Գյումրու թատրոնի անձնակազմը որոշել է՝ չխանգարել իրենց

Գյումրու թատրոնի անձնակազմը որոշել է՝ չխանգարել իրենց

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ թատրոնի կոլեկտիվի ընդլայնված հանդիպում, որի  բուն թեման Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթն էր։ Այն կանցկացվի ապրիլի 26-ին:Բայց մինչ այդ աճեմյանցիները զգուշացնում են, որ թատրոնն ունի իր թեկնածուն՝ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է՝ Լյուդվիգ Հարությունյանը, ում ներկայացրեցին և իրենց կարծիքը հայտնեցին թատրոնի ժողովրդական արտիստներ Ռազմիկ Բադալյանը, Անահիտ Քոչարյանը, վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանը, Յուրա Ոսկանյանը, Տիգրան Գաբոյանը և թատրոնի անձնակազմը։  

«Մենք այդպիսի խնդիր չունենք՝ «թող ոչ ոք չգա մեր թատրոն», գիտեք, ստեղծագործողների համար թատրոնի դռները միշտ բաց են. տաղանդավոր ռեժիսորներ, դերասաններ կարող են գալ և ստեղծագործել մեր թատրոնում, իսկ թատրոնի կառավարման մեջ մենք ունենք հստակ աշխատաոճ, որը դեռ մեր նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի ղեկավարման ընթացքում է ձևավորվել, և շարունակելու ենք աշխատել նույն եռանդով և բնականոն հունով տանելու մեր թատրոնն առաջ», - իր խոսքում նշեց Լյուդվիգ Հարությունյանը։

Ակնհայտ է, որ թատրոնի ողջ կոլեկտիվը սատարում է Լյուդվիգ Հարությունյանին եւ նոր թեկնածուի մասին խոսք անգամ չի կարող լինել, նրանք անգամ զգուշացնում են, որ նախորդ փորձն աչքերի առաջ ունենալով՝ այս անգամ էլ կըմբոստանան, եթե  վերևներում  կամքը հաշվի չառնեն: Հիշեցնենք, որ դեռ 2016թ-ին աճեմյանցիները ոտքի կանգնեցին եւ  այնպես արեցին, որ տնօրեն ընտրվի այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Թատրոնի անձնակազմի ճնշմանը չդիմացան մշակույթի նախարարությունում եւ հրաժարվեցին մրցույթին մասնակցել  նաև այն թեկնածուները, որոնք, ըստ աճեմյանցիների, հեռու էին թատրոնից: