Ճիշտ է ասում Վարդազարյանը՝ համակարգը պետք է զտվի, բայց թող ամեն մեկը սկսի իրենից

Ճիշտ է ասում Վարդազարյանը՝ համակարգը պետք է զտվի, բայց թող ամեն մեկը սկսի իրենից

Բարձրագույն դատական խորհուրդը մոտ ժամանակներս կքննարկի 2019-2023թթ. ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերը եւ միասնական կարծիքի, դիրքորոշման մասին գրավոր կհրապարակի իր կարծիքը, սակայն մինչ այդ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դրան շատ դրական գնահատական տվեց։ Ավելին՝ նրա կարծիքով, նախատեսվում է ոչ միայն Սահմանադրական դատարանի, այլ նաեւ ՀՀ-ում աշխատող բոլոր դատավորներին թույլ տալ, որ ժամանակից շուտ անցնեն թոշակի՝ այն նույն տրամաբանության շրջանակներում, որը տալիս է աղմկահարույց օրենքի նախագիծը՝ իշխանության կողմից մշակվող։ «Եթե մարդը կարծում է, որ նոր իրողության մեջ չի կարող աշխատել, չպետք է նրա տարիների վաստակը ջուրը նետել եւ հեռացնել վեթթինգի արդյունքում կամ բարեվարքության ոչ համապատասխան լինելու համար, այլ պետք է դատավորին հնարավորություն տալ հեռանալ եւ թոշակ ստանալ»,- ասաց պարոն Վարդազարյանը եւ պնդեց, որ դատավորներն իրենք են ձգտում մաքրվել, եւ, հետեւաբար, նրանց որոշ մասը կգնահատի այս հնարավորությունը։
Մենք փորձեցինք այս առնչությամբ լսել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Սամվել Դիլբանդյանի տեսակետը։ Նա վատ չի նայում այդ գաղափարին՝ ասելով, որ եթե պետության ամբողջ քաղաքականությունը դատաիրավական բարեփոխումներն են, որի առաջին խնդիրներից մեկը կադրային փոփոխությունն է, որովհետեւ որքան էլ օրենքները փոխես, բարելավես, եթե կադրերը նույնն են մնում, սովորաբար, էդ օրենսդրական փոփոխություններն արդյունք չեն տալիս։ Եվ «դատաիրավական բարեփոխում» հասկացությունը ենթադրում է ե՛ւ նյութական, ե՛ւ կադրային քաղաքականություն»։

Պայմանական ասած՝ սա «պարտադիր-կամավոր» սկզբունք չէ՞։ Դիլբանդյանն ասաց, որ չգիտի, թե ինչ սկզբունք է՝ նախ, եւ երկրորդ․ «Էդ հարցն էլ պետք է որոշվի՝ կոնկրետ ո՞ր դատավորը պետք է լինի, որովհետեւ բոլորն էլ իրենց ընդունում են որպես մաքուր, անաչառ։ Ո՞ր դատավորին հարցնես, թե ինքն անցյալում իր գործունեության ընթացքում խնդիրներ ունեցե՞լ է, չի՞ ունեցել»։ ԵՊՀ դասախոսն ասում է, որ դրա համար նախ պետք է կոնկրետ չափորոշիչներ լինեն, որից ինքը հասկանա (որ հեռանալու ժամանակն է), կամ էլ պիտի կանչեն-ասեն՝ «գիտե՞ս ինչ կա, դու պիտի դիմում գրես»։

Որ դատավորները կհեռանան, Դիլբանդյանը կասկածում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորների աշխատավարձը բարձրացնելու են մինչեւ 1․5 միլիոնի։
Մի խոսքով՝ նման հնարավորություն, գումարած չափորոշիչներ, որոնցով կարողանան դատավորներին «ասել» կամ ոչ։

ՀԳ․ Իսկ մի հայտնի իրավաբան, որը խնդրեց անունը չհրապարակել, Վարդազարյանի ելույթի մասին ասաց՝ լավ առաջարկ է, բայց թող ամեն մարդ սկսի իրենից։