Քաղաքական հայր ու որդի Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում

Քաղաքական հայր ու որդի Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում

Ուղիղ 32 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մարտի 5-ին, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամության մասին: Այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել “Комсомольская правда” ռուսալեզու թերթին և, մասնավորաբար, հայտարարել. “Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны, вед при этом Карабах остается в составе Азербайджана, территориальная целостность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнидеятельность. Вот наша позиция. Мы готовы ее обсуждать на любом уровне.”.

Մեջբերումից պարզ է դառնում, որ 1992թ. մարտի դրությամբ՝

1. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին ԼՂԻՄ-ի տարածքը համարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, 

2. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է եղել, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով,

3. Ըստ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եթե նախկին ԼՂԻՄ-ի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով, ապա այդ դեպքում արցախցիները կունենան երաշխավորված կենսագործունեություն:

5 տարի անց՝ 1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանը վերահաստատել է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին իր դիրքորոշումը: 

Այսպես, 1997թ. հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Մոնդ» թերթին, որտեղ դեմ է արտահայտվել ինչպես Արցախի անկախությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը միանալուն: Հարցազրույցը տպագրվել է նաև «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում 1997թ. հոկտեմբերի 17-ին:
17 հոկտեմբերի 1997թ. «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթ Լևոն Տեր-Պետրոսյան մեջբերում. «…եթե խնդիր դնենք «անկախություն կամ Լեռնային Ղարաբաղի միացում ամեն գնով» բնույթի մաքսիմալիստական պահանջների, ապա պետք է ինքներս մեզ հարց տանք՝ դա իրակականալի՞ է, թե՝ ոչ: Հաշվի առնելով Հայաստանի կարողությունները, տնտեսական շրջափակումը, որը խեղդում է, միջազգային համայնքի ճնշումները, հնարավոր պատժամիջոցները՝ ես եկել եմ այն եզրակացության, որ այդ խնդիրները ռեալիստական չեն, որ մենք չենք դիմանա…»:
Մեջբերումից պարզ է դառնում, որ 1997թ. հոկտեմբերի դրությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել ինչպես Արցախի անկախությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը վերամիավորմանը:

Իսկ եթե բացառում ենք Արցախի անկախությունը կամ էլ վերամիավորումը Հայաստանի Հանրապետությանը, ապա մնում է մեկ տարբերակ, այն է՝ Արցախն Ադրբեջանի կազմում:

Իր պաշտոնավարման օրոք, բարեբախտաբար Լևոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց իրագործել իր հակահայկական, ապազգային մտադրությունը: 

Սակայն, ի դժբախտություն հայության՝ Արցախի և Հայաստանի հանրապետությունների ու հայ ժողովրդի վաղվա օրվա նկատմամբ մտահոգություն ունեցող հատվածի Լևոն Տեր-Պետրոսյանի մտադրությունը 31 տարի անց կյանքի կոչեց իր քաղաքական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը, սակայն մեկ տարբերությամբ. եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ էր, որ Արցախն ինքնավար հանրապետության կարգավիճակով գտնվի Ադրբեջանի կազմում, ապա Նիկոլ Փաշինյանը առանց որևէ ինքնավարության կարգավիճակի 2023թ. մայիսի 22-ին Արցախի Հանրապետությունը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Նկատի ունենալով տվյալ փաստը՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, որպես Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակ, գերազանցել է իր քաղաքական հոգեհորը:

Սակայն, ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի և նրանց նման մտածողների մենք պետք է ամեն գնով հասնենք Արցախի Հանրապետության դեօկուպացիային և մեր հայրենակիցների Արցախ վերադարձին:
Չկա և չի կարող լինել որևէ պատճառաբանություն, որը կարող է բերվել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացման համար:

Արցախի ազատագրման համար կան և մշտապես լինելու են անժամանցելի (վաղեմության ժամկետ չունեցող) ու անհաշվելի հիմնավորումներ: 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ