Եղիցի լույս

Եղիցի լույս

Ազգի օրրանը նրա հայրենիքն է միայն, ամրոցը՝ պետությունը։ Պետականության կրող սյուները տվյալ ազգի մտավորականը, հերոսն ու հոգեւորականն են։ Շահել են բոլոր այն ազգերը, որոնց պետական այրերը կրել են տվյալ ազգի մտավորականի, հերոսի ու հոգեւորականի ոգեղեն խառնվածքը, իսկ թագավորները, լինելով այդպիսին, նաեւ տանտիրոջ նման են վերաբերվել իրենց

հայրենիքի նկատմամբ՝ ապրելով ու գործելով միայն հայրենիքի շահերի համար։ 
Արդեն 30, էլ չեմ ասում՝ 2000 տարի, ուշքի չենք գալիս՝ չենք կարողանում կայուն, ազգասեր ու պետականանպաստ իշխանություն ձեւավորել։ Աշխարհի ամենահին քրիստոնյա պետության ժողովուրդն ենք, բայց շատերս մտածում ենք, ցավոք սրտի՝ միայն ստամոքսով։ Այն, որ դարեր շարունակ պետականությունից զրկված լինելով՝ հայ ազգն իր ինքնությունը պահպանել է իր ընտանեկան ավանդույթների, մշակույթի ու եկեղեցու հաշվին, անվիճելի փաստ է։ Անվիճելի փաստ է նաեւ այն, որ  մենք անցյալ դարի 20-ականների սկզբին Ռուսաստանից բերված մի քանի հարյուր պարկ ալյուրի համար աստվածադրել էինք հայ ազգի ամենամեծ դահճին ու անաստվածին՝ Լենինին, կորցնելով Նախիջեւանն ու Արցախը։ Այնուհետեւ մեր գլխավերեւում տեղ գտան հայ ազգի այնպիսի հուդաներ, որոնց արածների մասին լսելիս միայն զարհուրանք ես ապրում։  Ինչո՞ւմ ենք թերացել, որ դարերով կորցրել ենք մեր պետականակարողությունը։ Գուցե պետականակարող ազգ մնալու համար պետք է հոգո՞վ ընդունենք քրիստոնեությունը։ 

Անկախությունից հետո նորից երերում է մեր պետականությունը, քանզի բոլորը մեզ մոտ իրենց արարչական հեքիաթներով իշխանության են գալիս ու գրպանները լցնելու համար դավաճանում ե՛ւ ազգին, ե՛ւ պետությանը։ Հայաստանի հասարակությունն այն միջավայրն է դարձել, որտեղ ծաղկում են օտարամոլությունն ու այլադավությունը։ Դրա համար մեր իշխանության մռութին տալ է պետք։ Երկիրը տնտեսական թմբիրից դուրս բերելու միակ ճանապարհը մեր ազգային արժեքները զոհաբերելը չէ։ Համասեռամոլներն արդեն հայի տեսակ են դարձել, իսկ սեկտանտությունը խարխլում է մեր հավատքի հիմքերը։ Եթե մենք աշխարհի աչքին որպես առաջադեմ, բաց հասարակություն այս ամենով պետք է երեւանք, ուրեմն շուտով որպես ազգ գոյություն չենք ունենա։ 

Մեծն Նժդեհն ասել է, որ հայրենասիրությունը պետք է մայրական կաթի հետ տրվի մարդուն։ Մեր ուսումնակրթական ծրագրերը, ակնհայտ է, չեն կարող նպաստել  հայ հասարակության մտավոր առողջացմանը եւ պետականանպաստ ազգային քաղաքականության զարգացմանը։ Հացի խնդիրը՝ մի կողմ, մենք հզոր պետականություն ունենալու տեսլականը չունենք։ Ամեն օր միֆեր են պսակազերծվում, ազգային հերոսների ու երբեմնի պաշտելի պետական գործիչների դիմակներ են պատռվում։ Դա թեւաթափ է անում շատերին ու մղում անտարբերության ու հուսալքության, եւ մարդիկ հեռանկարը  տեսնում են արտագաղթի մեջ։ 

«Հրապարակ»-ի հունիսի 22-ի համարում «Հոգեւոր Հայաստան» մենախոսությունների շաքում կարդում ենք բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետեւյալ  խոսքերը. «Եթե մենք պետությունը չենք ընդունում իբրեւ մշակութաբանական երեւույթ, ուրեմն մեր մշակույթը մեզ ոչ մի տեղ չի հասցրել»։ Չեմ կարող ի պատասխան չնշել, որ մեր մատյանի ամբողջ ողբերգությունն այն է, որ մենք ազգային պետական քաղաքականության մշակույթը շփոթում ենք գեղարվեստական մշակույթի հետ։ Աշխարհի ցանկացած հզոր երկիր կերազեր Նարեկացի, Կոմիտաս ու Թումանյան ունենալ, իսկ մենք կերազեինք նրա նման հզոր պետություն ունենալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարշալ Ռակասովսկուն Երկրորդ համաշխարհայինի օրերին բռնացնեին «տուշոնկա» գողանալիս կամ մարշալ Ժուկովին նրա տարած հաղթանակից մի քանի տարի անց գնդակահարեին  ինքնիշխանությունը ձեռքից վերցնելու համար։ Հարցն այն չէ, որ «КрАЗ»-ի երբեմնի վարորդի մասին է խոսքը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հո հայ մշակույթով ապրած, աստիճանավորված, վաստակաշատ պատմաբա՞ն էր, որի բոլոր գործողությունները, նրա նախագահության տարիներին, ակնհայտ ազգադավություն են եղել։

Ինչո՞ւ Մոնթեն եւ շատ պանծալի քաջեր կարող էին  կռվել ու զոհվել հանուն հայրենիքի, իսկ շատ-շատերը, որոնց ձեռքում հայտնվեցին ու քամուն տրվեցին Հայաստանի արտադրական հզորությունները, «կռվում» էին հանուն պաշտոնի ու հարստության։ Այսօր հայ ազգը կանգնած է լինել-չլինելու երկընտրանքի առաջ՝ մենք կա՛մ հրաժարվում ենք քաղաքական փերեզակությունից ու ազգովի կառուցում իրավական պետություն, կա՛մ  շարունակում ենք գնալ աստիճանական ինքնաոչնչացման՝ «Ո՞ւր էիր, Աստված» երգելով։