Նոր մանրամասներ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթից 

Նոր մանրամասներ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթից 

Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի 30 թեկնածուներից ընտրվեց Գարեգին Խումարյանը։ Հանրային ռադիոյի տնօրենին ընտրող 5 հոգուց բաղկացած հանձնաժողովը չի ցանկանում բացահայտել, թե ովքեր են եղել այն երկուսը, ովքեր ձայն են տվել «Լրատվական ռադիոյի» տնօրեն Գարեգին Խումարյնանին, որը ճանաչվել է հաղթող: 

Բանն այն է, որ մրցույթի ընթացքում կոպիտ խախտում է տեղի ունեցել: Հաղթողը հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն թեկնածուների թվում չի եղել, որոնք անցել էին վերջին փուլ և այդ ցուցակից պետք է ընտրվեր հաղթողը։ Երեկ մրցույթին մասնակցած անձանցից մեկը՝ Հռիփսիմե Առաքելյանը բացահայտել էր, որ Խումարյանի թեկնածությունը պարտադրվել է վերևից, հանձնաժողովին հրահանգել են Խումարյանին մտցնել վերջնական ցուցակ եւ «ընտրել»: Հանձնաժողովի 5 անդամներից 2 հոգի ձայն են տվել Խումարյանին, մյուս թեկնածուները մեկական ձայն են ստացել եւ պարտվել։

«Հրապարակին» հայտնի դարձավ, թե ովքեր են Խումարյանին կողմ քվեարկած երկու հանձնաժողովականները։ Նրանք են Հ1-ի աշխատակից Մարատ Օրդյանը և մաեստրո Երվանդ Երզնկյանը: Իսկ «վերևի» հրահանգը փոխանցողը հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նոր ընտրված նախագահ Արա Շիրինյանը չի եղել, ինչպես երեկ տարածվեց: Արդյունքների ամփոփման նախորդ օրը հանձնաժողովի անդամ, ռադիոյի տնօրենի թեկնածու Ստեփան Զաքարյանին կանչել են կառավարություն և ասել են, որ նա հանի իր թեկնածությունը և փոխանցի հանձնաժողովականներին, որ ընտրեն Գարեգին Խումարյանին, կապ չունի, որ նա չի անցել երկրորդ փուլ: Պատճառաբանությունը եղել է ՝ «որովհետև մեզ իր հետ աշխատելը հարմար է» :