Վազգենը Նիկոլի «լեզուն մտցրեց իր բունը»

Նիկոլ Փաշինյանը իր «Հայկական ժամանակ»- ում խմբագիր եղած ժամանակ Վազգեն Սարգսյանի, Բանակի մասին շատ արատավորող հոդվածներ է գրել։ Դա ոչ մեկի համար նորություն չէ։ Ես միայն նրա հոդվածներից մի փոքրիկ մեջբերում կանեմ, թող թարմացնի հիշողությունը․
«…Վազգեն Սարգսյանին մեղադրելու են երեխաների, 18 տարեկան երեխաների սպանության համար, նրանց խեղված ճակատագրի, նրանց վիրավորված արժանապատվության: Ու դեռ հարց է, կհասցնի՞ արդյոք մեր սուպերնախարարը ԱԺ պատգամավոր դառնալ, կհասցնե՞ն քննարկել նրա մեղավորության հարցը, կհասցնի՞ Վազգեն Սարգսյանն արտասանել իր բաժին «ղալաթ եմ արել» -ը»:
Սա խմբագիր Նիկոլի ամենամեղմ հոդվածներից մեկն է, որից մեջբերում եմ անում։ Այս կտորը մեջբերեցի, որ հասկանք, թե ո՞վ է խոսում ու ինչպե՞ ս է «հուզմունքով խոսում» 18 տարեկան զոհերի մասին, որոնք սեփական հողն իրենց արյունով են պաշտպանել ու հաղթել։ Այսինքն նա դեռ արցախյան առաջին պատերազմից հետո էր քափ ու քրտինք մտած արատավորում հաղթող Բանակը, նրա հրամանատարներին։ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում, չնայած իր փակ բնավորությանը, ասել է, որ առաջին անգամ Նիկոլն իր տեսադաշտում հայտնվել է հեռավոր 1993 թվականին և առաջին անգամ հենց այդ ժամանակ է նրան հանդիպել:
Նախագահը ավել տեղեկատվություն չտվեց, բայց ակնարկեց, որ պատճառը եղել է Փաշինյանի զրպարտիչ հոդվածներից մեկը՝ Բանակի մասին:
Հարցազրույցից հետո սոցիալական ցանցերն ահագին մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին, սկսվեցին թեժ քննարկումներ։ Ըստ քննարկումների, այդ ժամանակ ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանը՝ տեսնելով Նիկոլի զրպարտիչ հոդվածները Բանակի մասին, հրահանգում է, որպեսզի հեղինակին բերեն իր մոտ: Ժամեր անց թիկնապահները Փաշինյանին իրենց մեքենայի բեռնախցիկում դրված բերում են Վազգեն Սարգսյանի մոտ, ով այդ պահին գտնվելիս է եղել Սերժ Սարգսյանի աշխատասենյակում: Սարգսյանը Փաշինյանին հարցնում է, թե որտեղից իրեն հրապարակված տեղեկությունները, ինչին ի պատասխան Փաշինյանն ասում է, թե խանութի հերթում է լսել: Այս պատասխանը լսելուց հետո Վազգեն Սարգսյանը, ըստ քննարկման մասնակիցների, դաժանորեն ծեծում է Փաշինյանին, Սերժ Սարգսյանը միջամտում է և հանում Փաշինյանին Վազգեն Սարգսյանի ոտքերի տակից: Ավելի խայտառակ բաները, որ քննարկվում էին, չեմ ներկայացնում։
Ես հիմա հասկանում եմ, թե Վազգեն Սարգսյանի հուշարձանների պղծումն Արցախում ինչու թույլ տրվեց։ Կարող էին, չէ՞ պետական մակարդակով տեղափոխել, ինչպես շատ իրենց պետքական ու օգտակար բաներ էին տեղափոխել։ Մարդիկ նույնիսկ գերեզմաններն էին բացել ու իրենց սիրելիների աճյունները տեղափոխել։ Եթե Արամ Սարգսյանին թվում է, թե նման քաղաքականությունից հետո Հայաստանում հերթը չի հասնելու Վազգենին, չարաչար սխալվում է։ Ինքը թող մտածի, թե ինչու՞ Նիկոլը դեռ Վազգենի հարցով լռում է, չի արատավորում նրան՝ ինչպես մյուս հրամանատարներին։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Հրահանգը այդպիսին է, թող սպասի։
Բայց ասելիքս դա չէ։ Այն ժամանակ Վազգեն ունեինք, որ Բանակը արատավորողին, զրպարտողին «լեզուն բունն էր մտցնում»։ Հիմա չկա Վազգենը ու Նիկոլը՝ պետական լծակներն օգտագործելով, ամբողջովին սևացնում է Բանակը։ Խոսում է 11 հազար դասալիքի, գործակալական ցանցի, Բանակի մեղավորության, թույլ սպառազինության մասին։ Պատերազմի խայտառակ ձևով պարտության մեղքը գցում է այն Բանակի վրա, ով ժամանակին ծնկի է բերել թշնամուն։ Ամեն օր ի լուր թշնամու՝ տեղեկացնում է, որ Բանակը սպառազինություն չի ունեցել, զենք չի ունեցել ու նմանօրինակ խայտառակ բաներ։ Ես զարմանում եմ՝ Բանակաշինարար մեր նախագահների, հրամանատարների անսահման համբերությունից, չէ որ նրանք են կրել Բանակ ստեղծելու չարչարանքը, ու հույս եմ փայփայում, որ ճիշտ ժամանակին կլռեցնեն այն բերանը, ով վարկաբեկում է Բանակը՝ արդեն պաշտոնական դիրքերից։ Բանակն է ՀՀ անվտանգությունը և ցանկացած նեգատիվ խոսակցություն զինվորականության, թույլ սպառազինության մասին, այն էլ՝ գերագույն հրամանատարի կողմից, պետք է արժանանա Բանակաշինարարների կողմից արժանի արձագանքի։
Կարծիքներ