«Հարավկովկասյան երկաթուղի»-ում խառն են. դիմավորելու են Փաշինյանին

«Հարավկովկասյան երկաթուղի»-ում խառն են. դիմավորելու են Փաշինյանին

Մի քանի օր է՝ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները ընդմիջման ժամ  չունեն: Նրանց հանձնարարված է շտապ կարգի բերել երկաթուղու  ճանապարհները, հարակից տարածքները,  լուսացույցերն ու երկաթյա կոնստրուկտորները: «Ով ներկարար չէր, ներկարար դարձավ, մեր հիմնական գործը թողած սրանք են կարգի բերում»,-ասաց երկաթուղու աշխատակիցներից մեկը: Բանն այն է, որ այդ ամենն արվում է վարչապետ Փաշինյանի պատվին: Ապրիլի 5-ին վարչապետը նոր էլեկտրագնացքով ՀԿԵ-ի տնօրինության հետ  ճամփորդության է դուրս գալու :

Կառավարության ղեկավարը ցանկություն է հայտնել ծանոթանալու էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին: Մեր աղբյուրի  տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանը  վաղը առավոտյան Երևանի երկաթուղային կայարանից «Հարավկովկասյան երկաթուղու»  տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ նոր էլեկտրագնացքով կմեկնի Գյումրի: Ինչպես գրել էինք, տարվա սկզբին Հայաստան է բերվել երկրորդ նոր ЭП2Д էլեկտրագնացքը, որը առաջին էլեկտրագնացքի կրկնօրինակն է, կրկին շահագործվելու է Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ:

Նախատեսված էր գնացքը երթուղի դուրս բերել ավելի շուտ, սակայն փորձարկումների ընթացքում վթարի ենթարկվեց, եւ ՀԿԵ տնօրինություւնը ստիպված եղավ վերանորոգել այն: Հիշեցնենք, որ 2018թ-ին, երբ շահագործվեց առաջին նոր էլեկտրագնացքը,  դրանով  առաջինը Գյումրի մեկնեց  վարչապետ Կարեն Կարապետյանը: