Ոչ բարով-խերով վարչապետը

Ոչ բարով-խերով վարչապետը

Հայաստանի ոչ բարով-խերով վարչապետ Փաշինյան Նիկոլը ժամանակին ընդդիմադիր ակտիվ գործիչ էր, որ իշխանության բերեց ինքն իրեն: Որքան էլ նրան օգնեին արտաքին ուժերը, միևնույն է, նա հաջողություն չէր ունենա, եթե չունենար համապատասխան կարողություններ: Չեմ ասում՝ դրական, թե բացասական, որովհետև այդ երևույթը նման է խոհանոցային դանակի օգտագործմանը: Այն մի դեպքում ծառայում է որպես ճաշ պատրաստելու գործիք, իսկ մեկ այլ դեպքում՝ որպես սպանության զենք: Նույնն էլ կարող ենք ասել Նիկոլի կարողությունների մասին:

Ի դեպ, 2018-ի ապրիլյան իրադարձությունների օրերին հայաստանցիների երևի 99 տոկոսին թվում էր, թե այդ անձի կարողություններն իսկապես օգտագործվելու են հանուն երկրի բարօրության: Այն երկրի, որում ծաղկում էր կոռուպցիան՝ դրա դեմ պայքարի իմիտացիայով, անօրինականությունը՝ օրենքների անընդհատ «բարելավումներով», կենսագործունեության բոլոր ոլորտների լճացման գործընթացն ուղեկցվում էր արևմտյան բնույթի «բարեփոխումներով», և այլն, և այլն… Եվ ինքը, հանց սպիտակ ձիավոր, պետք է կարգ ու կանոն հաստատեր երկրում, արդարության, օրինականության ու համերաշխության սերմեր ցաներ հասարակության մեջ, մեր զավակներին պարգևեր երջանիկ մանկություն ու լուսավոր ապագա: 

Եվ եթե նույնիսկ մի կողմ դնենք «Արցախի բեռից» ազատվելու նպատակով պատերազմ հրահրելն ու դրանում պարտություն կրելը, միևնույն է, այսօր ստիպված ենք երանի տալ նախկինների օրոք մեր կյանքին: Ճիշտ այնպես, ինչպես խորհրդային պետության վերացումից հետո անկախացած երկրի մարդիկ երանի էին տալիս իրենց նախորդ կյանքին: Տխուր է, իհարկե, նման համեմատություն լսելը՝ էլ չեմ խոսում անելու մասին, բայց իրականությունից փախչել հնարավոր չէ: Հանրային հեռուստատեսությունից բացի տեղեկատվական այլ աղբյուրներին հետևող մարդիկ կարող են հիշել բազմաթիվ երևույթներ, որ պետք է փոփոխվեին դեպի լավը, սակայն կա՛մ մնացել են նույնը, կա՛մ էլ ավելի են վատացել: Նախկինների օրոք տեղական ընտրություններում, օրինակ, կարող էին հաղթանակել ոչ միայն իշխող հանրապետական, այլև նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Այսօր դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ, քանի որ նման դեպքերում կա՛մ շահող թեկնածուները, որոնք քաղպայմանագրից չեն, հայտնվում են զնդաններում և կա՛մ ամեն ինչ արվում է ընտրությունը չեղյալ հայտարարելու և նորը նշանակելու համար: Իսկ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մեզանում՝ ավագանու, ընտրությունը որևէ բնակավայրի բնակիչների համընդհանուր իրավունքն է: Համընդհանուր ասելով նկատի ունեմ տվյալ բնակավայրի բնակիչ, սակայն երկրի քաղաքացի չհանդիսացող անձի ընտրելու իրավունքը:

Անցնենք արտաքին քաղաքականությանը, որն արդեն պետության հիմնական գործառույթներից մեկն է: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը ոչ միայն պատերազմի առումով էր պատուհաս (դա որոշեցինք չդիտարկել), այլև դիվանագիտական: Պրահայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խաղաղության պայմանագիր կոչվածի ամերիկյան տարբերակին էր համաձայն, հետո Մոսկվայում համաձայնություն տվեց ռուսականին: Չմոռանալով ասել, որ ռուսականին վաղուց էր համաձայն, ինչն, իհարկե, սուտ էր: Իսկ սուտը նրա սնունդն է՝ նյութական կամ չակերտավոր հոգևոր: Այնուհետև Ֆրանկաֆոնիահի շրջանակում Թունիսում կրկին հանդիպում է Միշելին ու կրկին պարզվում է, որ համաձայն է Պրահայի համաձայնագրին:

Շուտով ՌԴ նախագահ Վլ. Պուտինը կգա Երևան, ու նորից այդ անձը համաձայն կլինի ռուսական տարբերակին: Որքան հասկանում եմ, դրան թվում է, թե Արևմուտքին ու ՌԴ-ին մատների վրա է խաղացնում՝ առանց հասկանալու, որ ինքն այն անձը չէ, որ աշխարհի հզորներին խաղացնի: Ու մի օր կտեսնի, որ այդ խաղն ավարտվել է հերթական պատերազմով ու ավելի մեծ պարտությամբ: Ի դժբախություն մեզ, սակայն ոչ իր առումով: Որպես դրա հաստատում հիշատակեմ այն փաստը, որ անգլերենի իր ուսուցչուհին, որ նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, վաշինգտոնյան հանդիպումներից մեկում ցուցադրաբար գնում նստում է Ուկրաինայի դեսպանի կողքը: Եթե Հայաստանը՝ էլ չեմ խոսում Արցախի մասին, կախված չլիներ Ռուսաստանից, ապա դրա անգլերենի ուսուցչուհին կարող էր իրեն թույլ տալ նստելու ում կողքին ցանկանար: Թեկուզ սատանայի: Ի դեպ, ժամանակին ինքն էր քննադատում նախկիններին ոչ պրոֆեսիոնալ անձանց դեսպան նշանակելու համար, իսկ այսօր ինքն է դեսպան նշանակում ուսուցչուհու մակարդակից չբարձրացած անձին: