Այսօրվա Հայաստանի իրական կերպարը կամ ձուկը գլխից է հոտում
Մեկ-երկու օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, որը ներկայացնում է այսօրվա Հայաստանի իրական կերպարը: Գագիկ Կարապետյան անուն-ազգանունով քաղաքացին անձնական ինչ-ինչ հարցով համայնքապետարան այցելելով՝ փորձում է մտնել համայնքապետ Գրիգորյան Արմենի աշխատասենյակ: Աշխատակիցն, իր հերթին, փորձել է կասեցնել նրա մուտքը՝ ասելով, որ պարոն Գրիգորյանը զբաղված է: Ենթադրում եմ, որ Կարապետյանը բանի տեղ չի դրել համայնքապետի զբաղված լինելու հանգամանքը և ներս է մտել: Այնտեղ նա տեսել է, որ պարոն Գրիգորյանը զբաղված է ընկերների հետ խնձոր ուտելով: Դա պետք է լիներ աշխատանքային ժամին, ինչը, ենթադրաբար, առաջացրել է նախկինում «դուխով» Նիկոլի կողմից «հպարտ» բնութագրված քաղաքացու զայրույթը: Եվ վերջինս, ըստ համայնքապետարանի հայտարարության, հայհոյանքներ է տեղացել աշխատանքային ժամին ՏԻՄ կառույցում խնձոր ուտողների հասցեին: Նրանք էլ, ըստ քաղաքացի Կարապետյանի, ծեծել են իրեն: Բայց չբավարարվելով դրանով՝ համայնքապետը դանակ է քաշել նրա վրա՝ վերք հասցնելով կոկորդի շրջանում: Պատահարը հանրայնացվել է Կարապետյան փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կողմից:
Որպես օրինապահ քաղաքացի՝ Գագիկ Կարապետյանը դիմել է ոստիկանություն, սակայն ինչ-որ ժամանակ արձագանք չի ստացել: Ենթադրաբար դրանից զայրացած՝ վերջինս վերադարձել է և մեքենայով հարվածել է իրեն ծեծողին: Այդ դեպքում ոստիկանությունն ավելի գործուն է գտնվել: Եվ չնայած հարվածի արդյունքում «տուժողի» առողջությանը վնաս չէր պատճառվել, սակայն ոստիկանության կողմից այն գնահատվել է որպես սպանության փորձ: Իսկ ծեծն ու «դանակով քաղաքացու կոկորդը կտրելուն ուղղված ակտիվ, վզի վնասվածքով ուղեկցված գործողությունն», ըստ փաստաբան Րաֆֆի Ասլանյանի, որպես սպանության փորձ չի որակվել: Փաստաբան Կոչուբաևի ենթադրությամբ, այդ երևույթի խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Ինչի առումով վերջինս իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրել է նշված խնդրի վրա և պահանջել արդյունավետ քննություն: Իմ կողմից ավելացնեմ, որ այն դժվար թե տեղի ունենա:
Կարծիքս ամրապնդվում է, երբ ուշադրությամբ ընթերցում եմ համայնքապետարանի հայտարարությունը, որում քաղաքացի Կարապետյանը ներկայացվում է որպես ոչ ադեկվատ անձնավորություն: Որը, համայնքապետարան այցելելով, առանց որևէ պատճառի դեբոշ է սարքել՝ աջ ու ձախ հայհոյելով: Հայտարարության վերջում «հորդորել են բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են ակնհայտ սուտ տեղեկությունը՝ հրատապ հերքել այն»: Ենթադրում եմ, որ բոլոր լրատվամիջոցները՝ մեկ մարդու նման, պետք է հերքեն «ակնհայտ սուտ տեղեկությունը», քանի որ ժողովրդավարական Հայաստանում ՔՊ-ական քաղաքապետը չէր կարող դրսևորել այնպիսի վարքագիծ, ինչպիսին նկարագրված է երկու փաստաբանների ֆեյսբուքյան գրառումներում, որոնցից օգտվել են լրատվամիջոցները: Հայտարարությունը կարդալուց հետո՝ քանի որ ոճը ծանոթ թվաց, որոշեցի ծանոթանալ Գրիգորյան Արմենի կենսագրությանը:
Պարզվեց, որ այս տարի 50-ը բոլորող համայքապետն իր աշխատանքային կենսագրությունը 2000 թվականի սկսել է որպես բաժնի պետ Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում: Այնուհետև որպես տեսչության պետ՝ Տաշիրի տարածքային հարկային տեսչությունում, և վերջապես որպես ծառայության պետ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Ստեփանավանի ծառայությունում: Ինչպես տեսնում ենք, պարոն Գրիգորյանը նախկինների տիպիկ ներկայացուցիչ է: Նրանցից, որոնց 2018 թվականի աշնանից սկսած հեղափոխական իշխանությունը բնորոշում էր որպես «սևերի»: Բայց դա չի խանգարել, որպեսզի 2020 թ. նոյեմբերի վերջին վերջինս նշանակվեր Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ ուղիղ մեկ տարի անց ընտրվեր, բնականաբար, գործող իշխանության աջակցությամբ, որպես համայնքի ղեկավար: Կարծում եմ, որ նիկոլական իշխանությունը կատարել է ճիշտ ընտրություն՝ երբ ուղիղ մեկ տարի Գրիգորյան Արմենին պահել է որպես համայնքապետի ԺՊ: Չնայած, որքան գիտեմ, ԺՊ պահելու տևողությունն օրենսդրությամբ սահմանափակված է. այն է՝ կես տարուց ոչ ավելի:
Ինչպես տեսնում ենք, նախկինների «բեսպրեդելը» կարճ ժամանակ անց փոխարինվել է գործող իշխանության «բեսպրեդելով»: Եվ եթե նախկինների «բեսպրեդելը» հիմնականում հիմնված էր, ըստ ընդդիմադիր Փաշինյանի, «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչ լինելու հանգամանքի վրա, ապա այսօրվա «բեսպրեդելշչիկներինը»՝ քաղաքական կշիռ ունեցող որևէ քպկականի մտերիմ լինելու վրա: Բայց ասեմ, որ դա բավարար պայման չէ, որպեսզի թե՛ տեղական և թե՛ պետական մակարդակում չինովնիկներն իրենց զգան որպես «անհաղթ հերոսներ»: Դրա համար անհրաժեշտ է նաև, որ երկրի ղեկավարի վարքագիծը լինի այն գեներատորը, որից «կսնվեն» մնացած բոլորը: Կարծում եմ, որ հենց նման դեպքի առումով է ճշմարիտ «ձուկը գլխից է հոտում» արտահայտությունը:
Կարծիքներ