Իշխան Սաղաթելյանին կողմ քվեաթերթիկներից մեկում ձուկ էին նկարել

Իշխան Սաղաթելյանին կողմ քվեաթերթիկներից մեկում ձուկ էին նկարել

Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Իշխան Սաղաթելյանի՝ Ազգային ժողովի փոխնախագահի ընտրության  մանրամասներից։

Երբ տապալվեց ընդդիմության ներկայացուցչի ընտրությունը, խորհրդարանում սկսվեցին «ռազբորկաներ», թե ով է մեղավոր, ինչ դավադրություն է կազմակերպվել, երբ քաղաքական պայմանավորվածության կար եւ ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ մինչ այդ պահել էին պայմանավորվածությունները, որպեսզի առաջին իսկ օրվանից խորհրդարանական ճգնաժամ չառաջանա։ Բոլորը հիշում են, թե հատկապես երկրորդ տապալումից հետո ինչպես խորհրդարանում սրվեց իրավիճակը եւ փոխադարձ մեղադրանքներ սկսեցին հնչել, ինչը հղի էր կոնֆլիկտի հետագա սրմամբ, իսկ երկու կողմին էլ դա ձեռնտու չէ այս պահին։ Եւ որոշ պատգամավորներ սկսել են մտածել, թե ինչպես կանխել ոմանց «ստորությունը»՝ երբ միմյանց հետ ինչ որ բան են պայմանավորվում, հետո փակ գաղտնի քվեարկության ժամանակ ոմանք չեն պահում այդ պայմանավորվածությունները։ 

Օրինակ, «Պատիվ ունեմ» խմբակցությունում որոշել են լուսանկարել իրենց քվեարկությունը, որպեսզի կասկածներն իրենց յոթ հոգու վրա չընկնեն։ Բայց սա էլ երաշխիք չեն համարել, քանի որ դավադիր անձը կարող էր նշանը դնել, լուսանկարել, ապա անվավեր դարձնել քվեաթերթիկը՝ մյուս կողմում եւս նշան դնելով։ Իշխան Զաքարյանն, օրինակ, առաջարկել է պտիչկայի փոխարեն վանդակում նշել իրենց խմբակցության առաջին տառը՝ Պատիվ ունեմ-ը Պ-ով քվեարկի, Հայաստան դաշինքը՝ Հ-ով, Քաղպայմանագիրը՝ Ք-ով։

Որպեսզի գոնե հասկանան, թե որ խմբակցությունն է ձախողում քվեարկությունը։ Բանն այն է, որ օրենսդիրը չի նշում, թե ինչ նշան պետք է դրվի եւ պտիչկան պարտադիր չէ, ուղղակի հարկավոր է, որ կողմ կամ դեմ վանդակում որեւէ նշում արվի։

Մեզ ասացին, որ քվեաթերթիկներից մեկի վրա հումորով պատգամավորներից մեկը կողմ վանդակում ձուկ է նկարած եղել՝ իշխան ձուկ, Իշխան Սաղաթելյանին խորհրդանշող։ Եւ հաշվիչ հանձնաժողովն այն վավեր է ճանաչել։ Սակայն Իշխան Զաքարյանի առաջարկը չի ընդունվել եւ քվեարկությունն առանց նման վերահսկողական գործողությունների էլ երրորդ փորձից կայացել է։