Միջնորդեցին Մանվել Գրիգորյանի գործով նիստն անցկացնել դռնփակ

Միջնորդեցին Մանվել Գրիգորյանի գործով նիստն անցկացնել դռնփակ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նիստին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց՝ դատաքննությունը դռնփակ անցկացնելոի վերաբերյալ։

Գրիգորյանի պաշտպան Կարեն Քամալյանն իր միջնորդությունում նշեց. «Գործում կան նյութեր, որոնք ռազմական գաղտնիք պարունակող նյութեր են, դրա հրապարակումը չի բխում պետության շահերից։

Դրա հրապարակումն ոչ այլ ինչ է, քան առկա ռազմական պոտենցիալի մասին հրապարակում»։

Մեղադրող Վահե Դոլմազյանն իր դիրքորոշումը ներկայացնելով միջնորդության վերաբերյալ՝ նշեց, որ այն ժամանակավրեպ է։ Դատարանին խնդրեց՝ մերժել միջնորդությունը։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ տվյալ փուլում դռնփակ կարգով նիստեր անցկացնելու վերաբերյալ հիմքեր չկան։ Մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ, եթե կլինեն ապացույցներ, որոնք կառնչվեն պետական գաղտնիքին, ապա դատարանը կլուծի այդ հարցը։

Հիշեցնենք, որ այս գործով Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր։