Հայաստանում կա 6 «Ռոտարի» ակումբ, 3-ը՝ Երևանում, մյուսները՝ Վանաձորում և Գյումրիում

Հայաստանում կա 6 «Ռոտարի» ակումբ, 3-ը՝ Երևանում, մյուսները՝ Վանաձորում և Գյումրիում

«Ռոտարի» ակումբների եւ մասոնական օթյակների հետ կապված տեղեկատվությունը մշտապես պարուրված է խորհրդավորության շղարշով, թեեւ տարբեր ժամանակներում հրապարակվել են հայաստանյան ռոտարացիների անունները․ «Բիզնես քընսալթինգի» հիմնադիր-տնօրեն Հայկ Մանասյան, պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյան՝ Աշոտ Լյուդվիգովիչ, սփյուռքահայ Արմեն Բադալյան, մանկական օնկոլոգ Գրիգոր Բադալյան, Շիրակի եւ Լոռվա մարզերում Գերմանիայի պատվո հյուպատոս Ալեք Տեր-Մինասյան, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյան եւ բազում այլ անուններ, որոնց մեջ նաեւ՝ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյան, ով, սակայն, մահվանից առաջ հարուցված աղմկոտ քրեական գործերի հրապարակայնացումից հետո հեռացվեց «Ռոտարի»-ից։ 
Ռոտարացիներ-իշխանություն հարաբերությունները նույնպես խորհրդավորության եւ անգամ դավադրությունների տիրույթում են դիտարկվել։ Նարեկ Պետրոսյան անուն-ազգանունով ֆեյսբուքյան մի օգտատեր, օրինակ, երեկ առաջարկել էր պարզել, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, որն ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում մշտապես ասում էր՝ «Լիցկա, Բուդաղյաններ», քրեական հետապնդման չի ենթարկում Սյունիքի նախկին հանրահայտ մարզ պետ Սուրեն Խաչատրյանին։ Հարցրել էր եւ ինքն էլ պատասխանել․ «Գիտե՞ք խի: Լիցկայի փեսեն Հայաստանի «Ռոտարի» ակումբի շեֆն ա, մասոն ա․․․ «Ռոտարի»-ից հորդորել են Գալստյանի աներոջը՝ Լիցկային չկպնել»։ 

Պարզեցինք, որ «Ռոտարի» երեւանյան ակումբի նախկին նախագահ Ռուբեն Գալստյանը, իրոք, Սուրեն Խաչատրյանի փեսան է եւ աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես վնասվածքաբան-օրթոպեդ։ Արդեն մեկ տարի է, սակայն, նրան Երեւանի «Ռոտարի» ակումբի նախագահի պաշտոնում ռոտացիայի կարգով փոխարինել է Ելենա Գիվարգիզը, որն «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղակայված Երեւանի «Ռոտարի» ակումբ է մտել 2015-ի հունիսին։ Ի դեպ, վերջերս նա Հանրային հեռուստաընկերության «Անկախ տարիքից» հաղորդման հյուրն էր եւ բավականին աշխույժ տիկնոջ տպավորություն էր թողնում։ 

Հիշեցնենք, որ 2017-ին այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր «Ռոտարի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք հայտարարել էին, թե Հայաստանը կարեւոր գործընկեր է իրենց համար, եւ վստահեցրել, որ քննարկելու են նաեւ մեր երկրում նոր ծրագրեր իրականացնելու ուղղությունները: Հիմա ի՞նչ են անում ռոտարացիները, ի՞նչ հարաբերություններ ունեն Հայաստանի նոր իշխանությունների հետ։ 

Ելենա Գիվարգիզը նշեց, որ հարցազրույց չի կարող տալ՝ կանոնադրությամբ արգելվում է, եւ անգամ տարակուսանք հայտնեց, թե ինչպես է իր նախորդը՝ Ռուբենը, զրուցել մեզ հետ։ 

Լոռու եւ Շիրակի մարզերում Գերմանիայի պատվո հյուպատոս, Գյումրու «Ռոտարի» ակումբի նախագահ Ալեք Տեր-Մինասյանը նույնպես որեւէ կանոնադրությամբ կաշկանդված չէ եւ «Հրապարակ»-ի «նոր իշխանություններ-ռոտարացիներ» հարաբերությունների մասին հարցին ի պատասխան ասաց՝ ոչ մի։ Վստահեցրեց, որ որեւէ անգամ, գոնե իրենք, կառավարության անդամների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չեն հանդիպել։ Բայց Շիրակի եւ Լոռու մարզպետների ու մարզպետարանների ներկայացուցիչների հետ՝ այո։ «Մենք համայնքներին ենք օգնում, ամեն մի «Ռոտարի» օգնում է իր համայնքին, իշխանության հետ ոչ մի կապ չունենք»,- ասաց Գյումրու «Ռոտարի» ակումբի ղեկավարը։

Պարզվեց՝ ներկա պահին Հայաստանում գործում է 6 «Ռոտարի» ակումբ․ 3-ը՝ Երեւանում՝ «Ռոտարի ինթերնեյշնլ»-ը, Երեւանի եւ «Արարատ» ակումբները, երկուսը՝ Գյումրիում, մեկը՝ Վանաձորում, որն ամենանորն է։ Այստեղի ակումբի նախագահը Կարինե Ղուկասյանն է, ով վերջերս սոցիալական ցանցերում Վանաձորի ռոտարացիների ակումբի անդամներին աշխատանքներին գիշերակացով մասնակցելու հրավեր էր տեղադրել՝ նշելով, որ 1 անձի ներկայության համար պահանջվում է 10 հազար դրամ։ Ի դեպ, գրեթե բոլոր ակումբներն էլ ունեն ֆեյսբուքյան էջեր, որոնցում ժամանակ առ ժամանակ իրենց գործունեության մասին տեղեկատվություն են հրապարակում։ Մեզ հետ զրույցում Վանաձորի ռոտարացիների ղեկավար Կարինե Ղուկասյանն էլ, առանց որեւէ խորհրդավորության քողի, պատմեց, որ իրենք Լոռվա մարզի հեռավոր գյուղերի համար ներկայումս գրանտային ծրագրեր են մշակում եւ հայթայթում։ «Իրենք այս տարվա համար հայտարարել էին ջրային ծրագրեր՝ անջուր սահմանամերձ գյուղերի համար, մինչեւ 50-100 հազար գրանտի սահմաններում, որ մենք ջրագիծ բերենք, իրենք ներդրում կատարեն, էդ ջուրը հասանելի լինեն գյուղացիներին։ Հիմա աշխատում ենք Գյուլագարակի եւ Լոռվա այլ գյուղերի ծրագրի հետ»։ «Իրենք» ասելով՝ Վանաձորի ռոտարացիների ակումբի նախագահը նկատի ունի այլ երկրների «Ռոտարի» օթյակները, որոնք բարեգործական հիմունքներով ֆինանսավորում են հայաստանյան ակումբակիցների ներկայացրած ծրագրերը։ 

«Ռոտարի ինթերնեյշնլ»-ն աշխարհում մինչ այժմ իրականացրել է 4,5 միլիարդ դոլարից ավելի արժողությամբ բարեգործական ծրագրեր (իրենց մեծագույն ձեռքբերումը ռոտարացիները համարում են պոլիոմիելիտի նահանջն ամբողջ աշխարհում), այդ թվում 3 մլն դոլարի ծրագրեր՝ Հայաստանում: Լոռվա մարզում ռոտարացիներն այս պահին իրագործում են նաեւ առողջապահական ծրագրեր, որի շրջանակներում արդիականացվում են մարզի բուժկենտրոնների բժշկական սարքավորումները, որպեսզի ամեն բարդ հետազոտության համար լոռեցիները չհասնեն Երեւան։ Շիրակի «Ռոտարի ինթերնեյշնլ»-ի ղեկավարի հաղորդմամբ՝ այս պահին ունեն Գյումրու ավստրիական հիվանդանոցին մի գերթանկարժեք սարք նվիրելու ծրագիր։ Սարքը հնարավորություն կտա պտղի ախտորոշումը կատարել նախքան ծնվելը։