Ի՞նչ եղավ իմպիչմենտի գործը

Ի՞նչ եղավ իմպիչմենտի գործը

Սեպտեմբերի 19-ին, երբ Արդբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, Երեւանում՝ կառավարության շենքի առջեւ սկսվեցին ինքնաբուխ հավաքները. մարդիկ, առանց որեւէ քաղաքական ուժի կոչի սկսեցին դուրս գալ եւ հավաքվել: Մթնոլորտը բավականին շիկացած էր, քանի որ Արցախում տեղի էր ունենում ցեղասպանություն: Իսկ պաշտոնական Երեւանը պետական տարբեր մակարդակներով ասում էր, որ դա Երեւանի գործը չի, մենք չեն միջամտելու այդ ագրեսիային, չենք թողնելու, որ Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ: ՀՀ ՊՆ-ն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որի ասելիքն այն էր, թե մեր սահմանները հանգիստ են, դե իսկ Արցախում` ինչ ուզում է թող լինի:

Հրապարակում սկսեցին հավաքվել ոչ միայն Արցախում հարազատներ ունեցողները, այլեւ երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ: Իշխանությունն անմիջապես հրապարակ բերեց ուժայիններին՝ ցուցարարներին ճնշելու եւ բռնությամբ լռեցնելու համար: Ինքնաբուխ այդ ակցիաներին այնպիսի մարդիկ էին ելույթ ունենում, որոնք սովորաբար հանրահավաքների ժամանակ չեն խոսում, ելույթներ չեն ունենում: Թվում էր` հրապարակում կար «կրիտիկական մասսա» եւ երկրում կարող է կտրուկ իրավիճակ փոխվել, քանի որ ներքին ինֆորմացիայի արտահոսք կար, թե ուժայինները, ոստիկանները այլեւս չեն ուզում ժողովրդի դեմ դուրս գալ եւ բռնություն կիրառել: Սակայն այդ ինքնաբուխ ակցիաների հարթակ ելան Իշխան Սաղաթելյանը, Անդրանիկ Թեւանյանը, Վազգեն Մանուկյանը եւ ակցիաների առաջնորդությունն իրենց ձեռքն առան: Իսկ Իշխան Սաղաթելյանն ու Վազգեն Մանուկյանն արդեն հասարակության մեջ ձեռք են բերել հանրահավաք «մաշեցնողի» եւ հասարակության ցասումը հանգստացնող «մասնագետների» իմիջ:

Համացանցում անգամ այդ մասին անեկդոտներ կան: Նրանց հայտնվելը հանրահավաքի որոշ մասնակիցների մոտ դժգոհություն առաջացրեց. մարդիկ կանխատեսում էին, որ հավաքը նորից կմաշեցնեն եւ մարդկանց տուն կուղարկեն: Թվում էր, թե առաջնորդներն այս անգամ վճռական են տրամադրված. նորից ստեղծեցին ինչ-որ կոմիտե՝ Ազգային կոչմամբ, որի կազմում հինգ հոգի ընդգրկվեց, հայտարարվեց, որ շուտով համալրվելու է, սակայն այլեւս ոչ ոք չցանկացավ համալրել: Նշված անձանցից բացի միայն Ավետիք Չալաբյանն էր ընդգրկվել այդ կազմում: Ի դեպ, երբ Չալաբյանը սկսեց պատմել իր ծրագրերից, թե ինչ հեռանկարային գործեր են անելու իրենք՝ պատմական փաստեր հավաքելով տարբեր միջազգային ատյաններ ուղարկելու համար, հանրահավաքին մասնակցող որոշ կանայք վրդովվեցին, ասելով՝ մենք հիմա դրա համար չենք եկել, կոնկրետ այսօր ի՞նչ պետք է անենք՝ Նիկոլին հեռացնելու համար: Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ հավաքվածների մոտ դժգոհություն կա իրենց քայլերից, մարդիկ բողոքում են, որ մինչեւ հիմա Փաշինյանին իշխանությունից չենք հեռացրել, ուստի որոշեց անկեղծանալ՝ չենք արել, որովհետեւ ուժներս չի պատել: 

Այստեղ ընկեր Իշխանին տրամաբանական հարց ուղղեցին` բա որ ուժներդ չի պատում, ինչո՞ւ եք նորից ասպարեզ դուրս եկել, թողեք` գուցե ինքնաբուխ հանրահավաքի ուժը պատի…Հրշեջի նման գալիս եք` կրակը հանգցնում, որ ի՞նչ լինի… Եվ այս շարժումն էլ նախորդների նման գնալով դարձավ սակավամարդ ու մարեց: Կամա թե ակամա, նորից «ուժներս չպատեց»… Ոմանք դա բացատրում են արցախցիներին ընդունելու խնդիրներով հասարակության զբաղվածությամբ: Իհարկե, այդ վարկածն էլ գոյություն ունենալու իրավունք ունի:

ԱԺ մանդատները վայր չդնող ընդդիմադիր պատգամավորները, ովքեր նաեւ շարժում փոշիացնող ու մաշեցնող «մասնագետների» պիտակավորում են ձեռք բերել, իրենց մանդատը պինդ պահելն արդարացնում են նրանով, թե սկսելու են Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց: Իսկ դրան հասնելու համար նախատեսվում էր ճնշում գործադրել ՔՊ-ական պատգամավորների վրա եւ անհրաժեշտ քվեներ ապահովել: Ինչպես տեսնում ենք, իմպիչմենթ չի սկսվել, փողոցում էլ ոչ մի շարժում չկա: ՔՊ-ական պատգամավորներին էլ բան ասող չկա: Պարզապես իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ-ում լավագույն դեպքում զբաղված են լեզվակռվով, իրար խայթելով: Իսկ Փաշինյանը Հայաստանը դարձնում է «խաղաղության խաչմերուկ», որպեսզի թուրքերն ու ադրբեջանցիները մեր վրայով գան ու գնան՝ ինչպես եւ ուր կցանկանան…