Զինվորի համազգեստը, Բանակը վարկաբեկում են մինչև վերջ

Զինվորի համազգեստը, Բանակը վարկաբեկում են մինչև վերջ

Հիմա սպասում եք, որ ես կհիշեցնեմ «տուշոնակաների, մալակոների» օդում կախված պատմությունը, բայց դուք դրանց մասին ինձնից լավ գիտեք, կլռեմ։ Բարձրաձայնելն անգամ ամոթ է։ 

Պարզապես հանրության մոտ մի հարց է մնացել անպատասխան՝ ինչու՞ Նիկոլ Փաշինյանի առաջին քայլը գեներալ Մանվելից սկսվեց։ 

Իր բոլոր մարդկային թերություններով, արատներով հանդերձ գեներալ Մանվելը թշնամու սարսափն ու համար մեկ ատելության թիրախն էր։ Ինչու՞։ Որովհետև Երկրապահը ու մեր ժողովուրդը միասնաբար, կարողացան կազմակերպել Արցախյան առաջին պատերազմի պաշտպանությունը և հաղթանակն ապահովել։ Շատերդ երևի այդ գործին ծանոթ չեք, բայց ասեմ, որ պատերազմի սկզբնական շրջանում կամավորական ջոկատներով էին մերոնք պահում  հող հայրենին։ Ջոկատների բոլոր հրամանատարները՝ իրենց զինվորներով տառ առ տառ կան պատմության մեջ։ Մարտին Բաղդասարյանի և իմ ջանքերով հրատարակել ենք «Ազատագրում» գիրքը, որտեղ տառ առ տառ գրված է, թե որ շրջան կամավորական ինչ ջոկատներով է հանդես եկել։ Այնպես որ դժվար է կռվել պատմության հողմաղացների դեմ, որովհետև գիրքը գրվել է կամավորական ջոկատների բոլոր հրամանատարների ստորագրությամբ։ Երկրապահը երկիր պահողն էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ոչ թե հիմիկվա Երկրապահը, որը ,, քաղաքական շկոլա է դարձել։ Հետո ստեղծվեց Հայոց Բանակը և «միահամուռ մեր ուժերով» հաղթանակ տոնեցինք։ 

Հայոց ոգին, Հայոց Բանակը, հայ ժողովուրդը անպարտելի է։ Հակառակորդը լավ էր հասկանում։ Ու դրա համար տրամաբանական էր, որ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ ու սկսեց գեներալ  Մանվելից, գիտակ մարդիկ հասկացան, որ այդտեղ թշնամու ձեռագիր կա։ Բայց նա այնքան սրտահույզ նոտաների վրա խաղաց, որ հանրությունը ծառս եղավ Մանվելի դեմ։ Ալիեվների համար հեշտ չէր մարսել, որ Մանվելը Բաքվում «չայ պիտի խմեր», նրանք գլխագին էին սահմանել Մանվելի համար։ Նիկոլը եկավ, որ այդ գլխագինը տա։ 

Նիկոլը եկավ ու առաջին քայլը՝ Բանակը նսեմացնելն էր, գեներալին իր խցում տանջահար արված նկարել տալն ու ինչ որ ուժերի ցույց տալն էր։ Չխորանամ, որովհետև շատ բան կա ասելու ու պատմությունը չի լռելու։ Նիկոլը եկավ, որ իր կնոջ բերանով ասի, որ հայ զինվորները հանուն ոչնչի են զոհվել։ Նիկոլը եկավ, որպեսզի հաղթողներին դավաճան անվանի ու «սրբանա»։  

Միայն մի բան կասեմ՝ ուշքի եկեք, ժողովուրդ։ Բանակը վերջնական է վարկաբեկվում։ Իսկ դրա համար արդեն Մանվել  պետք չէ, որովհետև ժողովուրդը չի հավատում մանվելների քրեական հետապնդումներին, ձերբակալություններին։ Հիմա պետք է յուրային, որի բերանով վարկաբեկվի բանակը։ Իմ քայլական Ավանի թաղապետը Ներսես Պողոսյանի բերանով  ահա թե ինչպես է զինվորի համազգեստը վարկաբեկում ․ «Պողոսյանը պատերազմի մասնակից է, 40 օր գտնվել է այնտեղ։ Ինձ ասել է, որ համազգեստի գրպանում է եղել այդ թմրամիջոցը և չի հիշում, թե ինչպես է դա այնտեղ հայտնվել»։ 

Սա Բանակը խայտառակելու, զինվորի համազգեստը, զինվորին վարկաբեկելու վերջին քայլն է ու պետք չէ, էլ սպասել հրաշքների։ Մեր Բանակը փրկել է պետք, որդը ընկել է ամենքաղցր խնձորի մեջ ու ոչնչացնում է բերքը։ Ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի «կաթուցիչներ ու հաշիշ գտնող» կադրին ոչինչ էլ չեն անելու, ինչպես բոլոր նրանց, ովքեր տարբեր գործերով  մեղադրվում էին։ Պարզապես սա Բանակը խայտառակելու վերջին քարն է, որ փորձում են դնել։  Սա քաղաքականություն է։ 

Նշենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: