Երբ հարազատի մահվան մասին հեռվից են  խոսում․․․ 

Երբ հարազատի մահվան մասին հեռվից են  խոսում․․․ 

Հարցազրույցի իմաստը պիտի հասկանալ։ Երբ լսեցինք, որ Փաշինյանը հարցազրույց պիտի տա՝ առաջին բանը, որը երևի յուրաքանչյուրի մտքով անցավ, սա էր՝ ուզում է հանձնման ենթակա գյուղերի մասին խոսի։ Սա գիտե՞ք ինչի նման է։ Երբ հարազատի մահվան մասին պիտի հայտնի ու, բնական է,  միանգամից չի ասում։ Հեռվից է գալիս։ Մոտավորապես այսպես՝ մամադ շատ վատ է, ուզում է քեզ տեսնել։ Փաշինյանը չարագույժը մեղմացնելու մեծ վարպետ է։ Արցախը տանք, լավ ապրենք-ը ժողովրդին «թմրեցնելու» ամենահաջողված պսակն  է։ Հերթը հասել է Հայաստանին։ Ո՞նց անի, որ կորուստը հեշտ տանենք, գործի է դրվել իր փորձված վարպետության ողջ հնարքը։  Ուշադրություն դարձրեք։ Ասում է․  «Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից»։

Սա նույնն է, որ ասի՝ ծնողդ շատ վատ վիճակում է, չի բացառվում․․․ Բայց դուք  չանհանգստանաք, ամեն ինչ արվում է, որ նրա բացակայության պակասը չզգաք։ Նրա փոխարեն մի ուրիշ բան կստեղծենք, որ դուք ձեզ որբ չզգաք․ «Ես միշտ ասել եմ` երբ սահմանագծման և սահմանազատման գործընթացը հնարավորինս շուտ մտնեն ուժի մեջ` զուգահեռ երեք կարևոր պայման կապահովվի` տեղի ունեցող պրոցեսի իրավական հենքը, ֆունկցիոնալ հարցերի լուծումը և անվտանգությունը։ Դելիմիտացված սահմանը արդեն իսկ պետք է դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածի հարատև կայունության համար»։ 

Էլ ի՞նչ եք ուզում, ժողովուրդ։  Որ այդ գյուղերը հանձնի, ձեր անվտանգությունը կապահովվի, ինչպես Հայաստանի անվտանգությունն ապահովվեց՝ Արցախը հանձնելուց  հետո։ Սա փաստորեն նույն տրամաբանությունը ունի՝ Արցախը հանձնենք ու լավ ապրենք։ Հիմա այդ պրոցեսը Հայաստանում է իրականացվում։ Հիշեցնեմ, որ 2023 թվականին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին՝ նշելով, որ պատրաստ է Տավուշի գյուղերը հանձնել: Ավելին, նա ասել էր, որ այս տարվա փետրվար ամսին Մյունխենում Ալիևի հետ հանդիպմանն ադրբեջանական կողմից Տավուշի գյուղերի վերադարձի հարց բարձրացվել է: Իսկ արդեն այդ տարվա մայիսին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հաստատել էր, որ Տավուշի գյուղերը մտնում են Ադրբեջանի՝ 86.600 քկմ տարածքային ամբողջականության մեջ, որն ինքը ճանաչել է: Ուստի դրանից հետո հունիս ամսին China Media Group-ին տված հարցազրույցում Ալիևը նշել էր. «Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, ինչն իր մեջ ներառում է Ղարաբաղը և ՀՀ տարածքում ադրբեջանական 8 անկլավները: Սա, իրապես, կարևոր հայտարարություն է, ինչը մնում է ամրագրել թղթի վրա և ստորագրել»:

Այս մեջբերումը կատարում եմ, որ երբ Ադրբեջանը զորք մտցնի այդ տարածք, չզարմանաք, չէ՞ որ այդ տարածքը Նիկոլ Փաշինյանի կողմից  հայտարարվել է որպես  Ադրբեջանի տարածք։ Իսկ այսօր ասում է, որ ոչ մի խոսք չի եղել  և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ 

Ի դեպ, արցախցիների հետ զրուցելիս, ասում են՝ Հայաստանում հանձնման գործընթացները գնում են Արցախի նմանությամբ, ոչ մի տարբերություն չկա։ Սկզբից Ստեփանակերտի շրջակա գյուղերը հանձնվեց, հետո օղակը սեղմվեց, հասան Ստեփանակերտ։