Փաշինյանը hայտարարեց, որ չի խառնվելու դատական իշխանության գործերին, հետո ճիշտ հակառակն արեց

Փաշինյանը hայտարարեց, որ չի խառնվելու դատական իշխանության գործերին, հետո ճիշտ հակառակն արեց

Դատական համակարգի անկախության հետ չհամակերպվող ՀՀ իշխանությունները որոշել են օրենսդրական փոփոխություններով ձեւավորել յուրային դատավորների մի թիմ, որ իրենց ընդդիմախոսներին կալանավորելու խնդիր չունենան։ Այդ նպատակով կառավարությունը խորհրդարան է ուղարկել օրենքների նախագծերի մի փաթեթ, որով նախատեսվում է ունենալ առանձին մասնագիտացված դատավորներ, որոնք կքննեն, այսպես կոչված, կալանավորման միջնորդությունները եւ հակակոռուպցիոն բնույթի գործերը։ Նշված փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է դատական, քրեական դատավարության օրենսգրքերում եւ Արդարադատության ակադեմիայի մասին օրենքում փոփոխություններին, արտահերթ նիստով քննարկվելու է փետրվարի 3-ին։ Ինչի՞ է ուզում հասնել կառավարությունն այս փոփոխություններով։
Այս թեմայով զրուցել ենք Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ։

Ի դեպ, այդ նախագծերի փաթեթով առաջարկվում է ավելացնել դատավորների թվակազմը՝ 21 դատավորով։ «Սա, իհարկե, շատ լավ նախաձեռնություն է այդ իմաստով, սակայն, երբ տեսնում ենք, թե դատավորներն ինչ ուսուցման գործընթաց են անցնելու եւ ինչ ժամանակահատվածում են դառնալու դատավոր, էստեղ արդեն, իհարկե, լուրջ խնդիր է առաջանում։ Մասնավորապես, նախատեսում են մեկ ամսվա ընթացքում պատրաստել դատավորներ, այսինքն՝ դատավոր չհանդիսացող իրավաբանը պետք է մեկ ամսվա ընթացքում այդ ուսուցման միջոցով դառնա դատավոր։ Սա է, որ մեզ լուրջ անհանգստացնում է»,- ասաց պարոն Զոհրաբյանը։

- Սա ի՞նչ ռիսկեր է պարունակում։

- Տեսեք, այսօր գործող օրենքը դատավորի թեկնածուի համար նախատեսում է 7 ամսվա ուսուցում, դրան գումարած՝ առնվազն 3 ամսվա փորձաշրջան։ Այսինքն՝ առնվազն 10 ամիս դատավորի թեկնածուն պետք է սովորի։ Ընդ որում, սովորելու այդ ընթացակարգն էսպես է՝ դասախոսություններ, սեմինարներ, ուսումնական դատախաղեր, բանավեճեր եւ այլն։ Այսինքն՝ մեկ ամսում հնարավոր չէ դատավորի թեկնածուներին այդ ծավալը հրամցնել, եւ, բնականաբար, մենք լուրջ խնդիր ենք ունենալու։ Մեզ համար ավելի լավ է ունենալ պրոֆեսիոնալ դատավորներ, քան աչքաչափով դատավորներ։

- Ո՞ւր եւ ինչո՞ւ է շտապում կառավարությունը։

- 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի խառնվելու դատական իշխանության գործերին, ես՝ որպես փաստաբան, շատ ուրախացա։ Բայց հետագա զարգացումները ուղիղ հակառակն ապացուցեցին։ Կոնկրետ մասնավոր գործերով, երբ որ անհաջողություն էր դրսեւորում դատախազությունը, օրինակ՝ կալանավորված անձին բաց էր թողնում դատարանը, դրանից հետո սկսվեց դատարանների շենքերը շրջափակելու այդ ակցիան։ Այնուհետեւ անցումային արդարադատություն, վեթինգ, այս վերջերս էլ, կապված քրեական գործերի հետ, որոնք ուղղակի առնչվում են վարչապետին, որովհետեւ իրենց ամառանոցից կարծեմ գույք են «գողացել», այս պայմաններում, երբ որ դատական իշխանության ներկայացուցիչների հետ ժողով արեց Նիկոլ Փաշինյանը եւ իր դժգոհությունն ու տարակուսանքն արտահայտեց՝ կապված այդ վիճակագրության փոփոխության հետ։ Դուք քանի որ երկար ժամանակ է՝ լրագրող եք, ինքներդ էլ հիշում եք, որ կալանավորումների վիճակագրությունը մինչեւ 2018 թվականն էլ շատ բարձր էր՝ 95 տոկոս, եւ ավելի դեպքերում դատարանները կալանավորում էին մեղադրյալներին, այսօր դա փոփոխվել է՝ հօգուտ դեպի մեղադրյալները։ Այսինքն՝ դատավորներն ավելի անկաշկանդ են փորձում որոշում կայացնել։ Եվ այս նախագիծը, կարծում եմ, միտված է նախկին վիճակագրությունը վերականգնելուն։

- Նախկինում դատավորներին մեղադրում էին, որ նրանք առաջնորդվում են օրվա իշխանությունների քմահաճույքներով, այսօր, երբ դատական համակարգը դրսեւորում է հնարավորինս անկախություն գործադիր իշխանությունից, հիմա էլ մեղադրում են, թե դատավորները նախկինների շահերն են սպասարկում։

- Տեսեք, մենք մի պարզ բան կարող ենք արձանագրել, որ այսօր վարչապետի տրամադրության տակ են հատուկ ծառայությունների բոլոր ռեսուրսները։ Եթե դատավորը կաշառք է վերցնում կամ նախկին կապերի ուժով փորձում է արդարադատության շահը ծռել հօգուտ նախկին չինովնիկների, ես կարծում եմ՝ իրենք հանգիստ դա կարող են բացահայտել, արձանագրել եւ այդ դատավորի նկատմամբ գործընթաց սկսել։ Եթե այդպես չէ, եթե դատավորն ինքը որոշում է, որ պետք է անկախ լինի, եւ փորձում է, ըստ էության, խնդիրը լուծել, բնական է, որ մենք՝ որպես փաստաբան, էստեղ խնդիր ենք տեսնում, եթե գործադիր մարմինը փորձում է հակառակ ուղղությամբ տանել։

- Այսինքն՝ մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ դատավորները նախկինում ծառայում էին նախորդ իշխանություններին, այսօր չեն ուզում ծառայել գործող իշխանություններին։

- Միշտ էլ եղել են դատավորներ, որոնք թե՛ նախկինում, թե՛ ներկայում ծառայում են գործող իշխանություններին։ Դրա համար պարտադիր չէ հրահանգ լինի, իրենք կարողանում են այդ մթնոլորտը ճիշտ պատկերացնել եւ իշխանահաճո որոշումներ կայացնել, բայց նախկինում այսպես էր․ եթե դատավորը չէր կողմնորոշվում, թե որ ուղղությամբ «սխալվի», նա հիմնականում «սխալվում» էր դատախազի օգտին, որովհետեւ հասկանում էր, որ դա անվնաս է։

- Այս փոփոխություններով կառավարությունը քաղաքակա՞ն խնդիր է լուծում, այդպես են մեկնաբանում շատերը՝ ձեւավորել յուրային դատավորների մի թիմ, որոնք կլինեն կառավարությանն «առընթեր» եւ ցանկացած պահի իրենց ուզած մարդու կալանքը կտան։

- Տեսեք, ստեղծվում է դատավորների մի թիմ, որոնք լսելու են մինչդատական վերահսկողության գործերը, այսինքն՝ կալանավորման հարցերը, ձերբակալումների դեմ բողոքները, օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ որոշումներ են կայացնելու, օրինակ՝ օպերատիվ մարմինը դիմում է, ասում է՝ ուզում ենք գաղտնալսենք այս մարդուն եւ այլն, եւ այդ որոշումները կայացնելու է այդ դատավորների խմբակը, ես այդպես եմ անվանում այդ խմբին։ Հիմա, ովքե՞ր են մտնելու այդ խմբակի մեջ, այդ մեկ ամսական դատավորները, ովքեր մեկ ամսում պետք է սովորեն, նաեւ գործող դատավորներից պետք է զտվեն՝ որոշակի իրենց չափանիշներով, եւ նույնպես այդ խմբակին միանան։ Հիմա, մենք այստեղ Բարձրագույն դատական խորհրդի կազմն էլ եթե քննարկենք, որտեղ տասը անդամից հինգը Ազգային ժողովի կողմից է նշանակված, եւ, բնականաբար, արդեն ԲԴԽ-ն է կազմակերպելու այդ քննական-ուսումնական գործընթացը, եւ այստեղ նույնպես մի շարք հարցեր են առաջանում։ Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան ուղղակի քաղաքական միջամտություն այդ տիպի գործերին։