Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում տարածքների վերադարձ լինելու է․ ՌԴ ԱԳ նախարարությունը պատասխանել է Զոհրաբ Մնացականյանին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում տարածքների վերադարձ լինելու է․ ՌԴ ԱԳ նախարարությունը պատասխանել է Զոհրաբ Մնացականյանին

Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացքում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում՝ ժողովրդի կամարտահայտման միջոցով։

Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան, որպես արձագանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացի մասին արված հայտարարությանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Ըստ ՌԴ ԱԳ նախարարության մեկնաբանության․

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը։ Կարգավորման տարրերի մեջ առկա է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ բնակչության կամարտահայտման միջոցով։ Ինչ վերաբերվում է փաստաթղթերին եւ առաջարկներին, որոնք քննարկվել են եւ քննարկվում են, ապա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դրանք արդեն թվարկել է»,- ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ հայտարարությունում նաեւ ասված է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման բավական նրբազգաց է եւ այն հանրային բանավեճի առարկա դարձնելը ոչ արդյունավետ է։ «Ելակետ ենք ընդունում այն, որ կարգավորումը պետք է դիտարկել բանակցությունների ընթացքում, ձեւավորված ֆորմատի մեջ։ Խորհրդակցությունները այս ուղղությամբ շարունակվում են, ինչի ապացույցը ապրիլի 21-ին ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսն է, մասնակցությամբ համանախագահների»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանության մեջ։