Մեկնարկեց Քոչարյանի գործով դատական նիստը. նա դատական նիստերի դահլիճում է

Մեկնարկեց Քոչարյանի գործով դատական նիստը. նա դատական նիստերի դահլիճում է

Երեւանի Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը։ Հիշեցնենք՝ Վճռաբեկը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազի բողոքը` հարցն ուղարկելով Վերաքննիչ` վերաքննության. պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչի որոշումը՝ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատելու վերաբերյալ` նշելով, որ հաշվի չեն առնվել մի շարք այլ կարեւոր հանգամանքներ։ Դատախազությունը եւս բողոքարկում էր Վերաքննիչի որոշումը` պահանջելով, որ այն ամբողջությամբ բեկանվի, եւ ուժի մեջի մտնի Առաջին ատյանի որոշումը՝ կալանքի սանկցիան։ Մինչ նիստի մեկնարկը, Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողներին ներկայացրեց հիմքերը, որոնց հիման վրա իր պաշտպանյալը պետք է ազատ արձակվի։ Նա նաեւ նշեց, որ երկրորդ նախագահը նիստին ներկա է։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, իսկ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել Առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել:

Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: