Լենինյան ուղիով
Հավանաբար, նոր շոուների կարիք կա, իսկ ի՞նչը կարող է ավելի դիտարժան լինել աղքատ հասարակության մեջ, եթե ոչ հարուստներին ունեզրկելու գործընթացը` այնպես, որ պողոսները հրճվանքից նվաղեն, հարուստներից վրեժ լուծելու ծարավը հագուրդ ստանա` տեսնելով, թե ինչպես են մարդկանց տարիների կուտակածը կիսագրագետ ու անօրինական ակտերով խլում: Դրա համար էլ առաջնորդը մտածում է` ռեյտինգս ընկել է, պետք է այնպիսի էքսպրոպրիացիա իրականացնեմ, որ բոլշեւիկյան գործիչները գերեզմաններում նախանձից շրջվեն, իսկ ՀՀ ազգաբնակչությունը միանգամից մոռանա կորսված Արցախն ու հազարավոր զոհերին: Եվ կառավարության նիստում հանդիմանում է դատախազին, Հակակոռուպցիոն կոմիտեին. ձգձգում եք, արագացրեք պրոցեսները, նոր մարդկանց ներգրավեք, իմ իշխանության ներկայացուցիչներին էլ մի խնայեք` բռնեք, խլեք, ունեզրկեք, դատեք: Բայց մի կոպիտ սխալ է թույլ տալիս` հայտարարելով, թե «չի եղել մի քրեական գործ, որն առաջ չի գնացել քաղաքական կամքի բացակայության պատճառով, Հայաստանի Հանրապետությունում անձեռնմխելի մարդիկ չկան»:
Այ, այստեղ լիքը մարդ, որոնք ամբողջությամբ չեն կորցրել հիշողությունն ու մտածելու ունակությունը, կասեն` հոպ, ընկեր Լենին, բա էսինչը, հասկացանք, որ մի քանիսը ձեր աչքերում ավելի մեղավոր են ու ավելի թալանչի, քան ձեր սեփական թալանչիները, բայց էդ ո՞նց ստացվեց, որ գույքը բռնագրավելու գործընթացը սկսեցիք, օրինակ, ԱԱԾ անհայտ գնդապետ Սերոբ Հարությունյանից, ում իմ հարեւան Օնիկը լավ ճանաչում է եւ գիտի, որ մենակ մի 120 մետրանոց տուն ուներ Պուշկինի փողոցում: Ո՞նց եղավ, որ Գագիկ Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի ապօրինի գույքը տեսար, իսկ Գագիկ Հարությունյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Սամվել Ալեքսանյանի եւ ուրիշների գույքերը չտեսար:
Կարծիքներ