Ռուսական արշավ՝ ընդդեմ հայկական հեղափոխության

Ռուսական արշավ՝ ընդդեմ հայկական հեղափոխության

Երեկ ռուսական լրատվամիջոցները, կարծես մեկ աներեւույթ կենտրոնից հրահանգավորված, տարածում էին Russia Today (Ռուսաստանը՝ այսօր») ռուսական միջազգային լրատվական հեռուստաընկերության ռեպորտաժը։

Թեման Պրահայի քաղաքացիական կենտրոն Prague Civil Society Centre հասարակական կազմակերպության կողմից Երեւանում  ամիսներ առաջ կազմակերպված սեմինարն էր, որին եկել են մասնակցելու երիտասարդ ակտիվիստներ ԱՊՀ տարբեր երկրներից, այդ թվում՝ Russia Today հեռուստաընկերության թղթակիցը։ 

Սեմինարին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 7-11-ը, մասնակցել են մեր հեղափոխական ակտիվիստները, միեւնույն միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներով տարիներ շարունակ աշխատած գործիչները՝ «Ասպարեզ» ՀԿ ղեկավար Լեւոն Բարսեղյանը, Միքայել Զոլյանը, նախկինում քաղաքական վերլուծաբան, այժմ պատգամավոր, դեմոկրատական շարժումներում թրծված այլ անձինք, որոնք կիսվել են քաղաքացիական պայքարի իրենց փորձով։ 

Սեմինարի ծանուցման թերթիկներում ներկայացված է նպատակը՝ «քաղաքացիական ակտիվիստների, մեդիայի, մարկետինգի ու բիզնեսի ոլորտում տաղանդավոր մասնագետների համատեղ ինտենսիվ աշխատանքի եւ ստեղծագործության 4 օր», որոնք «կօգնեն տեղական համայնքների հետ համագործակցելուն, հանրային աջակցություն ստանալուն»։ Ռուսական ԶԼՄ-ներն այս թրեյնինգը ներկայացնում են որպես հակառուսական ակցիաներից մեկը, որոնց համար, ըստ ռուսական մեդիայի, 2018-2019 թվականներին ԱՄՆ կառավարությունը 250 մլն դոլար է հատկացնում։ Prague Civil Society Centre-ը ֆինանսավորվում է ԱՄՆ-ից՝ 2017 թվականի օգոստոսի 2-ին ընդունված «Ամերիկայի հակառակորդներին սանկցիաների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակներում։   

Եվ ահա՝ Կրեմլի ենթակայության տակ գործող լրագրողներից ու մեկնաբաններից ամեն մեկն իր ֆորմատին համապատասխան անդրադարձ էր կատարել այդ նյութին։ Մեկ օրինակ՝ կրեմլյան հայտնի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը, օրինակ, հրավիրել էր Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին եւ հարցնում էր․ «Այսինքն՝ նրանց պատրաստում էին օրինական իշխանության տապալմա՞նը»։ «Այո, այո,- պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանն իր ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի ընկերոջը՝ Սոլովյովին,- ամերիկյան հարկատուները վճարել են, որ Երեւանում կազմակերպվի սեմինար, որի ժամանակ, բացի հաճելի միջոցառումներից, նրանց սովորեցրել են, թե ինչպես կազմակերպել հեղափոխություններ։ Եթե նման բան կատարվեր ԱՄՆ-ում, բոլորը կնստեին»։ Նա պատմում էր, թե սեմինարի մասնակիցներն ինչպես են ԱՊՀ-ից եկած երիտասարդներին սովորեցրել «ֆեյք լուր» տարածել։ «Օրինակ, կարող եք տարածել, որ իշխանությունը պատրաստվում է կտրել ծառերը, եկեք դուրս գանք ու պառկենք ծառերի վրա»,- ասում է ազգությամբ հայ լրագրողուհին, իսկ Սոլովյովն արձագանքում է․ «Այդ ապուշները տեսել են, որ եթե պառկում ես ծառին, նշանակում է կանգնում ես՝ ծառը գրկած»։ Այսպես, Հայաստանը ներկայացվում է որպես հեղափոխությունների արվեստն արեւմտյան փողերով տարածող հարթակ, համարյա ահաբեկչական ճամբար։ 

Pikabu.ru կայքը գրում է․ «Յուրաքանչյուրը կարող է եզրակացնել՝ Երեւանում հավաքվել են նրանք, ովքեր պատրաստվում են պայթեցնել երկիրը ներսից»։ 

Putin-today.ru կայքն էլ մեր քաղհասարակության սեմինարը ներկայացնում է որպես արեւմտյան ցանցային մարկետինգային քայլ։ «Հայաստանը պատահական չի ընտրվել որպես CampСamp սեմինարի անցկացման վայր։ Սերժ Սարգսյանին գահընկեց անելուց հետո բողոքավորներն ԱՊՀ տարբեր երկրներից ձգվեցին Երեւան՝ ոգեշնչվելու»։ Այս մտքի հետ դժվար է չհամաձայնել։ Հայկական հեղափոխությունն օրինակ է դարձել ԱՊՀ շատ երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների, մի երկրի, որի նախագահը չի արտասանում գլխավոր հեղափոխականի՝ փաստաբան, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու անունը, մի երկրի, որտեղ այս անունն արտասանելու համար կարող են աշխատանքից ազատել։ Կարիք կա՞ արդյոք զարմանալու, որ ԱՊՀ երկրներից երիտասարդները գալիս են նոր Հայաստան՝ ազատության օդ շնչելու, մեր հեղափոխականների փորձն ուսումնասիրելու։ 

Բնապահպան ակտիվիստ Օլյա Ազատյանը, որը մասնակցել է սեմինարին, պատմում է․ «Ամիսներ առաջ Պրահայից ինձ առաջարկեցին Հայաստանում անցկացվելիք մի միջազգային երիտասարդական ճամբարում խոսել Հայաստանի ժողովրդավարացման փորձառության եւ հեռանկարների մասին, որի մասին տեղական եւ միջազգային շատ հարթակներում եմ խոսում: Եղել եմ ճամբարի միայն առաջինը օրը՝ մեկուկես ժամով, եւ խոսել եմ գրեթե նույնը, ինչ ներկայացրել եմ այլ հարթակներում: Միջոցառման կազմակերպչական մանրամասներից ընդհանրապես տեղյակ չեմ։ Մենք՝ բոլորս, անընդհատ ուսումնասիրում ենք տարբեր երկրների ժողովրդավարացման փորձառությունները, մտածում ենք, գրում ենք, հետեւում ենք դինամիկային: Դրանում վատ բան չեմ տեսնում»: 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը սեմինարին չի մասնակցել, բայց իր գործընկերների  համար վիրավորված՝ ստանձնել է ներկայացված փաստերի ստուգումը։ «Նախ, այդ հրապարակումների մեջ՝ Russia Today-ի, «Սպուտնիկի», Մարգարիտա Սիմոնյանի, կան բացահայտ ստեր, որոնց ստուգումն ու հերքումը մեր փաստերի ստուգման բաժինն է անում։ Երկրորդը․ այդ ստերից բերվում են մանիպուլյատիվ եզրահանգումներ։ Դրանք ենթադրում են, որ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունն իրականացրել են ոչ թե Հայաստանի քաղաքացիները, այլ օտարերկրացիները։ Սա ուղղակի վիրավորանք է Հայաստանի այն մոտ մեկ մլն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրականացրեցին հեղափոխությունը։ Իսկ հարցումների համաձայն, ցույցերին մասնակցել է մոտ մեկ մլն մարդ»։ Երեկ հայատյաց հրապարակման կապակցությամբ հարցում ուղղեցինք նաեւ արտգործնախարարություն՝ տեղեկանալու համար, թե Ռուսաստանում կազմակերպված սեւ արշավանքները հայկական հեղափոխության դեմ չե՞ն անդրադառնում հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունների վրա, ԱԳՆ-ին մտահոգիչ չի՞ թվում այն հանգամանքը, որ ռուսական մեդիան Հայաստանը ներկայացնում է որպես նարնջագույն հեղափոխություններ տարածող հարթակ։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակվի։