Բարեխոսեք խեղճ հուսարի համար

Բարեխոսեք խեղճ հուսարի համար

Համացանցը պայթում է Նիկոլ Փաշինյանին փրկելու շահագրգիռ քննարկումներից: Կամ Զասի վերադարձն էր պատճառը կամ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի փրկության սևով սպիտակի վրա գծած քարտեզը: Ի դեպ՝ նաև ռուսներն էին Ալիևին խիստ տոնով ասել՝ զորքերդ հետ քաշիր Հայաստանի տարածքից: Այսինքն, տեղի էին ունեցել բաներ, որոնք անսպասելի էին ՀՀ իշխանությունների և նրանց միանձնյա առաջնորդի համար: Ինչևէ, բոլորը միաբերան ասում են՝ փրկենք Նիկոլին: Պատկերացրեք, որ ես էլ դեմ չեմ Նիկոլին փրկելուն: Եվ, առհասարակ, մարդ փրկելու համար խելքս իմը չէ: Կարող եք երեսովս տալ՝ էն դու չէի՞ր ասում՝ դրան պետք է կախել, գնդակահարել… Հա, ասել եմ, երբ շատ է զայրացրել, նույնիսկ հայհոյել եմ: Բայց մի մոռացեք, որ այդ ժամանակ Նիկոլը ոչ մեկի կարիքը չուներ ու պետք չէր նրան փրկել: Ավելին ասեմ՝ այդ ժամանակ մեզ էր պետք փրկել նրանից: Բայց հիմա…

Առաջարկում եմ նախևառաջ ստեղծել Նիկոլ Փաշինյանի փրկության կոմիտե՝ մեր երկրի ամենաազդեցիկ մարդկանց ներգրավվածությամբ: Մի քանիսի անունները կարող եմ հենց հիմա շարել իրար հետևից. Ստյոպա Սաֆարյան՝ նախագահ (քուրը ՍԴ-ում ա չէ՞ աշխատում), Արման Բաբաջանյան՝ փոխնախագահ (անգլիական շպիոն), Տիգրան Խզմալյան՝ նախագահի օգնական (գերմանու աղվես), Լևոն Շիրինյան՝ դամքյաշ (ՀՀ բոլոր ժամանակների իշխանական քաղաքագետ, դոկտոր), Արամ Սարգսյան՝ ազատ ունկնդիր (Վազգեն Սարգսյանի եղբայր): Եվ ես շատ ուրախ կլինեի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայներ համակարգել այս մեծապատիվ սբրոդի աշխատանքները: Ի վերջո խաղադրույքը Նիկոլի կյանքն է: Բացի այդ, եթե չեք մոռացել, Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստի ճանապարհային քարտեզ ունի արդեն որ ներկայացրել է ժամանակին: Ոչ, ոչ, ոչ, դա Նիկոլի շուրջ համախմբվելու նրա առաջարկը չէ: Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ ավելի խելացի բան էր առաջարկել. ասում էր Նիկոլին ժամանակավորապես տանենք արտերկիր, մինչև Հայաստանում կրքերը հանդարտվեն: Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ անվիճելիորեն ճիշտ էր: Դա իսկապես փրկություն կլիներ մի մարդու համար, որ արդեն վաստակել էր ազգակործան պատուհասի տիտղոսը, բայց շարունակում էր անզգուշորեն խոսել ինչ-որ գնդակահարության պատի տակ կանգնելու, կախաղան բարձրանալու և այլ հակահիգիենիկ հիմար բաների մասին:

Եվ ուրեմն արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի փրկության համար մի դուռ կա արդեն՝ նրա համար արտերկրում ժամանակավոր ապաստան դասավորելը: Անձամբ ես, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոտավորապես գիտենք, որ խոսքը մերձակա արտերկրներից մեկի մասին է, որտեղ կա Նիժնի Նովգորոդ անունով մի քաղաք, ուր ամիսներ առաջ պետական այցով եղել են Փաշինյան ամուսինները: Եթե դա հենց իմ իմացած քաղաքն է, ապա ասեմ, որ օդը մաքուր է, արվարձանները՝ խաղաղ, մարդիկ՝ բարեկիրթ: Առանձնատներն էլ, ոնց ասեմ, շատ շքեղ չեն, բայց ճաշակով են սարքված… Եվ, ամենակարևորը, հնարավոր է՝ Նիկոլին պաշտոն տան Ուկրաինայում՝ Խեռսոնի մարզպետ: Դա նոր մարզ է, և այնտեղ ամեն ինչ պետք է լինի նոր ու աննախադեպ՝ սկսած մարզպետից:

Իսկ ի՞նչ անել, եթե Նիկոլը չի ուզում փրկվել, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ չի փորձում ջանք գործադրել սեփական կաշին փրկելու համար: Այդ դեպքում նրան պետք է հիշեցնել հայտնի խոսքն այն մասին, որ տղա ջան, խեղդվողի փրկությունը խեղդվողի սուրբ գործն է: Այնպես որ, քանի դեռ քեզ փրկելու պահանջարկի ու առաջարկի պակաս չկա, աշխատիր օգտվել: Սուտ հայրենասիրություն խաղալու ժամանակը չէ. ես գնամ, գնդակահարության պատի տակ կանգնեմ, կախաղանին ուրիշ ոտքեր թող չմոտենան… Եթե ավելի կարճ՝ թռիր թե կարող ես: Լսեցի՞ր ինչ ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նա մոտավորապես ակնարկեց, որ քո լեշը ոչ մեկին պետք չէ: Ասաց՝ թող իր ԱԺ խմբակցությունը, նույնիսկ առանց ընդդիմության, քվեարկի նոր ղեկավարի օգտին, այն մարդու օգտին, ով հավասարապես ընդունելի կլինի բոլորի կողմից, ով հետապնդումների չի ենթարկի քեզ, չի հալածի, քաղաքական գնահատական չի տա քո կերած բողկերին:

Եթե այս առաջարկն էլ քթովդ չի, Նիկոլ ջան, մնում է իմ առաջարկն ընդունես: Ուրեմն գնում ես, ձեռքերդ լվանում ես ու քո նախագահին մի դիմում ես գրում, որ ինձ, որպես տը, տը, տը վարչապետ, ազատեք աշխատանքից: Դրանից հետո քո հետևից գալիս են սջ լիմուզիններով ու քեզ տեղափոխում Նալբանդյան փողոցի վրայի ճարտարապետական ավելորդություններից զուրկ այն շենքի պադվալը: Այնտեղ դու կլինես անազատության մեջ, բայց փրկված: Օրը 3 անգամ կերակրում են, շաբաթը երկու անգամ լողացնում, ցանկության դեպքում ինտերնետ ու լրագիր տալիս, հանում զբոսանքի: Այս տարբերակն այնքանով է լավ, Նիկոլ ջան, որ ժողովուրդն էլ մի քիչ հանգիստ կլինի, կմտածի, որ ինչ-որ կերպ պատժեց քեզ՝ իրեն անխղճորեն խաբելու, մոլորեցնելու, իր զավակներին արյան վրա երկու տարուց ավելի վարչապետ խաղալու համար: Ես ամեն ինչ կանեմ, որ ժողովուրդը քեզ հանգիստ թողնի ու վերջնականապես հասկանա, թե ինչու չի կարելի երկիր վստահել պատահական անցորդի հոգեբանությամբ քաղաքական հացկատակներին:
Իսկ առայժմ քեզ խոհեմություն եմ մաղթում, Նիկոլ ջան: