Դամբարանային մտածողությամբ ռազմավարություն

Դամբարանային մտածողությամբ ռազմավարություն

Օրեր առաջ կառավարությունը հաստատել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը եւ դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը։ Երկարաշունչ, ծեքծեքուն բառերով եւ ձեւակերպումներով գրված փաստաթղթում սահմանվում են ՀՀ կառավարության՝ մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները, որոնցից են՝ «Մշակութային ժառանգության պահպանությունը եւ անխաթար փոխանցումը սերունդներին։ Ստեղծարար ոլորտների զարգացման եւ ստեղծագործողների կարողությունների դրսեւորման ինստիտուցիոնալ միջավայրի ձեւավորումը։ Մշակույթի հասանելիություն եւ ներառականություն։ Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող եւ ստեղծող երկիր»։ 

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ռազմավարության հետ կապված, նկատում է․ «Այնպիսի տպավորություն է, կարծես դամբարանային մտածողությամբ է շարադրված ամբողջը, հասկացանք՝ էլի պահպանենք, բայց որեւէ բան ստեղծելու, կենդանի թրթիռի մասին խոսք չկա այդ տեքստում։ Կարծես ուզում են փաթեթավորեն ու դնեն դարակում, պահեստային ձեւակերպումները շատ են՝ ներկայացնել, հանրահռչակել, որոնք միշտ էլ եղել են, բայց ոչ՝ ավելին»։ Ինչ վերաբերում է երգարվեստի, երաժշտարվեստի ոլորտին, ապա Շահնազարյանն ասում է․ «Ճիշտ է, այնտեղ գրված է՝ ոչ նյութական մշակույթի անխաթար պահպանում, որի մեջ երաժշտությունն էլ է մտնում՝ ժողովրդական երգը, բայց ընդամենը մի տող է գրված, իսկ մնացած ոլորտների մասով մանրամասն ներկայացված է։ Մեր հազարամյակների հին մշակույթն ամբողջական ձեւով ավելի շատ հենց երաժշտությամբ է պահպանված, որովհետեւ լիքը բաներ կորցրել ենք՝ նախաքրիստոնեական շրջանի ճարտարապետություն, գրականություն, արամյան գուսանները պատմում էին, թե ինչպես են երգելով պատմել ամբողջ պատմությունը՝ Վահագնի ծնունդը եղել է Հերակլեսի արկածների չափ, այդ բոլորը կորցրել ենք, եւ միայն էպոսն է պահպանվել։ Մինչդեռ մեր հին երաժշտությունը, իսկ Կոմիտասն ասում է՝ այնքան հին, երբ հայ ժողովուրդը ծնունդ է առել, բացակայում է։ Իսկ մեր մշակույթը երաժշտության միջոցով ենք պահպանել, օրինակ, եգիպտացիներինը, շումերներինը կորած է, նրանց հին երաժշտությունը չկա, նույնիսկ հույները կորցրին իրենց հին երաժշտությունը, որը չհասցրին, չփրկեցին։ Այսօր չգիտակցել այդ բանը՝ ուղղակի չգիտեմ ինչպես բնորոշել»։ 

Ռազմավարությունը սահմանում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից եւ ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները։ Սա նշանակո՞ւմ է, որ երաժշտարվեստը կառավարությունը չի համարում գերակայություն։ «Այդպես է դուրս գալիս, կոմպոզիտորական արվեստն էլ այդտեղ գոյություն չունի, երբ մենք, ի տարբերություն արեւելյան բոլոր ազգերի, ունենք կոմպոզիտորական դպրոց։ Սա բարդ բան է, եւ դա ունենք Կոմիտասի ու Արամ Խաչատրյանի շնորհիվ։ Այդպիսի ազգային դպրոց չունեն ամբողջ արեւելքում, այն դեպքում, որ թվաքանակի առումով մարդկության կեսն է կազմում, նույնիսկ Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Հունաստանն ազգային կոմպոզիտորական դպրոց չունեն։ Բայց մեզ մոտ այդ գիտակցությունը կարծես չկա, հայ կոմոպոզիտորն ուզում է գործ կատարել, ու իրենից առնվազն 5-10 հազար դոլար գումար են ուզում, որ թույլ տան կատարի, մինչդեռ եվրոպական երաժշտությունը ձրի են կատարում։ Ես սրա մասին բարձրաձայնել եմ մի քանի անգամ նախարարությունում, այդ թվում՝ նախկին փոխնախարարին, ասել եմ՝ ինչո՞ւ Վիվալդիից, Բեթհովենից, Մոցարտից փող չեք ուզում, այդ ի՞նչ տրամաբանություն է, բա ինչո՞ւ է ազգային կոչվում այս կամ այն համույթը, նվագախումբը, բա դրանք հանեք, եթե պիտի փող ուզեն հայ կոմպոզիտորից»։

Ճարտարապետության պրոֆեսոր Կարեն Բալյանը նախ ողջունում է նման լայնամասշտաբ մոտեցումը մշակույթին, բայց նշում է, որ ռազմավարությանը ծանոթանալուց հետո կոնկրետ հարցեր են ծագում․ «Օրինակ, նշվում է գորգի թանգարանի ստեղծման մասին, որը, անկասկած, կարեւոր խնդիր է, բայց չկա, իսկ ես կուզեի, որ լիներ, ու վերականգնվեր 2016-ին փակված Ալեքսանդր Թամանյանի թանգարանը, որն ունիկալ թանգարան է նաեւ համաշխարհային կոնտեքստում, եւ տարիներ շարունակ թե՛ նրա ընտանիքը, թե՛ ես բարձրաձայնում ենք այն վերաբացելու անհրաժեշտության մասին, որովհետեւ այդտեղ մեր քաղաքի ստեղծման եւ արդի ճարտարապետության հիմքերն են երեւում: Քաղաքաշինությունն այդ առումով շատ է տուժում, քանի որ մենք ամբողջությամբ չգիտենք եւ չենք կարողանում մոտենալ Թամանյանի ամբողջ նյութին, դա պահվում է ընտանիքում»։

Բալյանն առաջարկում է՝ Երեւանի կենտրոնն ամբողջությամբ դարձնել թանգարանային թաղամաս, ինչպես Վիեննայում ու Բեռլինում է․ «Եվ դա կարող էր լինել այն ազատ շենքերում, որոնք զբաղված չեն այսօր, օրինակ, առաջվա ԱՕԿՍ-ի, մանկական հանրախանութի, գիմնազիայի շենքերը, որոնք թանգարանների համար շատ հարմար կառուցվածք ունեն եւ իրենք իրենցով նաեւ հուշարձաններ են: Դրանով քաղաքի կենտրոնը լցված կլիներ թանգարաններով, որովհետեւ մեզ համար ինչքան թանգարան ու հուշարձան պահպանվի ու զարգացվի, միեւնույն է՝ չի արտահայտի այն ահռելի հարստությունը, որ մենք ունենք»։ Ինչ վերաբերում է հուշարձաններին, որին եւս ծավալուն անդրադարձ կա ռազմավարության մեջ․ «Չափազանց կարեւոր են հնագիտական հուշարձանները, ամրոցները, բայց վերջին տասնամյակների ընթացքում բարձիթողի են միջնադարյան եկեղեցիների խնդիրները, որոնցից շատերը շատ վատ վիճակում են, եւ որոնք, ի դեպ, քրիստոնեության ուղղակի ապացույցներն են, ընդ որում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»։

Կ․ Բալյանն ընդգծում է, որ ոչ պակաս անհանգստացնող խնդիր է ժամանակակից հուշարձանների հարցը․ «Ես կուզենայի, որ դրան էլ ուշադրություն դարձվեր, իսկ դրանք տարեցտարի քանդվում են։ Հինը շատ լավ է, բայց ժամանակակից հուշարձանների մեծ մասն անխնամ է, պահպանության ցուցակներից հանված, հաճախ ուղղակի ոչնչացվում են»։