Մենք ճնշվող տղերք չենք․ Լևոն Գալստյան

Մենք ճնշվող տղերք չենք․ Լևոն Գալստյան

Հանրային ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային հանձնաժողովի անդամ Լևոն Գալստյանը «Հրապարակի» հարցերին պատասխանելով ասաց, որ մեկ ժամից հանձնաժողովը հրապարակելու է ռադիոյի նոր տնօրենի անունը։ Հարցին, արդյոք Ձեզ վրա ճնշում է գործադրվել հանրային հեռուստառադիոխորհրդի նորընտիր նախագահի միջոցով, նա պատասխանեց․ «Ոչ։ Ես չեմ համարում դա ճնշում։ Մեր վրա ճնշում չի կարող գործադրվել, մենք ճնշվող տղերք չենք», - ասաց Լևոն Գալստյանը իր և Մերուժան Տեր-Գուլանյանի անունից։

Հարցին, թե արդյոք հանձնաժողովականները քննարկե՞լ են ռադիոյի կոլեկտիվի պահանջը, որ նորընտիր տնօրենը լինի հանրային ռադիոյի աշխատակից, նա պատասխանեց․ «Մեզ ծանոթ է այդ հայտարարությունը։ Այո, մենք ամեն ինչին արձագանքում ենք, քննարկում ենք, ծանր ու թեթև ենք անում։ Մերոնք են, մեր ժողովուրդն է»։ Այս պահին հանձնաժողովում բուռն բանավեճեր են։

Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ մրցութային հանձնաժողովը հաղթողների մի քանի անուն է ներկայացրել հանրային հեռուստառադիոխորհրդի նոր նախագահ Արա Շիրինյանին, սակայն վերջինս դրանք մի կողմ է դրել և առաջարկել է այլ անուն՝ Գարեգին Խումարյան։