Ադրբեջանը կավելացնի գազի արդյունահանումը․ Միջազգային էներգետիկ գործակալություն

Ադրբեջանը կավելացնի գազի արդյունահանումը․ Միջազգային էներգետիկ գործակալություն

Միջազգային էներգետիկ գործակալությունը հրապարակել է STEPS կանխատեսումը, որտեղ խոսվում է նաեւ համաշխարհային էներգետիկ քարտեզի վրա Ադրբեջանի տեղի եւ դերի մասին։ Համաձայն այդ կանխատեսման, 2030 թվականին Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալները հասնելու են 35 միլիարդ խորանարդ մետրի։ 2050 թվականին սակայն գազի արդյունահանումը լինելու է 24 միլիարդ խորանարդ մետր։ Արդեն ադրբեջանական պաշտոնական աղբյուրների տեղեկացման համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին այդ երկրում արդյունահանվել է 34,403 միլիարդ խորանարդ մետր գազ, որից ապրանքային նշանակություն ունեցող գազի ծավալը կազմել է 25,681 միլիարդ խորանարդ մետր գազ։ Տարեկան կտրվածքով գազի արդյունահանումն ավելացել է 8,5 տոկոսով։ 

Հիշեցնենք, որ սկսած 2020 թվականի դեկտեմբերի 31-ից, Ադրբեջանն իր պատմության մեջ առաջին անգամ սկսել է գազ մատակարարել Եվրոպային՝ «Հարավային գազային միջանցքով»։ Ադրբեջանական գազը խողովակաշարերով հասնում են մինչեւ Իտալիա /8 միլիարդ խոնարարդ մետր/, Հունաստան /1 միլիարդ խոնարարդ մետր/ եւ Բուլղարիա /1 միլիարդ խոնարարդ մետր/։

Հասկանալի է, որ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգակիրները վաղուց արդեն դարձել են քաղաքական, նաեւ՝ աշխարհաքաղաքական «զենքեր», նման ցուցանիշներն ու նման կանխատեսումները Ադրբեջանի համար բավականին լուրջ «բոնուսներ» են, որոնք ամրապնդում են այդ երկրի քաղաքական դիրքերը։