«Ազատագրական շարժումը» փորձելու է կանխել Բերձորի հանձնումը

«Ազատագրական շարժումը» փորձելու է կանխել Բերձորի հանձնումը

Hraparak.am-ը զրուցել է «Ազատագրական շարժման» համահիմնադիր Նաիրի Հոխիկյանի հետ։

- Ինչո՞վ է զբաղված «Ազատագրական շարժումն» այսօր, ինչու չի նկատվում ակտիվություն։

- Մենք շարունակում ենք մեր գործունեությունը։ Ի սկզբանե էլ հայտարարել էինք, որ աջակցում ենք «Դիմադրության շարժման» գործողություններին։ Ի սկզբանե նաև ինքներս ենք իրականացրել տարբեր հավաքներ, բազմաթիվ ակցիաներ, այդ թվում նաև իրազեկման։ Մեր «Ազատագրական շարժման» տարբեր ներկայացուցիչներ էլ  միշտ Ֆրանսիայի հրապարակում են լինում։ Թե ինչու սեփական գործողություններ չենք իրականացնում այսօր, ասեմ, որ մեկ այլ աշխատանք ենք կատարում՝ պարզապես դա արտահայտվում է օրինականության դաշտում։ Այսինքն՝ ոստիկանության, քաղաքական իշխանության ապօրինի գործողությունները հստակ, հատ-հատ բացահայտում ենք, հաղորդում ենք տալիս հանցագործության մասին, և հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով։ Ի վերջո, դա ևս իշխանությանը թուլացնելու մի ճանապարհ է։ Վրաստանի պարագայում էլ այդպես եղավ։ Սահակաշվիլին այդպես թուլացավ, երբ որ բազմաթիվ փաստերով ապացուցվում էին, և ոչ միայն փաստերով, այլև անընդհատ քրեական գործեր էին հարուցվում նրա վրա, և, ի վերջո, դա բերեց նրան՝ որ  Վրաստանում իշխանությունը, այսպես ասենք, ծնկի եկավ և այլևս հանրության վստահությունը չէր վայելում։

- Շարժման համահիմնադիրներով հանդիպումներ ունենո՞ւմ եք, որոնք են ձեր հետագա քայլերը։

- Երեկ ենք հավաքվել «Ազատագրական շարժման» անդամներով և քննարկումներ ենք ունեցել։ Ազատագրական շարժումը հիմա ակտիվ ներգրավված է Բերձորի պահպանության հարցի  մեջ։ Ինչպես տեղյակ եք՝ Նիկոլ Փաշինյանը նախատեսել է հուլիսի 1-ին Բերձորը հանձնել Ադրբեջանին։ «Ազատագրական շարժումն» այդ առումով հիմա ակտիվ պայքար է մղում, որպեսզի կարողանանք կանխել այդ հնարավոր աղետը։

- Ինչպե՞ս եք պատրաստվում կանխել։

- Թույլ տվեք հիմա չբացել փակագծերը։ Իրականացնելու ենք և՛ իրավական, և քաղաքական տարբեր գործընթացներ, ինչպես նաև հանրության ուշադրությունը գրավելու համար տարբեր ակցիաներ։ Հիմա մենք կոնկրետ գործողություններ ենք անում, վարում ենք տարբեր բանակցություններ։ Փորձում ենք այնպես անել, որ այս փուլում հետաձգենք Բերձորի հանձնումը՝ մինչև կարողանանք որոշակի արդյունքների հասնել։

- Մայիսի 20-ին հաղորդում էիք ներկայացրել ԱԱԾ՝ ոմն Ռուստամ Ավագյանի դեմ, ով  հրապարակային վիրավորական արտահայտություններ էր արել արցախահայերի հասցեին։ Ի՞նչ փուլում է գտնվում այդ գործը։

- Ես բացատրություն եմ տվել, փաստեր եմ ներկայացրել։ Հիմա սպասում ենք, որ պետք է քրեական գործ հարուցվի, և դատախազը մտնի դատարան՝ այդ տղային կալանավորելու համար։ Հիմա  դատարանում այդ տղայի թույլ տված նույնատիպ հանցանքի մեկ այլ գործ է քննվում։ Վերջինս ստորագրություն է տվել՝ բնակավայրից չհեռանալու  մասին։ Հիմա այս դեպքով, եթե չլինի քաղաքական որոշում, որ այս տղայի կաշին պետք է փրկեն իշխանությունները, ապա միանշանակ կալանավորում պետք է լինի, որովհետև երկու անգամ նույնատիպ հանցանք է գործել՝ կրկին քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով։ Հետևաբար, սպասում ենք, որ պետք է քրեական գործ հարուցվի, և դատախազը պահանջի կալանավորում։ Այս տարբերակը՝ այս դեպքում, չի կարող ունենա որևէ մեղմացուցիչ հանգամանք։ Ես գիտեմ, որ դիմել են դատահոգեբուժական փորձաքննության՝ այդ տղայի հոգեկան վիճակը ստուգելու համար, բայց դա ևս չի կարող նրան փրկել, որովհետև փաստացի նախորդ դատական նիստը, որը նաև այս պահին է ընթանում, հաստատել է, որ իր հոգեկան վիճակը  նորմալ է, և ինքը ինչ-որ ասել է, ասել է գիտակցված, ադեկվատ վիճակում։