Ոչ ոք չէր պատկերացնում, որ մոտիկից կտեսնի Ադրբեջանի դրոշը

Ոչ ոք չէր պատկերացնում, որ մոտիկից կտեսնի Ադրբեջանի դրոշը

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի հետ

- Հայր Սուրբ, Հայաստանի ողնաշարը` Սյունիքը, վտանգի տակ է: 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինուժը նախ ներխուժեց Սեւ լճի տարածք, ապա՝ անցած տարվա սեպտեմբերին Սոթքից մինչեւ Ներքին Հանդ ծանր հրետանի կիրառեց, որի հետեւանքով ունեցանք 200 զոհ: Վերջին օրերին եւս լարված է իրավիճակը, թշնամին կրակում է Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, երբ 44-օրյա պատերազմից հետո փաստացի ո՛չ խաղաղություն ունենք, ո՛չ էլ պատերազմն է ավարտվել:

- Վերաբերմունքս բացասական է այն ամենի հանդեպ, որ տեղի է ունենում մեր ժողովրդի կյանքում, բայց սյունեցիները, լավ գիտեք, քաջ ու անկոտրում ժողովուրդ են: Իրենք իրենց օջախներում ապրում են եւ ցանկություն էլ չունեն հայրենիքը լքելու, ամուր են կանգնած: Բացի այդ, սա միայն Սյունիքի խնդիրը չէ: Լինի Սյունիքում, Տավուշում, թե Արցախում` ինչ որ լինում է, բոլորիս խնդիրն է, չի կարելի առանձնացնել հայրենիքը, բոլորս էլ նույն նավի մեջ ենք եւ բոլորով պետք է պայքարենք ու կերտենք հաղթանակներ: Սյունիքում ուղղակի իրավիճակն այսպիսին է. ոչ ոք չէր պատկերացնում, որ մոտիկից կտեսնի Ադրբեջանի դրոշը կամ ադրբեջանական զորքի ներկայություն, չէինք պատկերացնում, ու մեր մտքով չէր էլ անցնում, բայց եղավ այն, ինչ եղավ: Վստահ ենք, որ ազգովի` Սփյուռք-Հայաստան-Արցախ մեր միասնությամբ կկարողանանք հաղթահարել: Պետք է ուղղակի ամուր կանգնել մեր հավատքի, մեր երկրի սուրբ հողի վրա եւ չշեղվել դրանից:

- Ինչքան էլ սյունեցին ամուր կանգնած է իր հողի վրա, բայց թշնամին զինված է վերջին նորագույն զենքերով: Ինչպե՞ս կարող ենք դիմակայել թշնամու նոր ոտնձգություններին, հատկապես որ Սյունիքում մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ: 

- Նախ ասեմ, որ կատվի ձագը թեեւ փոքր է, բայց երբ ձեռք մեկնես, թաթ է գցում: Բնությունը շատ հաճախ արդեն թելադրում է, թե ինչպես պետք է լինի: Ես արդեն ասացի՝ երբ մենք ամուր կանգնենք մեր հավատքի վրա, դառնանք միասնական, մեկ բռունցք, կկարողանանք հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ: Թշնամին զինված էր նաեւ 90-ական թվականներին` հազարապատիկ անգամ, բայց մենք այդ միասնականության, հավատի շնորհիվ ունեցանք այդ հաղթանակները, մեր նահատակների, հերոս տղաների գործադրած ջանքերի արդյունքում ունեցանք հաղթանակ: Եվ հիմա այնպես չէ, որ պետք է հուսահատվենք եւ ոչ էլ անտարբեր գտնվենք, հուսահատությունն ու անտարբերությունն ամենամեծ մեղքերից են: Քաղաքական առումով չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ կլինի, բայց, որպես հոգեւորական, վստահ եմ, որ միասնականության արդյունքում կկարողանանք հաղթանակներ կերտել: Իսկ զենք ունենալ-չունենալը բոլորիցս է կախված, նաեւ՝ պատկան մարմիններից, ովքեր կոչված են այդ հարցերով զբաղվել, իրենք օր ու գիշեր պետք է աշխատեն եւ մի վայրկյան անգամ չմտածեն իրենց անձնականի մասին:

- Քանի որ Սյունիքի թեմի առաջնորդն եք, վստահ եմ, որ ամեն օր, պատարագներին` առավել եւս, շփվում եք մարդկանց հետ, զգում եք նրանց տրամադրությունները, գիտեք՝ ինչ մտահոգություններ ունեն, հատկապես որ վերջին շրջանում ադրբեջանցիներն արդեն բնակիչների տներն են մտնում, վարելահողեր զավթում:

- Կարեւորը` մարդկանց մոտ խուճապ չկա, իսկ խուճապն ավելի վատ է, քան զենք չունենալը: Բնականաբար, վաղվա օրը մի քիչ անորոշ են տեսնում մարդիկ, բայց հույսը չեն կորցրել: Ես գիտեմ, որ երեխաներն էլ են այստեղ, տարեցներն էլ, իսկ եթե երեխաներն այստեղ են, նշանակում է՝ խնդիր չկա:

- 44-օրյա պատերազմից հետո իշխանություններն առաջ են տանում թշնամու հետ խաղաղություն հաստատելու հարցը, հնարավոր համարո՞ւմ եք խաղաղություն մի հարեւանի հետ, որն անընդհատ առաջ է գալիս եւ ավելի ագրեսիվ ու զավթողական պահանջներ դնում մեր առաջ:

- Մարդիկ այդ հարցի շուրջ նույնիսկ չեն էլ արտահայտվում, որովհետեւ անլուրջ են վերաբերվում: Խաղաղությունը լավ բան է եւ լինում է մի քանի տեսակ` հոգեւոր, աշխարհիկ, ֆիզիկական, մտավոր․ հիմա իրենց խաղաղությունը ո՞րն է` ես չգիտեմ: Ի վերջո, խաղաղությունը լինում է նաեւ արժանապատիվ եւ ոչ արժանապատիվ, կարծում եմ` մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն, ընդ որում` յուրաքանչյուր ազգի եւ մարդու: Պատերազմը չարիք է, աղետ, ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց եթե պատերազմ չենք ուզում, ուրեմն պետք է ունենանք արժանապատիվ խաղաղություն, ոչ թե մենք ասենք՝ խաղաղություն, գրեն թղթի վրա` խաղաղություն, եւ չունենանք այդ խաղաղությունը: Ըստ այդմ, ի՞նչ իմաստ ունի այդ խաղաղությունը, եթե թղթի վրա կա, բայց իրականում չկա: Թող Աստված օրհնի Հայաստան աշխարհը, հայ ազգին, որպեսզի ունենանք արժանապատիվ խաղաղություն, հզոր հայրենիք ու եկեղեցի: