Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի մեծագույն տուրքը մեր երկիրը փրկելը կլինի

Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի մեծագույն տուրքը մեր երկիրը փրկելը կլինի

Սարդարապատը համարում ենք մեր պատմության հերոսական էջերից մեկը։ Հայոց ցեղասպանությունից հետո, կորցնելով մեր պատմական հայրենիքը` Արևմտյան Հայաստանը, հայությունը պատսպարվել էր այս փոքրիկ հողակտորի վրա։ Թուրքերն արդեն փորձում էին վերացնել նաեւ Մեծ Հայքի արեւելյան այս փոքրիկ հատվածը։ Թշնամին մի բուռ մնացած հողակտորի` մեր Մեծ տան վերջին սենյակի շեմին էր արդեն։ Ու ահազանգ հնչեցվեց։ Հոգեւոր հովիվները, հայ զինվորականները, զինվոր դարձած մշակը, գյուղացին, Արցախից եկած կամավորականները ոտքի ելան, ջախջախեցին ու ետ մղեցին թշնամուն։ Փրկեցին մեր այս վերջին հողակտորը։ 

Այսօր մեր այս միակ հողակտորը դարձյալ վտանգված է։ Եթե մեկ դար առաջ կորցրել էինք Արեւմտյան Հայաստանն ու պայքարում էինք գոյության համար, ապա այսօր դավաճանաբար հանձնվել է նաեւ այս հողակտորն Արեւելքից պաշտպանող հզոր պատնեշը, արեւելյան ամրոցը` Արցախը։ Եթե մեկ դար առաջ թշնամին մեր տան շեմին էր, ապա այսօր երիցս սվելի ստոր ու նենգ թշնամին երկրի ներսում է վաղուց ու ներսից հոշոտում է երկիրն ու փորձում մաս առ մաս, գյուղ առ գյուղ, տուն առ տուն հանձնել` բանալիները տալով թշնամուն։ 

Վերջին երեք տասնամյակում չգիտեմ ինչով էին զբաղված մեր գիտնականները, ակադեմիկոսները, մտավորականները, որ սովորաբար ժողովրդի առջեւից են գնում, ոչ թե հետեւից քարշ գալիս, վերջին տարիներին ինչով էին զբազված զինվորականները, որոնց գլխավոր պարտականությունը երկիրը, հայրենիքը պաշտպանելն է... Ընդդիմությանը եւ մյուսներին չեմ էլ թվարկում, որովհետեւ եթե նրանք իրոք լինեին, երկիրն այսօր այս օրհասական վիճակում չէր լինի... 
Հիմա այլեւս ժամանակ չկա քննարկելու, թե ինչու այսպես եղավ, ովքեր են հիմնական մեղավորները, ովքեր` շարքային մեղավորները, որովհետեւ թշնամին այսօր երկրի ներսում է, ու այլեւս ժամանակը չի ներում. պետք է բոլորը եւ յուրաքանչյուրն առանձին-առանձին` հոգեւորական, թե զինվորական, գյուղացի, թե քաղաքացի ոտքի կանգնեն, իրենցից կախված հնարավորն ու անհնարինն անեն, որպեսզի չկորցնենք մեր այս վերջին հողակտորն ու ազգովի չդառնանք արհամարհված ու տարագիր։ 

Ժամանակը չի սպասում։ Վաղն ապրիլի 24-ն է։ Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի մեծագույն տուրքը մեր երկիրը, մեր հայրենիքը փրկելը կլինի։ 

Վարդգես Օվյան