Նոր վարժական հավաքներ են սպասվում․ քանի մարդ է ներգրավվելու

Նոր վարժական հավաքներ են սպասվում․ քանի մարդ է ներգրավվելու

2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ՀՀ-ում կանցկացվեն վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Նշվում է, որ հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները:

Նախատեսվում է` վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։

Վարժական հավաքների ապահովման համար 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: