Արեւմուտքն ակտիվանում է Հարավային Կովկասում․ ռուսներն անհանգստացած են

Արեւմուտքն ակտիվանում է Հարավային Կովկասում․ ռուսներն անհանգստացած են

Ռուսաստանում՝ դեռեւս փորձագիտական մակարդակով, այնուամենայնիվ, արդեն սկսել են անհանգստության նշաններ ցույց տալ՝ Հարավային Կովկաս արեւմտյան քաղաքական գործիչների այցելությունների հաճախակիացման հետ կապված։ Ռուս վերլուծաբանների ուշադրությունից չի վրիպել, չնայած ուկրաինական ճգնաժամին, ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասի եւ Հարավային Եվրոպայի հակամարտությունների հարցերով օգնական Էրիկա Օլսոնի ժամանումն Ադրբեջան։

Ուշագրավ է այն, որ Օլսոնի պատվիրակության կազմում եղել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Էնդրյու Շոֆերը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիթցենբերգերը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Պատկառելի պատվիրակություն, որին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այդ ընթացքում անակնկալ կերպով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզը։ Ու հիմա ռուս փորձագետները փորձում են հասկանալ, թե ինչ նպատակ ունեն արեւմտյան գործիչների նման այց-վոյաժները դեպի հարավկովկասյան տարածաշրջան։ Եվ պատահական չէ, որ արդեն սկսել են խոսել այն մասին, թե արդյոք Արեւմուտքը չի՞ փորձում Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացել ու հասնել նրան, որ Մոսկվան հեռանա պատմականորեն իրեն պատկանող ազդեցության այս գոտուց։

Այս անհանգստություններն ավելի խորացրել են Վրաստանի վարչապետի վերջին հայտարարություններն այն մասին, որ իրականում Միխեիլ Սահակաշվիլին Վրաստան վերադարձել էր հենց երկրորդ ճակատ բացելու համար, սակայն իրենց հաջողվեց չեզոքացնել նրան, ու որեւէ «երկրորդ ճակատ» ռուսների դեմ չի լինելու։ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ իրենք ուկրաինական կողմին ասել են, թե պատրաստ չեն ռազմական գործողություններ սկսելու Ռուսաստանի դեմ, մի բան, որ կարող էր անել Սահակաշվիլին, եթե հաջողության հասներ։ Իհարկե, Սահակաշվիլին կարծես թե վնասազերծված է, սակայն ռուսներին անհանգստացնում է այն, որ, օրինակ, Կոլոմինան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարող է հանդիսանալ պոտենցիալ գործընկեր»։

Բացի այդ, նա փոխանցել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ողջույնները Փաշինյանին ու անսովոր հետաքրքրություն է ցուցաբերել ղարաբաղյան իրադրության առնչությամբ։ Սա կարող է նշանակել, որ հնարավոր է նոր «մեծ խաղ» սկսվի Կովկասում։ Անհանգստություններն ավելի խորանում են հատկապես այն բանի հետ կապված, որ արեւմտյան վերլուծաբանները կարծում են, թե Թուրքիայում կարող է կրկնվել «արաբական գարնան» սցենարը։ Կա նաեւ որոշակի անորոշություն՝ կապված Իրանի ապագայի հետ, որն արեւմտյան սանկցիաներից ազատվելուց հետո կարող է կտրուկ մեծացնել իր ազդեցությունը, գործարկելով էներգակիրների՝ դեպի Եվրոպա տրանսպորտայնացման նոր համակարգեր եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ դառնալ «առաջին ջութակ»։

Թեեւ կան նաեւ տեսակետներ, թե հիմա փորձ է արվում Իրանը ներսից պայթեցնելու հիմքեր ստեղծել ու այնտեղ քաղաքական վերակառուցման դարաշրջանի մեկնարկը տալ։ Ամեն դեպքում, ընդհանուր անորոշությունը, ուկրաինական լարվածությունն ու Արեւմուտքի ակտիվացումը մեր տարածաշրջանում Ռուսաստանի համար նկատելիորեն դիսկոմֆորտ վիճակ են ստեղծել։