«Հրապարակ». Նոյեմբերի 9-ին պետք է հրաժարական տար, ասեր` ներեք ինձ, ժողովուրդ ջան, որ ինձ մոտ ոչինչ չստացվեց

«Հրապարակ». Նոյեմբերի 9-ին պետք է հրաժարական տար, ասեր` ներեք ինձ, ժողովուրդ ջան, որ ինձ մոտ ոչինչ չստացվեց

Հասարակությունը շարունակում է քննարկել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով Ազգային ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Երեկ այդ քննարկումներին մի ծավալուն պարզաբանում-անդրադարձ արեց պատերազմի շրջանում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, որին էր ուղղված Փաշինյանի մեղադրանքների մի մասը: Ընդ որում, Օնիկ Գասպարյանը նույնպես օրեր առաջ ներկայացել է այդ հանձնաժողովին, ցուցմունք է տվել, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, սակայն նրա ելույթը լսել են փակ դռների ետեւում եւ անգամ նորմալ տեղեկատվություն չեն փոխանցել հանրությանը: Այսինքն` անհավասար պայմաններ են ստեղծել պատերազմի եւ պարտության պոտենցիալ մեղավորների համար` մեկին թույլատրելով, որ ուղիղ եթերում հանդես գա եւ զրպարտի ուրիշներին` մեղքն ամբողջությամբ բարդելով նրանց վրա, մյուսին` մի 10 հոգու մոտ խոսի եւ անգամ արդարանալու հնարավորություն չունենա:

Բայց Փաշինյանի նախօրեի ասածներին պատասխանում են համացանցում, ասուլիսներ են տալիս, հոդվածներ ու ստատուսներ գրում, հայտարարություններ անում: Մի ծավալուն հայտարարությամբ էլ նրա ելույթին անդրադարձել է «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որի անդամները պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հարազատներն են: Նրանք նշել են, որ քննիչ հանձնաժողովն ունի մեկ նպատակ` արդարացնել իշխանական ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների պատերազմական հանցագործությունները եւ հայրենիքի հանձնումը թշնամուն՝ անմիտ դատողություններով, սուտ, կեղծ եւ անհիմն մոտեցումներով փորձելով պատերազմի եւ դրա ողբերգական հետեւանքների մեղքը բարդել տարբեր մարդկանց եւ գործիչների, այդ թվում՝ բանակի եւ զինվորականների վրա։ Այս մասին մենք մի քանի հարց ենք ուղղել «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ, 44-օրյա պատերազմում անմահացած Հայկազ Մկրտչյանի հորը` Զավեն Մկրտչյանին:

- Պարոն Զավեն, Նիկոլ Փաշինյանի ո՞ր հայտարարությունն է տպավորություն ստեղծել Ձեզ մոտ, որ քննիչ հանձնաժողովը փորձում է Նիկոլ Փաշինյանին արդարացնել: Ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Բավականին շատ են այդպես կարծելու առիթները: Այդ հանձնաժողովը, այո, մեկ նպատակ ունի՝ գլխավոր մեղավորին արդարացնել եւ մեղքը բարդել զինվորականների վրա: Այսինքն` իրենցից բացի բոլորը մեղավոր են, փորձում են իրենց վրայից մեղքն ուրիշների վրա բարդել: Նպատակը դա է: Այս իշխանությունները լավ հասկանում են, որ մեծ բեռի տակ են իրենք եւ այդ բեռի տակից դուրս չեն եկել, իսկ քանի դեռ դուրս չեն եկել, չեն կարող ազատ շնչել, ազատ քայլել փողոցներում:

- Այժմ ինչպե՞ս կարող են այդ բեռի տակից դուրս գալ: Արդյո՞ք նման ելույթներն օգնում են մեղքը թոթափելուն եւ ազատ շնչելուն:

- Դա այլեւս հնարավոր չէ: Այդ բեռի տակից հնարավոր կլիներ դուրս գալ 2020 թվականին: Նա գոնե նոյեմբերի 9-ից հետո պետք է հրաժարական տար, ներողություն խնդրեր ժողովրդից, ասեր` ներիր ինձ, ժողովուրդ ջան, որ ինձ մոտ ոչինչ չստացվեց, որ ամեն հնարավոր եւ անհնարին բան ձախողել եմ: Մեղավորները պետք է մեղա գան, որպեսզի ներվեն: Բայց ի՞նչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ այն, որ բազմահազար զոհեր ունեցանք, առայսօր էլ ունենում ենք, ունեցանք եւ ունենում ենք նաեւ տարածքային կորուստներ: Ապաշխարանքը գուցե փոխեր իրավիճակ, գուցե Նիկոլ Փաշինյանը հեռանար, իսկ ժողովուրդը նրան ներեր: Բայց հիմա արդեն շատ ուշ է: Էլ չենք կարող ըմբռնումով մոտենալ նրան: Այսօր գիշերը եւս զոհեր ունեցանք, ի՞նչ է սա՝ մղձավա՞նջ, թե՞ ավելի վատ բան: Սա արդեն բարդ հանցագործություն է, որին դատարանը պետք է տա իրավական գնահատական: Իհարկե, այս իշխանությունների օրոք դժվար է նման բան պատկերացնելը, քանի որ անհրաժեշտ է անկախ դատաիրավական համակարգ, որը չի ծառայի իշխանություններին, սակայն նորմալ իշխանություններ ունենալու պարագայում այսօր տեղի ունեցողին գնահատական պետք է տար իրավապահ համակարգը:

- «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության վերջին հավաքին ո՞ր ծնողներն են մասնակցել: Նկատելի է, որ զոհված զինծառայողների ծնողները բավականին պասիվացել են:

- Դե, հավաքվում են ծնողներով: Շատ անդամներ կան:

- Նոր ծրագրեր, ակցիաներ չե՞ք նախատեսում: Գայանե Հակոբյանի հետ տեղի ունեցածից հետո, կարծես, ծնողները փոխվել են:

- Որպես այդպիսին՝ մենք հենց այնպես, ուղղակի ակտիվություն չենք էլ ցուցաբերել: Մեր ակտիվությունը նպատակ է հետապնդել, ցուցադրական բնույթի ակտիվություն չի եղել: Ակտիվությունն էլ պետք է իմաստ ունենա: Մենք տեսնում ենք մի իրականություն, որտեղ պայքարելն անիմաստ է: Անիմաստ է ինչ-որ բան պահանջելը: