Ով այնպիսի սուտ ասի...

Ով այնպիսի սուտ ասի...

Այսպիսի ժամանակներում ենք ապրում, երբ ամոթը, պարկեշտությունը, օբյեկտիվությունը` որպես դասակարգ, վերացված հասկացություններ են: Ով ինչ ուզի, կասի ու կանի, ով ինչքան սուտ ուզենա, կհրապարակի, ով ինչ աղտեղություն ուզենա, շաղ կտա անմեղ մարդկանց վրա եւ որեւէ պատիժ չի կրի:

Երեկ ներքին գործերի նախարարություն կոչվող կառույցից մի զարմանահրաշ տեքստ ենք ստացել, թե ինչ ապահով ու անվտանգ երկրում ենք մենք ապրում, թե մեր հասարակությունն ինչքան է սիրում ու վստահում ոստիկաններին: Երկիր չի, ուղղակի Ֆրանսիային ու Իտալիային հարեւան մի Շվեյցարիա, որտեղ ոչ մի խնդիր չի մնացել լուծելու: Ինչ-որ «ԱրԻնսայթս անկախ հետազոտական ընկերություն», պարզվում է, հարցում է արել ՀՀ 1801 բնակչի շրջանում եւ պարզել, որ հարցվողների գերակշիռ մասը՝ 65%-ը, «Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարում է այս կամ այն չափով անվտանգ», ընդ որում՝ լիարժեք անվտանգ է համարում 23%-ը, ավելի շուտ անվտանգ՝ 42%-ը: ՀՀ քաղաքացիների «ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող ամենալուրջ խնդիրը համարում են թմրամոլությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը»:

Այսինքն, վերջին 3 տարվա մեծ ու փոքր պատերազմները, 5 հազար զոհերը, Արցախի կորուստը չեն եղել` ապահով ու պաշտպանված մի երկրում ենք մենք ապրում: Բայց այս զարմանահրաշ հարցման մյուս հատվածներն էլ պակաս ուշագրավ չեն: Օրինակ, հարցվողների 45%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, չի վստահում միայն 22%-ը: Եվ եզրակացություն. «հարցվողների 72%-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում»։ Այս 72-ից ոչ մեկը, փաստորեն, ոչ մի ակցիայի չի մասնակցել, ոստիկանության հետ որեւէ գործ չի ունեցել, Փաշինյանի մեքենան ուղեկցող ոստիկանական վայնասունը չի լսել: