Բիրտ ուժի լիգա

Բիրտ ուժի լիգա

Կար ժամանակ, երբ իշխանությունը սկսեց հասկանալ, որ հանրային նեգատիվ վերաբերմունքը ոստիկանության դեմ ոչ մի լավ բանի չի հանգեցնելու, եւ սկսեցին կրթել ոստիկաններին ու աշխատել նրանց վրա։ Հիշում եմ՝ նրանց սովորեցնում էին բարեկիրթ լինել մարդկանց հետ, ժպտալ, օգնել, եթե փողոցում ինչ-որ մեկն օգնության կարիք ունենա, եւ անգամ եթե դա չի մտնում ոստիկանի պարտականությունների մեջ։ Մի շրջան ոստիկաններն անգամ գարնանային տոներին ծաղիկներ էին նվիրում կանանց։ Իհարկե, միշտ չէ այդպես եղել, եւ ոստիկանական վայրագ պահվածքն այս 30 տարվա ընթացքում գերակշռող է եղել, բայց 2018-ի ապրիլին ճիշտ հակառակ պատկերն էր՝ խեղճուկրակ, չմիջամտող ոստիկաններ, ագրեսիվ ու աննահանջ հանրություն։

Հիմա նորից վերադարձել ենք «հին, բարի ժամանակներին», երբ ոստիկանը բիրտ է ու դաժան։ Եվ հասարակությունն ու ոստիկանությունը տարբեր ճամբարներում են հայտնվել։ Ինչպես տարբեր ճամբարներում են հայտնվել իշխանություններն ու փողոց ելած մարդիկ։ Պարզ է, որ իշխանությունը զիջումների գնալու մտադրություն չունի եւ միակ ելքը տեսնում է ժողովրդական պայքարը ճնշելու մեջ։ Այլեւս 2018 թվականը չէ, որ Նիկոլ Փաշինյանն ասի՝ իրենց դուռն է (կառավարության դուռը նկատի ուներ)․ կուզեն՝ կկոտրեն, կուզեն՝ քացով կբացեն ու ներս կմտնեն։

Այլեւս ժողովրդավար երեւալու անհրաժեշտություն չկա, որովհետեւ արդեն իսկ հայտարարվել է, որ մենք մտել ենք «ժողովրդավարության բարձրագույն լիգա», եւ բոլոր նրանք, ովքեր կարող էին հերքել այս փաստն ու նրան վերադարձնել իրականություն, չեն պատրաստվում դա անել՝ իրենց Հայաստանը պետք է հենց այսպիսին․ Եվրոպայի առաջ՝ հնազանդ, ռուսի առաջ՝ հեզ, թուրքի ու ադրբեջանցու առաջ՝ խոնարհված, առանց բանակի ու սպառազինությունների, ամեն ինչ ստորագրելու պատրաստ։