Զուլֆուգարովին «լարել են»

Զուլֆուգարովին «լարել են»

Երեկ անդրադարձել էինք Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովի վերլուծությանը, որի ամփոփիչ իմաստն այն է, որ տավուշյան սրացումից հետո «Հայաստանը եւ Ադրբեջանը մնացել են դեմ առ դեմ, եւ մեծ պատերազմն անխուսափելի է»: Երեւում է, Ալիեւի աշխատակազմում հասկացել են, որ նախկին դիվանագետը չափազանց հեռուն է գնացել եւ փաստացի Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացում անոնսավորել, իսկ դա միջազգային հանրության, ի մասնավորի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից կարող է պաշտոնական Բաքվի համար ոչ ցանկալի անդրադարձի առիթ հանդիսանալ: Եւ ահա նույն Զուլֆուգարովն այսօր տրամագծորեն հակառակ տեսակետ է շրջանառել՝ անելով երկու սկզբունքային նենգափոխում: Հայտնի է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Ադրբեջանը թիրախավորի Ստեփանակերտը, պատասխան ստանալու է Գյանջայում:

Զուլֆուգարովն այսօրվա մտավարժանքները կառուցել է՝ համատեքստից կտրելով Արայիկ Հարությունյանի մտքի առաջին մասը: Ստացվել է, որ «Հարությունյանն սպառնում է հարվածել Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքին»: Մինչդեռ Արցախի նախագահի հայտարարությունը կառուցված է «եթե, ապա» տրամաբանությամբ: Զուլֆուգարովը երկրորդ նենգափոխումն է արել՝ պնդելով, թե «իրականում դա Ադրբեջանի հասցեին Հայաստանի սպառնալիքն է»: Ենթատեքստը հասկանալի է: Ալիեւյան քարոզիչը փորձ է անում տպավորություն ստեղծել, որ Արցախը «սուբյեկտություն չունի»: Զուլֆուգարովը դիվանագիտական ծառայության երկարամյա փորձ ունի եւ չի կարող տեղյակ չլինել, որ 1992-94 թվականներին Ադրբեջանը մի քանի անգամ ուղղակի կապ է հաստատել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ՝ կրակի դադարեցման պայմանավորվածության գալու հարցով: Ի վերջո, զինադադարի համաձայնագիրը, որ ուժի մեջ է առայսօր, ստորագրվել է Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի լիազորված ներկայացուցիչների կողմից: Ոչ ոք այդ փաստաթուղթը, դրան հաջորդած՝ զինադադարի ամրապնդման միջոցառումների մասին համաձայնագիրը, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, որտեղ Լեռնային Ղարաբաղը ճանաչված է առանձին կողմ, չի բեկանել, առոչինչ չի հայտարարել: Այդ թվում եւ՝ Ադրբեջանը:

Ուստի իրավիճակի նենգափոխման Զուլֆուգարովի փորձն ընդամենը նախորդ օրը թույլ տված դիվանագիտական ձախողումը շտկելու անհաջող փորձ է: Ստացվում է նրա համար բավական տխուր պատկեր՝ փորում էր Մամեդյարովի ոտքի տակի հողը, որ վերատիրանա ԱԳ նախարարի աթոռին, բայց փաստացի կորցրեց «փորձառու դիվանագետի եւ վստահելի վերլուծաբանի» համարումը: Նրան, ամենայն հավանականությամբ, Ալիեւի աշխատակազմից պարզապես «լարել են»: