Քոչարյանի պաշտպաններին պատասխանատվության ենթարկելու դիմումը դեռեւս ՓՊ խորհուրդ չի հասել

Քոչարյանի պաշտպաններին պատասխանատվության ենթարկելու դիմումը դեռեւս ՓՊ խորհուրդ չի հասել

Ինչպես արդեն հայտնի է, Փաստաբանների պալատը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը, որով առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ, երկրորդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի փաստաբաններից մի քանիսին։

 Իր դիմումում Ռուբեն Վարդազարյանը նշել էր փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի անունները՝ դրան կցելով անցած երեքշաբթի դատարանի դահլիճում տեղի ունեցածի տեսագրությունը։
Փաստաբան Խուդոյանը մեզ հայտնեց, որ Փաստաբանների պալատում նիստի օր նշանակված չկա։
ՓՊ-ի խոսնակ Հայկ Հակոբյանն էլ նշեց․ «Կարգապահական վարույթ հարուցվում է փաստաբանների պալատի նախագահի կողմից, որից հետո գործը փոխանցվում է նախապատրաստողին։ Վերջինս երկամսյա ժամեկտում պետք է նախապատրաստի գործը եւ փոխանցի պալատի խորհդրին։

Պալատի խորհուրդն էլ մինչեւ վեց ամսյա ժամկետում պետք է քննի գործը։ Այս պահի դրությամբ՝ երկամսյա ժամկետը դեռ չի լրացել, գործը գտնվում է նախապատրաստողի մոտ»։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով կարգապահական վարույթ հարուցելուն՝ նշեց, որ ինքը համաձայն է Բարձրագույն դատական խորհրդի  որոշման հետ․ «Գտնում եմ, որ, այո, անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում դատավորի նկատմամբ»։
Հարցին, թե այն դեպքերում, երբ անձինք եվրոպական դատարաններում նկարվում են դատավորի համար նախատեսված տեղում, ինչո՞ւ անհարգալից վերաբերմունք չի որակվում, պատասխանեց․ «Բայց այդ դեպքերում հրավիրված անձինք են լինում՝ որպես արակողության մի մաս, սակայն այստեղ նման բան տեղի չի ունեցել։ Պետք չէ համեմատել այդ երկու դեպքերը»։

Նա նաեւ ավելացրեց՝ տեղյակ է, որ դիմումին ընթացք է տրվել։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը մարտի 17-ին  թեպետ չկայացավ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, այդուհանդերձ Քոչարյանի փաստաբանները որոշեցին դուրս չգալ դահլիճից։ Քիչ անց հենց նիստի փոխարեն փոքրիկ ակցիա էր՝ փաստաբանների կատարմամբ։
Դատավորի դատարկ աթոռին հանկարծ հայտնվեց 2008-ին պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը զբաղեցրեց դատախազի տեղը, փաստաբաններից Հայկ Ալումյանն էլ, ձեռքը սեղանին հարվածելով, պահանջներ էր հնչեցնում։