Գյումրիում բացվեց Կարապետյանների ընտանիքին պատկանող շքեղ ռեստորանը

Գյումրիում բացվեց Կարապետյանների ընտանիքին պատկանող շքեղ ռեստորանը

Գյումրու «Կումայրի» արգելոց պատմական տարածքի սրտում է գտնվում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող շքեղ «Ֆլորենս» ռեստորանային համալիրը: Մեկ տարուց ավել տևեց ռեստորանի շինարարությունը:  

Այն չափազանց շքեղ է ե՛ւ դրսից, ե՛ւ ներսից: Այսօր մեծ հանդիսությամբ տեղի ունեցավ  ռեստորանի պաշտոնական բացումը, որն ուղեկցվեց համերգային ծրագրով եւ հյուրասիրությամբ, իսկ հանդիսավարը հայտնի դերասան, երգիչ Գրիշա Աղախանյանն էր:

«Ֆլորենս Գյումրի »փիառ մասնագետ Մկրտիչ Ավետիսյանից hraparak.am-ը հետաքրքրվեց նախկին վարչապետից եւ նրա  ընտանիքի անդամներից՝ նրանցից որևէ մեկը եկե՞լ է այսօր, թե՞ ոչ. «Կարեն Կարապետյանը ներկա չէր, ընտանիքի անդամներից տեղյակ չեմ»,-հարցին կարճ պատասխանեց նա՝ ընդգծելով, որ փոխարենը «Ֆլորենս» ցանցի ողջ թիմն էր ներկա:

Մեր զրուցակցի խոսքերով «Ֆլորենս»-ը Գյումրու այցեքարտն է դառնալու: «100-ից ավել դիմումներ ենք ունեցել աշխատանքի տեղավորվելու համար:Երկու փուլով հարցազրույց ենք անցկացրել, ընտրել ենք արհեստավարժներին: Նույնիսկ արտասահմանից գյումրեցի երիտասարդ է առաջարկել, որ  իրեն աշխատանքով ապահովենք, հետ կվերադառնա, այդ հարցը նույնպես քննարկվում է: Նախատեսված է ունենալ 45 աշխատող, իսկ օրավարձով աշխատողների թիվը հասնում է 100-ի:

 Բոլոր աշխատողները Գյումրիից են, սկզբունքորեն որոշված է եղել, որ բոլորն էլ Գյումրիից պետք է լինեն: Մեզ մոտ իտալական ոգով ներշնչված ու Գյումրու կոլորիտով համեմված ոճն է, ուտելիքները նույնպես: Հիմնականում ավանդական ուտեստներ են լինելու, մատուցվում է Գյումրվա հայտնի քյալլան՝ տավարի ու գառան:  Գները շարքային գյումրեցու գրպանին հասու են»,-ավելացրեց Մկրտիչ Ավետիսյանը: 

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը՝ Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը տուրիզմի գոտու վերածելու  նպատակով 500հզր դոլարով գնեց քաղաքի  հին ռեստորաններից մեկը՝ «Ջրահարսը»  եւ կառուցեց այդ շքեղ  համալիրը, որը նրա մյուս երկու՝ Ստեփանակերտում եւ Երևանում գտնվող  ռեստորանների  նման կոչվում է  «Ֆլորենս»։  

Նկատենք, որ  վարչապետ եղած ժամանակ նա  առիթը բաց չէր թողնում Գյումրի այցելելու : Շրջում էր փողոցներով,   քաղաքի խորհրդավորությամբ ու գեղեցկությամբ  էր հիանում եւ  բացականչում ՝ ֆանտաստիկա՜ :