Նորից մեր վարուցանքը․․․

Նորից մեր վարուցանքը․․․

Նորից ու նորից` առանց հոգնելու, նույն բանի մասին եմ գրում եւ հա՛ գրելու եմ, մինչեւ որ ոմանք ձանձրանան ու ասեն` եկեք տեսնենք, ի վերջո, այս մարդն ի՞նչ է ասում: Հեղափոխությունից անմիջապես հետո բաց նամակով գրել եմ վարչապետին (բանաստեղծները շուտ են հավատում հեղափոխություններին ու բաց տեքստով էլ խոսում են թե՛ լավի, թե՛ վատի մասին): Գրել եմ գրականության հիմնահարցերի մասին:

Գրականությունը, հասկանալի է, գրողի խնդիրն է, իսկական գրողը ոչ մեկի, ոչնչի չի նայում` ստեղծում է, շատ ժամանակ տպագրվում է հետմահու կամ վերջին քուրջուփալասը վաճառելով` տպագրված է տեսնում իր գիրքը, եթե շատ է ցանկանում (ասեմ, որ ես չգիտեմ` իսկական գրող եմ, թե ոչ, բայց հենց այդպես էլ անում եմ): 

Գիտեմ, պետության դարդուցավը շատ է, ակռաները գայլի պես ժնգժնգացնող ոսոխ կա` կեղծ բանակցող, սպառազինությունների մրցավազք է, տնտեսությունը ոտքի չի կանգնել․ ո՞ր մեկն ասես: Եվ շատերը կասեն` ժամանա՞կ ես գտել` գրականության խնդիրներից ես խոսում...
Ո՞վ է գրականության «պատվիրատուն»՝ ժողովուրդը, իհարկե: Բայց ժողովուրդը մշակութային հարցերում «ինքնահոսի» է թողնված: Ժողովուրդը երեխայի պես բան է` թողնես` քաղցրի, այն էլ վատ տեսակի` սախարոզի հետեւից կգնա (թուրքական երաժշտական «կլկլոցների» հանդեպ առկա հակումը` ձեզ փաստ), կփչացնի «հոգեւոր ատամները»... Բա ի՞նչ անենք այդ երեխային: Դեղահաբերը սովորաբար դառն են լինում, ոչ մի երեխա կամավոր դեղ խմել չի ուզում, եւ, հետեւապես, տատը բռնում է նրա ոտքերից, հայրը` ձեռքերից, իսկ մայրը գդալով, ստիպողաբար, դեղը լցնում է երեխայի բերանը: Ուրիշ ճար չկա:

Խուժան ալիքների բառապաշարով չպիտի ասենք, թե ժողովուրդն այդ է ուզում (դրսից ներմուծված եւ ներսում մոգոնված հոգեախտավոր սերիալներ, ռաբիսի գեշ տեսակ եւ այլն), այդ էլ տալիս ենք: Տալիս ես` տուր փակ առեւտրական կապուղիներով, քո զիբիլն ինչո՞ւ ես էկրանից իմ տուն լցնում․ բա հոգեւորի գծով ԱԱԾ չկա՞, պակա՞ս վտանգավոր ներթափանցումներ են...

Իմ կողմից չպաշտված սովետական դարաշրջանում ամեն տան մեջ դաշնամուր կար (եթե տանն աղջիկ երեխա կար), ողջ շենքով մեկ «տնկտնկոցը» բռնում էր, բայց այդ աղջնակների մի 20 տոկոսը հետո գնում էր երաժշտական դպրոցներ, այդ գնացողների մի մասից էլ հետո մի արդյունք էր ստացվում: Տներում պատերով մեկ գրապահարաններ էին (կասեք` հիմա համացանց կա, դրանք էլ ո՞ւմ են պետք): Երեխան տեսնում էր` էս հարեւան գրող «ձյաձյան» մարդու համարում ունի, խալխ ու պետություն հարգում են, նյութապես կամ բարոյապես մի բան «սեւցնում» են... Տեսնում էր` եւ գուցե ասում էր` գրող դառնամ (ոչ թե, ասենք, հարկայինի, «տամոժնու» աշխատող․ թող այս մասնագետներն ինձ ներեն` «բոբոյի» տեղ չեմ դնում...):

Ուրեմն, ժողովրդից հույս չունենանք, թե ինքնիրեն կդառնա ընթերցող, գիրք կգնի, եւ դրանով ամեն ինչ կկարգավորվի: Բա ո՞ւմ վրա հույս դնենք: Կասեն` գրողների միություն կա: Գրողների միության մասին ահա՛ թե ինչ կասեմ: Պ. Սեւակն իր բանաստեղծություններից մեկում, չգիտեմ` ինչի մասին, ասում է մոտավորապես այսպես. «Եթե պահեմ` ինչի՞ս է պետք, թե դեն նետեմ` քիչ ափսոս է...»: Կարծում եմ` հասկացաք ասելիքս: Ես իմ հիշատակած` վարչապետին ուղղված բաց նամակում թվով տասը առաջարկություններից մեկում նշել էի, որ մի-երկու տասնյակ (թիվը պայմանական է) տաղանդավոր-արդյունավետ գրողների գրական թոշակ նշանակվի, բայց` վարչապետի մշակութային հարցերով խորհրդականի կազմած ցուցակով: Սրա հետեւանքով բախվեցի գրողների միության շահերին ու... դուրս եկա միությունից: Ինձ լայն առումով` գրականության շահերն էին հետաքրքրում, որը չհամատեղվեց միության շահերի հետ, ի՞նչ արած: Հասարակ մի բան․ օրինակ, միության նախագահը վարչապետին ասում է` մի բանով օգնեք: Վարչապետն էլ իրավացիորեն ասում է. «Քո 400 հոգուն ո՞նց օգնեմ՝ մի ամբողջ նախարարության թվաքանակ է...»: Դրանով հարցը փակվում է: Ելքը գրական հիմնադրամներ ստեղծելն է, գրողների միության անդամատոմսերը վերացնելն է` ինչպես որ, որքան գիտեմ, ՔՊ կուսակցությունը անդամատոմսեր ու կրծքանշաններ չի տալիս իր անդամներին: Գրական հիմնադրամը (հիմնադրամները) տեր է կանգնում տաղանդավոր, պետքական գրողին` առանց ցուցակների ու անդամատոմսերի: 

Այլապես, եթե ասում եք` ինչո՞ւ եմ աղմուկ բարձրացրել, այս է վիճակը:
- Չեն տպագրվում «Անդին», «Նարցիս», «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրերը, «Գրեթերթը» (համենայնդեպս, կրպակներում չեմ տեսել): Միայն «Գրական թերթն» է մնացել եւ «Նորք» ամսագրի տարեկան չորս համարները: Ինձ այժմ տպագրում է միայն Արցախի փոքրածավալ «Գեղարմ» հանդեսը: Նախկինում ես նշված բոլոր ամսագրերում ու թերթերում տարեկան տպագրում էի թվով մոտ 30 բանաստեղծություն, դա համարյա մի գիրք է: Պետությունը թող, թեկուզ վնասով, մի (շեշտում եմ` մեկ հատ) գրական ամսագիր պահի՝ մի նախարարի «պադավատի» ծախս է ընդամենը...

Էլի բաներ կարող եմ առաջարկել, բայց ո՞ւմ, ի՞նչ հույսով:

Զավեն ԲԵԿՅԱՆ