Ռուսական «կաթնամթերքային դեմարշը»

Ռուսական «կաթնամթերքային դեմարշը»

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» պետական գերատեսչական վերահսկիչ մարմինը պաշտոնապես դիմել է Հայաստանի ոլորտային պատկան կառույցին՝ հայտնելով, որ այս տարվա ապրիլի 5-ից դադարեցնում է կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։ Հայտարարության մեջ ասվում է, որ հայկական պատկան կառույցներն ի վիճակի չեն երաշխավորելու Հայաստանում արտադրվող կաթնամթերքի անվտանգությունը, իրականացվել են տեսչական ստուգումներ, որոնց արդյունքները գոհացուցիչ չեն եղել։

Զուտ վիճակագրական պաշտոնական տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է ասել, որ այս արգելքը կարող է հայաստանյան կաթնամթերք արտադրողներին պատճառել ոչ պակաս, քան մոտ 10 միլիոն դոլարի վնաս։ Այսպես, 2022 թվականի առաջին կիսամյակին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է ոչ պակաս, քան 9,8 միլիոն դոլարի կաթնամթերք։ Ամենամեծ ծավալը կազմել են պանիրն ու կաթնաշոռը՝ 4,2 միլիոն դոլարի, ինչպես նաեւ՝ սերուցքային կարագն ու կաթնային մածուկը՝ 5,2 միլիոն դոլարի։ Հայկական կողմում կարծես թե զարմացած են, քանի որ նման որոշումը կարելի է համարել աննախադեպ։ Ու հաշվի առնելով հայ-ռուսական «բավականին ամպամած» հարաբերությունները, որոնք էլ ավելի «մռայլվեցին», երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել, որով հասկացվում է, որ Երեւանը կարող է ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համաձայն միջազգային քրեական դատարանի տված սանկցիայի։ Եվ կաթնամթերքի արգելքի տակ կարծես նշմարվում են քաղաքական տողատակեր։

Պաշտոնապես Երեւանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի բերանով հայտարարում է, որ խնդիրն ավելի շատ աշխատանքային մակարդակի է, եւ հերքում է քաղաքական պատճառների առկայությունը Մոսկվայի նման որոշման մեջ։ Հայկական կողմը, իհարկե, այլ բան ասել չի կարող։ Սակայն հասկանալի է, որ եթե հայ-ռուսական հարաբերությունների երկնակամարը լիներ անամպ, ապա հաստատ նման ակնբախ «մեսիջ» չէր ուղարկվի Մոսկվայից, եւ նույնիսկ եթե զուտ մասնագիտական առումով խնդիր էլ եղած լիներ, ապա դրանք միանգամից կկարգավորվեին, ու հենց քննարկումների ժամանակ կարձանագրվեին այն ամենասեղմ ժամկետները, որոնց ընթացքում խնդիրները կհարթվեին, ու ամեն ինչ կընկներ բնականոն հունի մեջ։ Սակայն քանի որ Մոսկվան նաեւ նախազգուշացրել էր, որ եթե Հռոմի ստատուտը վավերացվի, ապա դա կարող է ունենալ բացասական հետեւանքներ, ուրեմն եւ այս արգելքն ակամա կարելի է դիտարկել այդ բացասական հետեւանքների համատեքստում։

Այստեղ մեկ այլ նրբություն էլ կա։ Նման խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած երկրի դեպքում, եւ այդ խնդիրները սովորաբար լուծվում են վերջիններիս ոլորտային մարմինների կողմից, այսպես ասած՝ «սուսուփուս»։ Սակայն երբ նման խնդիրը հանրայնացվում է, դառնում մամուլի սեփականությունը, այն էլ՝ Ռուսաստանի նման երկրում, որտեղ շատ հարցեր սիրում են կարգավորել փակ դռների հետեւում՝ կոնֆիդենցիալության պայմաններում, ապա, ուզես կամ չուզես, այն մտքին ես հանգում, որ, այնուամենայնիվ, Մոսկվան հիմա Երեւանին «կաթնամթերքային դեմարշ» է իրականացնում։

ՀԳ․ Ի դեպ, ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման փուլում Մոսկվան արգելել էր վրացական գինու արտահանումը Ռուսաստան, եւ դրանով մեծ վնաս հասցրել Վրաստանի տնտեսությանը։