60 միլիոն եվրո վարկ՝ Ասիական զարգացման բանկից․ ի՞նչ ճանապարհ են փորձելու կառուցել

 60 միլիոն եվրո վարկ՝ Ասիական զարգացման բանկից․ ի՞նչ ճանապարհ են փորձելու կառուցել

Երևանի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար 60 մլն եվրո վարկը ՀՀ կառավարությունը հաստատեց այսօրվա նիստում։

ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27–ին։

Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027 թ. սեպտեմբերի 30–ին։ Վարկը պետք է մարվի մինչև 2028 թ. մարտի 31-ը:

«Համաձայնագրով կկառուցվի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը»,- նշված է համաձայնագրի մեջ:

Ճանապարհաշինության աշխատանքներն իրենց մեջ կներառեն Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցումը, որը կապահովի մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելիք 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջը, Արշակունյաց պողոտայում կառուցվելիք թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցը:

Հիմնական ճանապարհի երկարությունը կլինի 1,9 կմ: