«Սպայկան» գտնվում է ճգնաժամային կառավարման մեջ

«Սպայկան» գտնվում է ճգնաժամային կառավարման մեջ

Մաքսայինի հետ խնդիրների պատճառով «Սպայկա» ընկերությունը մի քանի օր առաջ ահազանգում էր ու սպառնում հրաժարվել Ռուսաստան ապրանք մատակարարելուց՝ այն բանից հետո, երբ հայկական դեղձով բեռնված բեռնատարները մնացել էին «Վերին Լարս» անցակետում, տեղափոխվել։ Այս խնդիրը, ընկերության՝ զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանի տեղեկացմամբ, ի վերջո հաղթահարվել է, բեռնատարները շարժվել են Ռուսաստան, բայց այդ ընթացքում բավականին ապրանք է փչացել։ «Մեր խնդիրը ոչ թե բեռնատարների շարժվել-չշարժվելն է, այլ այն, որ իրենք ջերմաստիճանային ռեժիմը չեն պահպանում, քանի որ իրենց տարածքում էնպիսի սառնարանային համալիր չունեն՝ էնպիսի, որ մեքենայից բեռնաթափվող ապրանքի ջերմաստիճանային ռեժիմը պահպանվի։ Իրենք էլ են, ի դեպ, դա ընդունում։ Այսինքն՝ մենք հարցը բարձրացնում էինք ոչ թե այն մասով, որ երկար են պահում, որովհետեւ երկու ժամ էս կողմ-էն կողմը մեզ չի հետաքրքրում, այլ որ մեքենայից ապրանքը 30 աստիճան արեւի տակ դատարկելուց ու հետ բարձելուց հետո բեռը փչանում է, կորցնում է իր ապրանքային տեսքը, եւ դրանից հետո ապրանքի կյանքը կտրուկ նվազում է»։

Այս ընթացքում, ըստ Կարեն Բաղդասարյանի, իրենք կրել են հարյուր հազարավոր դոլարի վնաս։ Նաեւ տեղեկություններ ունեինք, որ ընկերությունը կարող է գնալ սնանկացման, քանի որ բանկերի մի մասը սառեցրել են հարաբերությունները՝ վարկեր չեն տրամադրում, մյուս կողմից՝ ընկերության տնօրենի ազատ արձակման համար հսկայական գրավի գումար են մուծել, ապա վնասների փոխհատուցման գումար վճարելու նպատակով ընկերության շրջանառու միջոցներից ահռելի գումարներ են մուծել եւ տարեկան էլ մոտ 5-6 միլիոն դոլարի տոկոսադրույք են վճարում՝ նախկինում վերցրած վարկերի սպասարկման համար։

Կարեն Բաղդասարյանը չհերքեց այս փաստերը՝ ասելով․ «Ամեն բիզնես ունի տարիների ընթացքում իր ստեղծած արժեքները, որոնց մեջ կարեւորագույն արժեքներից մեկը հաաբերություններն են գործընկերների հետ։ Իսկ գործընկերների մեջ մտնում են հաճախորդները, բանկերը, տարբեր պետական ատյանները Հայաստանում ու արտասահմանում։ Հիմա այս ամբողջ պատմությունը, կոպիտ ասած, մեր ողնաշարը ջարդել է էնպես, որ շատ դժվար է վերականգնվել։ Հիմա  բանկերը, բնականաբար, ասում են՝ ե՞րբ է ձեր այդ քրեական գործն ավարտվելու, մինչեւ ավարտվելը պատրաստ չեն արդյունավետ երկխոսության, մեր գործընկերներն ասում են՝ մենք ձեզ հետ երկարաժամկետ ծրագրեր չենք ուզում անել»։
Նրա ամփոփմամբ՝ ընկերությունը գտնվում է ճգնաժամային կառավարման մեջ՝ այս քեական գործի ու անորոշության պայմաններում։ Կվերականգնվե՞ն արդյոք ուժերը, կսնանկանա՞ն, թե՞ դանդաղ կզարգանան՝ ցույց կտա ժամանակը։