Ովքեր են արձագանքել Արման Բաբաջանյանի միավորման առաջարկին

Ովքեր են արձագանքել Արման Բաբաջանյանի միավորման առաջարկին

Երկար պահպանվող ինտրիգից հետո այսօր վերջապես տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից բարձրաձայնված՝ հեղափոխությանը պաշտպանող ուժերի առանցք , միավորում ստեղծելու գաղափարի շուրջ քննարկումն ու առաջին հավաքը։

Այն ուներ մոդերատոր, ով  հայտարարեց, թե այսքան բազմամարդ ներկայությունը վկայում է, որ ապագայի օրակարգը պարտվելու շանս չունի և դատապարտված է հաղթելու։ Թեև նշեմ, որ դահլիճում հավաքվածները գրեթե այն կազմով էին, ինչ օրումեջ լինում են  նրան պատկանող լրատվամիջոցի եթերում․ հաղորդավար Գոհար Հայրապետյան,Ռուբեն Մեհրաբյան, Նարինե Դիլբարյան, Միքայել Հայրապետյան, Վիգեն Խաչատրյան, փաստաբան Նորայր Նորիկյան։

Բնականաբար, առաջինը ամբիոնի մոտ հրավիրեց հավաքի նախաձեռնող Արման Բաբաջանյանին, թեև վերջինս համեստորեն նկատեց, որ նախաձեռնությունն իրենն է միայն այնքանով, որ առաջինն է հնչեցրել, մինչդեռ համախմբման  գաղափարը քննարկվել է բազմաթիվ շրջանակներից ներս՝ անհատական և հավաքական։ Սրանք, ինչպես ընդգծեց Արման Բաբաջայանը, այն մարդիկ են, ովքեր մերժում են նախկիններին, բայցև մտահոգված են ներկա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ։

«Միավորման գաղափարն ու անհրաժեշտությունը շատ պարզ է ու հստակ․2018-ի Թավշյա հեղափոխությունը մեզ բոլորիս պատմական հնարավորություն է տվել կառուցելու ավելի լավ երկիր, ավել ազատ ու ժողովրդավարական հասարակություն, այն անցնում է բազմաթիվ խորխորատների ու մարտահրավերների միջով։ Հեղափոխության և դրա անշրջելիության գաղափարը վտանգի է ենթարկվում ամեն օր։Վտանգն ակնհայտ բխում է ամեն օր ռևանշի օրակարգ ունեցող նախկին հանցավոր իշխանության ներկայացուցիչների կողմից»,-քննարկման նյութը ներկայացրեց Արման Բաբաջանյանը։ Նրա խոսքով ՝ պետական կառավարման համակարգում  լայն շրջանակներ պատրաստ են հարմար առիթի դեպքում հետ շրջել հեղափոխության ընթացքը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը նկատեց, որ երբ սկզբնական շրջանում ինչ-ինչ մտահություններից դրդված առաջարկներ էին հնչեցնում, շատերն իրենց ասում էին՝ դե բավական է խորհուրդներ տաք, իրենք , ի վերջո, կհասկանան։ Բայց Դիլբարյանը կարծում է, որ դժվար է միայնակ ու արհեստավարժ առաջ գնալը։ Համակարգն էլ չի ձևավորել և գործում է հինը, որի դեմ գնալու համար պետք է գնալ ոչ միայն կարգախոսներով, գործուն քայլերով ու գաղափարախոսությամբ։

«Գիտեք՝ խորհուրդ տալու իրավունք բոլոր չէ, որ ունեն, կան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքիր գաղափար կարող են առաջ քաշել, բայց մեր հանրությունը ունի նաև հիշողություն, նաև զգայական ընկալումներ, որոնք անմիջապես հակազդեցության են արժանանում«,-ասաց Դիլբարյանը։

Դահլիճում հավաքվածները, նրա խոսքով, երբեք չեն ուրացել պետության շահը իրենց անձնական շահերով կամ երբևէ կնոպկա չեն սեղմել։

Նարինե Դիլբարյանը ևս ասաց, որ կառավարման ցածր ՕԳԳ ունեցող այս պայմաններում գաղափարախոսությունների այս միավորման ուղղությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։ Ամենակարևորը, նրա խոսքով՝ ճշգրիտ քաղաքական օրակարագի ձևավորումն է։