ այդ QR կոդերը կիրառվեն էլ, կարծում եմ, որ դա ժամանակավոր բնույթ կկրի եւ երկարաժամկետ չի լինի»։