Ավելի լավ էր՝ չդիմեր

Ավելի լավ էր՝ չդիմեր

Երկուսուկես տարում ծանոթանալով 44-օրյա խայտառակ պարտության վերաբերյալ փաստերին ու հանգամանքներին՝ մեր հանրությունը պետք է մի բան հասկանա. ամեն մի առանձին քրեական գործ կարվում է այսպես կոչված գլխավոր հրամանատարի մեղքերը ջրելու նպատակով: Ինչը նշանակում է, որ բոլոր քրեական գործերը պետք է վերանայվեն ու առնվազն կասեցվեն՝ ավելի ուշ կարճվելու հեռանկարով: Եվ դրանց փոխարեն պետք է հարուցվի միայն մեկը՝ ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի նկատմամբ: Եվ ըստ այդ ելակետի՝ ապրիորի (ի սկզբանե) անմեղ պետք է լինի նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, կալանքի մեջ գտնվող Դավիթ Տոնոյանը: Ով անընդհատ ձգտում էր ներկայանալ պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով՝ հարցաքննվելու: Եվ վերջապես հասավ հաջողության՝ կալանավայրից նրան բերեցին Ազգային ժողով:

Մինչ այդ կարծում էի, որ նրան դժվար թե բերեն, քանի որ բանտում գտնվող անձը պետք է որ փորձի արդարացնել իրեն: Ինչը նշանակում է, որ եթե ինքն, իսկապես, անմեղ է, ապա բացահայտելու է մեկ ուրիշի մեղքերը: Եվ քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը պաշտպանության նախարար էր, ապա մեղադրանքի սլաքներն ուղղվելու են գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձի ուղղությամբ: Բայց…

Բայց հետևելով այդ հանձնաժողովում ընթացող հարցաքննությանը՝ կասկածում եմ, թե կարիք կար, արդյոք, որպեսզի նա հանդես գար հարցաքննվողի դերում: Որովհետև, եթե, օրինակ, Սու 30-ների գնումն արդարացված է, քանի որ այդ գումարով (ասվում է 120 միլիոն դոլարի մասին) որևէ այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա չէր կարող գնվել, ապա կարծում եմ, որ նրա հանձնաժողով գալն անիմաստ էր: Այդ անհեթեթությունը բազմիցս կարկնվել է թե՛ Հովհաննիսյան Արծրունի (44-օրյա պատերազմի օրերի «հաղթելու ենք» հեշթեգի հեղինակը) և թե՛ Նիկոլի կողմից, և երրորդ անձի կրկնությունը բացարձակ անիմաստ էր: Ինքն ընդամենը բացահայտեց, որ այդ ձեռքբերումը պետբյուջեի միջոցներով չի կատարվել, ինչը նշանակություն չունի: Եթե առկա են եղել միջոցներ, ապա դրանցով կարելի էր գնել ավելի պիտանի սպառազինություն:

Իսկ եթե ուշադրություն դարձնենք նաև ասվածի բովանդակությանը, ապա կստացվի, որ պատերազմի օրերին բացարձակ որևէ դեր չկատարած 4 ռազմական ինքնաթիռների փոխարեն չէին կարող գնվել, օրինակ, հակաօդային պաշտպանության համակարգեր: Որոնց բացակայության պարագայում պատերազմի առաջին մի քանի օրվա մեր կորուստները որոշեցին պատերազմի հետագա ընթացքը: Անկեղծ ասած, սպասում էի, որ պարոն Տոնոյանը պետք է փորձի արդարացնել իրեն՝ ցուցմունքներ տալով ընդդեմ Փաշինյան Նիկոլի: Հատկապես որ, ինչպես ասվեց, ինքը մի քանի անգամ հայտարարեց, որ ցանկանում է ցուցմունքներ տալ այդ հանձնաժողովում: Բայց իրականությունը դուրս եկավ ճիշտ հակառակը՝ նա ձգտում էր հարցաքննվել, որպեսզի արդարացներ Նիկոլին:

Ու ես կրկին հիշեցի 2016 թվականի քառօրյայից հետո Տոնոյանի հարցացրույցներից մեկը, որում ինքն արհամարհական տոնով ներկայացնում էր ԱԹՍ-ների անարժեք լինելը պատերազմում: Ու դա հիմնավորում էր հրետանու առկայությամբ: 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ՊՆ-ն պետք է «բացատրեր», որ 2016-ին խոսքը գնացել է իսրայելական և ոչ թե թուրքական ԱԹՍ-ների մասին: Չնայած «տոնոյանական» ՊՆ-ն, նրա պաշտոնանկումից մեկ շաբաթ առաջ, չէր բացատրել, որ, նախ, առանց հթիռների ՍՈՒ-երն անիմաստ են, և երկրորդ՝ 21-րդ դարի պատերազմներում առաջնային դեր են կատարում ՀՕՊ համակարգերն ու անօդաչուները: Իսկ որ անհրաժեշտ ՀՕՊ-երի ու ԱԹՍ-ների բացակայության պատճառով բաց էր արցախյան օդը՝ դա պետք է պատերազմից հետո խոստովաներ Հարությունյան Արայիկ անուն-ազգանունով անձը, որը պատերազմի առաջին օրերին պնդում էր հակառակը: Ուշադրություն դարձրեք՝ հենց այն օրերին, երբ դրա բացակայության պատճառով թշնամին ոչնչացնում էր նույնիսկ «Իսկանդեր» հրթիռային համալիրը: Էլ չասած առանց համապատասխան սպառազինության 4 Սու-երը չգիտես որտեղ թաքցնելու մասին:

Իսկ 44-օրյայի առումով անպետք այդ ՍՈՒ-երի փոխարեն նախկինների օրոք հաստատված՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման պլանով նախատեսվում էր 2018-ին ձեռք բերել 1000 անօդաչուներ և ՀՕՊ կայանքներ: Ինչը նշանակում է, որ արցախյան օդն իսկապես փակված կլիներ, ու պատերազմի ելքն էլ այլ կլիներ: Ի դեպ, այդ անտեր ՍՈՒ-երի ձեռքբերումն, ինչպես բազմիցս է ասվել, ռազմա-օդային ուժերի մեծ սիրահար ու «ստրատեգ» Հովհաննիսյան Արծրունի նախաձեռնությունն էր, որին հավանություն է տվել նաև Տոնոյանը: Իսկ Փաշինյան Նիկոլն էլ ժամանակին փիառվեց՝ նկարվելով ՍՈՒ-ի օդաչուի խցիկում: Այդպես էր Հայաստանը պատրաստվում այն պատերազմին, որը վճռելու էր ոչ միայն Արցախի, այլև ողջ երկրի ճակատագիրը: Դա այն պարագայում, եթե տեսականորեն բացառենք պատերազմն ի սկզբանե տանուլ տալու հավանականությունը: