Քննադատելուց առաջ ձեզ նայեք

Քննադատելուց առաջ ձեզ նայեք

Երբ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը «մանրամասնելիս» հեգնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին՝ ասելով «վարորդ-պատգամավոր», չի՞ հիշում, որ վարորդներին, վարսահարդարներին, տնային տնտեսուհիներին, «արուներին» ու այլազան գոյանքներին պաշտոն բաժանողը հենց իրենք են եղել: Նրանց՝ կասկածելի անցյալով ու դատարկ կենսագրությամբ այդ զանգվածին, Նիկոլ Փաշինյանն է մոտ թողել իշխանությանը: Եվ եթե վահագնալեքսանյանների համար այդքան սկզբունքային է իրենց շարքերում բացառապես կիրթ ու կառուցողական պաշտոնյաներ ունենալը, ինչո՞ւ, օրինակ, չորս տարի առաջ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ նշանակվեց տաքսու վարորդ, 8-ամյա կրթությամբ Արսեն Պետրոսյանը, իսկ Վահագն Ալեքսանյանը տեսախցիկների առաջ այդ նշանակումը չքննադատեց: Չասաց՝ տաքսու վարորդն ի՞նչ գործ ունի քաղաքի կառավարման ղեկին, չէ՞ որ զրո կենսագրությամբ ու երկրի համար ոչինչ չարած, նույնիսկ մի գրագետ միտք չարտահայտած մարդը չի կարող մասնակցել 45 հազար բնակչություն ունեցող քաղաքի զարգացման գործին, որովհետեւ համապատասխան գիտելիք ու կառավարման հմտություն չունի: 

Իսկ թե Վահագն Ալեքսանյանը որտեղից է վերցրել Մհեր Սահակյանի՝ վարորդ լինելու հանգամանքը, թերեւս միայն իրեն է հայտնի: Մհեր Սահակյանի կենսագրականում այդ մասին ոչինչ չկա: Հակառակը․ կարդում ենք, որ նա ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, տարբեր տարիներին տարբեր կազմակերպություններում իրավաբան, իրավախորհրդատու է եղել: Աշխատել է դատական դեպարտամենտում, վարչության պետ՝ ԱԻՆ-ում, 2021-2022-ին էլ հասարակական հիմունքներով պատգամավորի օգնական է եղել: 

Եթե սա օրենսդիր մարմնում աշխատելու համար հեգնանք առաջացնող հետագիծ է, ապա ի՞նչ անուն տալ այն փաստին, թե ով է ՔՊ-ի սերն ու վստահությունը վայելող Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավարը, որը համայնքապետի աթոռին է հասել ուղիղ բենզալցակայանից՝ առանց բարձրագույն կրթության: Բայց Դավիթ Սարգսյանին՝ Դիլիջանի ղեկավարին, դիպլոմի բացակայությունը չէ, որ հանրահռչակեց. Նա էր, որ անձնական թերթիկը լրացնելիս սեռի դիմաց «արու» էր նշել: Գուցե Վահագն Ալեքսանյանին պետք է պարբերաբար հիշեցնե՞լ իրենց ով լինելը: