Վստահության խնդիրը

Վստահության խնդիրը

Երբ Նիկոլը խոսում է բանակին վստահելու մասին՝ ուզում եմ իմանալ, թե երբվանից է ինքը սկսել վստահել: Որովհետև երկու տասնամյակ առաջ ինքը բանակին բացարձակ չէր վստահում, ինչը դրսևորվում էր ընտանեկան թերթում համապատասխան հոդվածների հրապարակմամբ: Դա, որպես այդ թերթի ընթերցող, բազմիցս եմ դիտարկել: Դրա մասին բազմիցս է խոսվել և գրվել: Եվ սա էլ որպես հավաստում:

Վստահում էր այն ժամանակ, երբ անվանարկո՞ւմ էր բանակը: Թե՞ երբ «տռուսիկ-մայկայի» հարցը դարձնում էր հայոց հարց: Գուցե՞ 2016 թվականի քառօրյա մարտերից մեկ ամիս անց՝ երբ իր թիմով գնում էր Արցախը «պաշտպանելու»: Կամ գուցե՞ 2020 թվականի հուլիսյան դիրքային մարտի ժամանակ, որի համար առաջին աստիճանի «Մարտական խաչի» 72 և Ազգային հերոսի շքանշան բաժանեց մարտի մասնակիցներին: Այն էլ Սարդարապատի համալիրում, որ հետո Շուշիի նման իր ու իր կամակատարների խոսքում պետք է ներկայանար որպես «դժգույն ու դժբախտ» հուշարձան: 

Թե՞, այնուամենայնիվ, վստահելն իր դեպքում ասոցացվում է գումար հատկացնելու հետ: Որովհետև վստահության հարցը վարչապետի պաշտոնին զոդված անձը բարձրացրեց հենց այդ ենթատեքստում: Ոնց որ թե չէ, քանի որ այնուհետև անցում է կատարում ինչ-որ դեպքի, ինչը ենթադրաբար հերթական ստերից մեկն է: Ահա այն. «… պատերազմի ժամանակ ինձ հարազատ մարդիկ եկել, փորձել են ասել, որ ինչ-որ մի բարձրաստիճան  հրամանատար ինչ-որ մի բան չի անում, ես դուրս եմ արել այդ մարդուն, ասել եմ՝ թույլ  չեմ տա, որ իմ երկրի սպայի մասին դու նման բան ասես»: Հետաքրքիր էր՝ երբ ինքն իր երկրի սպայի մասին վատ բաներ էր գրում, որի համար համապատասխան պատիժ էր ստանում (տե՛ս վերին հղման հոդվածում), ինչպե՞ս էր ինքն իրեն նման բան թույլ տալիս: Թե՞ այն ժամանակվա Հայաստանն իր երկիրը չէր:

Երբ դիտարկում եմ նախկին Նիկոլին ու այսօրվա Նիկոլին, կամ այսօրվա ու երեկվա Նիկոլներին՝ բազմաթիվ հակասություններ են բացահայտվում: Ու զարմանում եմ, թե ինչպես է հնարավոր այդքանից հետո վստահել հենց իրեն: Եթե Հայաստանի իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին, ապա ինչպե՞ս է այդ ժողովուրդն այն վստահել նիկոլանման մեկին: Ենթադրենք ինչ-որ վարորդի մոտ առողջական խնդիր է ծագում՝ նա կվստահի՞, արդյոք, իր մեքենան հարբեցողի կամ նարկոմանի: Բնականաբար՝ ոչ: Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր, որ իշխանության սեփականատեր ժողովուրդն իր գերթանկարժեք «ապրանքը» վստահի Փաշինյան Նիկոլին: Այն անձին, որ ամեն Աստծո օր փոխում է իր համոզմունքները, որն անընդհատ հիշողության կորուստներ է ունենում: Որն իր բացակայությամբ դիրքային մարտի հաջողության համար գովերգում է բանակը, իսկ իր հրամանատարությամբ պարտության դեպքում համարում այն չկայացած: Փաստորեն, հայաստանցու համար անձնական մեքենան ավելի հոգեհարազատ է իրեն, քան իր ու իր զավակների ապագան: Իսկ նորմալ իշխանությունը համապատասխան բանակով ապահովում է հենց ժողովրդի ապագան: Դե ինչ, շարունակենք վստահել «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանին» և նրա «խորիմաստ» առաջնորդությանը: